02 Հուլիս 2013, 11:19
1905 |

«Արյան գնով» Հայաստան եկածը

Երկու անգամ էի տեսել Սարգիս Շիրինյանին, երկու անգամն էլ նույն վերնաշապիկով, որի վրա գրված էր Armenia: Բայց ինձ գրավողը վերնաշապիկը չէր, այլ նրա երիտասարդական խանդավառությունը:

Ակտիվ դիմախաղով, արագախոս Սարգիսը որը խոսելիս այնքան սահուն է հայերենից ռուսերեն ու հակառակն անցումներ անում, որ ենթադրել անգամ չես կարող' ծնվել է Դոնի Ռոստովի ամենամեծ հայկական գյուղում՝ Չալթրում: Նա սպորտային բժիշկ է, բայց միշտ հետաքրքրվել է հայոց պատմությամբ ու երազել վերադառնալ հայրենիք:

Ի վերջո, անցյալ տարի նրա երազանքն իրականացավ: Վաճառեց բնակարանը, Երևանում գնեց նորը, հավաքեց ամենակարևոր իրերն ու մեքենայով ճամփա ընկավ դեպի Հայաստան: Այժմ բնակվում է Երևանի նորակառույցներից մեկում, գրքեր գրում, կատուների արձանիկներ հավաքում, բայց սա արդեն լրիվ ուրիշ պատմություն է: Իսկ բժիշկ-գրողի ոդիսականը սկսվեց այսպես.«Դպրոցում շատ լավ էի հայոց լեզու սովորում, հիշում եմ՝ Երևանի համալսարանից հրավեր եկավ, որ երկու ուսանողի տեղ ունեն, այն էլ՝ անվճար: Ուսուցիչս ինձ առաջարկեց, ուրախությանս չափ ու սահման չկար, բայց հայրս չթողեց, այստեղ ազգականներ չունեինք», - հիշում է Սարգիս Շիրինյանը:

Սակայն այս հանգամանքը Սարգսին հետ չի կանգնեցնում իր մտադրությունից, ու նա որոշում է ամեն գնով, նույնիսկ' արյան, գալ Հայաստան, ու հենց արյան գնով էլ եկավ: «Երեք ամիսը մեկ 400 գրամ արյուն էի հանձնում, փող էի հավաքում, որ Հայաստան գամ, ու եկա: Չնայած ծնողներս դեմ էին, բայց չկարողացան ինձ հետ պահել»,- ասում է Սարգիսը:

Առաջին անգամ նա հայրենիք ոտք դրեց, երբ դեռ 19 տարեկան էր. «Մարտի հինգն էր, գնացքով էի գալիս: Երբ հեռվում երևաց Արարատը, աչքերս լցվեցին»:

Դրանից հետո նա ստիպված էր վերադառնալ և ծառայել բանակում: Բայց այդ տարիներից պատմագիտությունն ու Հայաստանը Սարգիս Շիրինյանին հանգիստ չեն տալիս՝ դառնալով իսկական երազանք: Նա որոշում է ևս մեկ անգամ իր բախտը փորձել ու բանակից փախնելով՝ գալիս է Հայաստան՝ ցանկանալով ընդունվել Բժշկական համալսարանի ռուսական բաժին, բայց քիմիայից ձախողվում է: «Հայաստան վերադառնալու միակ ձևը բժշկական հաստատություն ընդունվելն էր, որը հորս կամքն էր, բայց չստացվեց: Մինչև հիմա հիշում եմ՝ պատճառը քիմիական բանաձևերից մեկն էր՝ HClO2, որն այդ պահին այդպես էլ չհիշեցի»:
Այս ձախողումից հետո Սարգիսը վերադառնում է Ռոստով՝ բանակ, զորացրվելուց հետո, ընդունվում տեղի Բժշկական համալսարան, որն ավարտելուց հետո տեղափոխվում Մոսկվա, որտեղ և սկսում է նրա՝ սպորտային բժշկի կարիերան: Այս ընթացքում մեր հերոսն աշխատում է բազմաթիվ հայտնի սպորտսմենների հետ՝ Տատյանա Տարասովա, Միկի Ռուրկ, բայց չի մոռանում իր վաղեմի երազանքի մասին:

