06 Ապրիլ 2014, 10:26
2108 |

Արարատի մոգական քաղաքը

Արարատ Մինասյանը գեղանկարչության մեջ պատահական մարդ չէ: Արդեն հինգ տարեկանում ձեռքը վերցրեց վրձինն ու այդ օրից ի վեր երբևէ չուրացավ իր ընտրությունը: Եվ դա այն դեպքում, երբ Արարատը բավականին երկար ժամանակ դաշնամուր է նվագել: Բայց երկու արվեստների պայքարում երաժշտությունը պարտություն կրեց՝ ստանալով հոբբիի համեստ կարգավիճակը: Իսկ դրա հետևանքը դարձավ այն, որ բացի մեզ բոլորիս ծանոթ Երևանից ունենք Արարատ Մինասյանի յուրահատուկ, մոգական քաղաքը, որն ապրում է նրա կտավներում:

Արարատը ծնվել է Երևանում, ավարտել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա՝ գեղանկարչության ֆակուլտետ: Բայց մանկությունը նա անցկացրել է Հրազդան քաղաքում, որտեղ ընկերացել է տեղի նկարչի հետ, այցելել նրա արվեստանոցը, փոխառել տեխնիկան, վարպետությունը, շատ նկարել ու աշխատել սեփական տեխնիկայի մշակման վրա: Այսօր Հայաստանի Նկարիչների միության երիտասարդ անդամ Արարատ Մինասյանը ամենավառ ու հեռանկարային նկարիչներից է: Նրան հաջողվել է մշակել ստեղծագործական մարդու համար ամենաբարդ երևույթներից մեկը՝ սեփական ոճը:

Արարատին անհնար է մեկ ոճի կամ ժանրի նկարիչ անվանել: Նրա աշխատանքները շատ հաճախ արտացոլում են հեղինակի ներքին աշխարհը, նրա տրամադրությունը: Դա կարելի է անվանել հոգեվիճակի յուրօրինակ ոճավորում կտավի վրա: Բայց դրա հետ մեկտեղ քիչ չեն այն դեպքերը, երբ Արարատն իր աշխատանքներում հստակ ուղերձ է նախանշում, երբեմն՝ աննկատ քաղաքական կամ սոցիալական ենթատեքստ: Օրինակ՝ «XXI դար» կտավը պատկերում է քաղաքը՝ կախված պոլիէթիլենային տոպրակի մեջ: «Երբ ինձ հարցնում են, թե ինչ ժանրում եմ նկարում, ես չեմ կարողանում միանգամից պատասխանել: Ասում են, որ ինձ մոտ գերակշռում է միստիկ ռեալիզմը, էքսպրեսիոնիզմը: Բայց ես այդ պայմանականություններին նշանակություն չեմ տալիս: Կարևորը գաղափարն է, միտքն ու կատարումը, իսկ թե ինչպես այն կանվանեն մարդիկ, արդեն երկրորդական է»:

Արարատի ստեղծագործության մեջ առանձին տեղ է զբաղեցնում Երևանն ու ընդհանրապես քաղաքը: «Քաղաքը գազան է, որը սնվում է մարդու էներգիայով: Քաղաքը ձգում է, հիպնոսացնում մեզ: Ի տարբերություն գյուղի, որտեղ մարդն իրեն ավելի ներդաշնակ է զգում, քաղաքը, չգիտես ինչու, գրավիչ միջավայր է: Եվ անգամ հասկանալով այդ ամենը՝ ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց Երևանի: Քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը կարծես հանգամանալից ուսումնասիրության կարիք ունենա: Ընդ որում՝ ինձ գրավում են քաղաքի առավել աննկատ հատվածները: Ես սիրում եմ նայել Երևանին անսպասելի անկյուններից»:

Մի անգամ Արարատը գնաց Հյուսիսային պողոտա՝ իր հետ վերցնելով մետաղե գունդ: Մետաղի վրա արտացոլված երևանյան նորակառույցներն ու երկինքը լուսանկարվեցին, ապա՝ նկարվեցին: Այդպես Արարատը փորձարկումներ է կատարում իրականության հետ: Արդյունքում ստացվեց ևս մեկ բացառիկ Երևան՝ նրա մեկնաբանությամբ: Նրա ոչ մեծ տնային արվեստանոցում տեղ գտած բազմաթիվ աշխատանքներում ես հանկարծ նկատեցի մի տարօրինակ առանձնահատկություն: Արարատի կտավներից ոչ մեկում չկար նրա անվանակից լեռան պատկերը: Դա տարօրինակ էր հայ, այն էլ նման անուն կրող նկարչի համար: Իմ հարցուփորձերին ի պատասխան Արարատը կատակում էր, ըստ ամենայնի, ինքն էլ չունենալով որևէ տրամաբանական բացատրություն...

29-ամյա նկարչի կտավներն արդեն հասցրել են ցուցադրվել Փարիզի, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Վենետիկի պատկերասրահներում ու ցուցասրահներում, իսկ ապրիլի ընթացքում նրա աշխատանքները կներկայացվեն Ստամբուլում: «Ես դրանում յուրօրինակ խորհրդանիշ եմ տեսնում,- վստահ է Արարատը:- Այն օրերին, երբ ամբողջ հայությունը հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայ նկարչի կտավները ցուցադրվելու են հենց Թուրքիայում: Ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում դրանում, պարզապես դա ևս մեկ առիթ է՝ պատմելու, որ հայերը վերապրել են, շարունակում են ապրել և ստեղծագործել»:

Այս թեմայով