«Թոշակի անցնելուց հետո որոշեցի, որ պետք է վերադառնամ Հայաստան ու գիրք գրեմ: Գրեցի « Համաշխարհային պատմության 600 հայերը» գիրքը: Այն միանգամից վաճառվեց թե Ռոստովում, թե այստեղ: Գրքում ներկայացնում եմ վեց հարյուր հայի անուն, որոնք իրենց դերն են ունեցել մեր և համաշխարհաին պատմության մեջ»:

Գիրքը գրելիս Սարգիս Շիրինյանն օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, որոնք հիմնականում արտասահմանցի գրողների գործեր են հայերի մասին: Սարգիսը երջանիկ է այստեղ, բայց խոստովանում է, որ միանգամից չհարմարվեց, որ շատ բացասական ու ցավալի բաներ է նկատում, որոնք առաջ չկային: Խոսելով այդ ամենի մասին' անհնար էր չնկատել, թե ինչպես այս մարդու' մինչ այդ հանդարտ դեմքը միանգամից ջղաձգվեց, նա իսկապես ցավ էր ապրում: «Հայ ազգը շատ է փոխվել, մարդիկ չեն սիրում իրենց հայրենիքը, մանավանդ, երիտասարդները, փախչում-գնում են: Պետք է անընդհատ կոչ անել, գոռալ, որ մնան, որ սա նոր պետություն է, ու ամեն ինչ դեռ առջևում է»: Այս մարդու լավատեսությամբ հիացած, շարունակում էի լսել նրա բոցաշունչ խոսքը: Մյուս երևույթը, որն անհանգստացնում է Սարգիս Շիրինյանին, քաղաքի աղտոտվածությունն է: «Վերջերս ինչ-որ երիտասարդներ քաղաքից դուրս էին հրավիրել, փոքրիկ լիճ էր, հրաշալի բնություն, հենց խորացա անտառի մեջ' սարսափեցի, շուրջ բոլորը աղբ ու ինչ-որ թափոններ: Չդիմացա, սկսեցի հավաքել ինչքան կարողացա ու խնդրեցի նրանց տոպրակները դնել մեքենաները ու թափել ճանապարհին հանդիպող աղբամաններում: Նրանք չարեցին ասածս….»:

Հետո լռություն տիրեց, կարծես քաղաքի կեղտն էր կուտակվել նրա կոկորդում ու ուզում էր խեղդել: Որոշ ժամանակ անց Սարգիսն էլի ժպտում էր ու խոսում այն ամենի մասին, ինչը հավանում է. օրինակ, սպասարկման ոլորտի աշխատողների բարեհամբույր լինելը:

Ճիշտ ժամանակն էր մի քիչ էլ խոսել Ռոստովի հայության մասին: Սարգիսն ասում է, որ այնտեղ նոր գնացած հայերին առանձնապես չեն սիրում և դա ունի իր բացատրությունը: «Էստեղից գնացող հայերը սկսում են լացել՝ մենք աղքատ ենք, մենք փող չունենք, բայց երկու տարի հետո տեսնում ես երկու հարկանի տուն է սարքել: Շատ են խաբում, օրինապահ չեն, հերթ կանգնել չգիտեն, իսկ դա Ռոստովի հայերին դուր չի գալիս»,- խոստովանում է Սարգիսը:

Այժմ Սարգիս Շիրինյանը երկրորդ գրքի վրա է աշխատում: Նա մտադիր է ներկայացնել հայկական բրենդները' երևույթներ, որոնք պատկանում են հայերիս ու որոնցով հարստացել է նաև աշխարհը: Ի դեպ, այդ բրենդների մեջ կարելի է ներառել նաև հայկական կոմպոտը: Մեզ բախտ վիճակվեց համտեսել հենց Սարգիսի ձեռքով պատրաստած հոնի կոմպոտը:

Այս թեմայով