21 Հունվար 2014, 15:30
3095 |

Լուռ նկարչի ճիչը

Տարիներ առաջ Երևանի կենտրոնի շենքերից մեկի բնակիչներն առավոտյան արթնանում են ու տեսնում՝ շքամուտքից մինչև երրորդ հարկ, պատերին մեծ-մեծ տառերով գրված է՝ «Վարուժան, ես քեզ սիրում եմ»։ Վարուժանն, իհարկե, տեսնելուն պես պատերից ջնջում է ոմն կնոջ սիրո խոստովանությունը, իսկ ընտանիքը՝ կինն ու դուստրերը, ըմբռնումով են մոտենում կատարվածին։ Առաջին դեպքը չէր, որ Վարուժանին անմնացորդ սիրահարվում ու չէին թաքցնում սիրո անսանձ պոռթկումները։

Վարուժան Վարդանյանին հիշում ու ճանաչում են նախորդ դարի 70-80-ականների արվեստի բոհեմական հրավառությունից՝ Մինաս Ավետիսյան, Հրանտ Մաթևոսյան, Զորայր Խալափյան, Վարուժան Վարդանյան։ Բնատուր կոչումով արվեստագետների մի սերունդ, որն իր հետ տարավ Երևանի կոլորիտի, կտավի ու ներկերի համն ու հոտը։

Նկարչի բնակարանի զանգի կոճակի տակ գրված է «Վարուժան Վարդանյան»։ Կինը՝ տիկին Ռուզանը, առանձին գորովանքով է նկատում. «Վարուժանն իր ձեռքով է գրել, մեր դուռը շփոթել չեք կարող»։ Բնակարանում նկարչի հատուկենտ կտավներն են կախված։ Բոլոր աշխատանքներն արվեստանոցում են, որը վաղուց վերանորոգման կարիք ունի, իսկ նկարներն ամեն րոպե վտանգի տակ են։ «Նա աշխատում էր անդադար. չէր պատկերացնում իրեն առանց երանգապնակի ու նկարակալի։ Դա նրա էությունն էր։ Բայց մահից մոտ 5 տարի առաջ չէր ուզում վրձինը ձեռքն առնել։ Ծանր դեպրեսիա էր ապրում։ Նայում էր իր նկարներին, հուզվում։ Մինչդեռ Վարուժանն իր ամեն կտավի վերջին վրձնահարվածը ընկերական մեծ կերուխումով էր նշում. հավաքվում էին Մինասը, Հենրիկ Իգիթյանը, Հրանտ Մաթևոսյանը, կոմպոզիտորներ, արվեստի քննադատներ, թունդ խմում նոր նկարի պատվին։ Արվեստով, արվեստաբանական քննարկումներով լի ի՜նչ գիշերներով են արժեվորվել Վարուժանի ու ոչ միայն նրա նկարները։ Ավանդույթ էր. գրող, թե նկարիչ, ստեղծագործություններն ավարտելուն պես կանչում էին ընկերներին՝ գնահատելու ու խմելու։

Այդ միջավայրում է ձևավորվել Վարուժան Վարդանյանի դուստրերի աշխարհայացքը։ Հայրը նրանց երբեք չի ստիպել շարունակել իր արվեստը, բայց արվեստի հարգը գիտակցելը զավակները կամա, թե ակամա են որդեգրել։ «Առաջնորդվել միայն սեփական կարծիքով ու սկզբունքներով, իրադարձությունները վերլուծել առողջ դատողությամբ, ամեն ինչի խորքը տեսնել հայրս է սովորեցրել։ Նրանից ժառանգել եմ նաև դեպրեսիաներին շուտ անձնատուր լինելու հատկությունը։ Չէր հանդուրժում արվեստն առուծախի վերածելու մոլուցքը, որ 1990-ականներից հետո սովորական էր դարձել։ Իսկ ինքն ունեցածը բաժանում էր, նկարում էր ու նվիրում անշահախնդիր։ Լռակյաց էր դարձել, ինքնամփոփ. հենց դրանից էինք շատ վախենում։ Կյանքի մեջ այլևս իմաստ չէր տեսնում»։

Վարուժան Վարդանյանը վախճանվեց 2011-ին։ Այս տարի 65 կդառնար։ Նկարելուց բացի նաև գրում էր։ Իր դիտարկումներն ուներ՝ հումորով, սարկազմով լի։ Ինչպես նկարելիս էր որսում խառնվածքին բնորոշ գծերը, այդպես էլ գրելիս ընդգծում էր ասելիքի ենթատեքստը, «հերոսի» հերոսական կողմերը։ Անտիպ գրվածքներ շատ ունի. կինն ու դուստրերը մտադիր են հրատարակել ու ընթերցողին հանձնել նրա գրական մտքերը։ Արմատներով սասունցի՝ ժառանգել էր պապերին բնորոշ կամային հատկանիշներ, առաջին հերթին՝ առնական տեսք։ Դրանից է, որ կանայք չէին դիմանում նրա գրավչությանը, իսկ իր կինը գիտեր, որ ամուսինն ուղղակի անմեղ մեղավոր է. «Ամբողջ կյանքում տարերքի մեջ է եղել, արել այն, ինչ սիրտն է թելադրել, ապրել զգացմունքների աշխարհում՝ արվեստի անկանոն կանոններով։ Ասում էր՝ ամեն մարդ պիտի իր երամի մեջ ապրի։ Վարուժանի երամը ցրվեց, ոչնչացավ, նա դատարկություն զգաց հատկապես Մինասի մահից հետո։ Աներևույթ կապ կար նրանց միջև, այնքան ուժեղ, որ շատերը նրան ու Մինասին մեկ ամբողջություն էին ընկալում։

Աշխատում էր ոգևորված. կտավն ավարտում էր ու շրջում դեպի պատը։ Ահագին ժամանակ էր անցնում, նորից էր նայում ու զարմանում՝ էս ո՞նց եմ նկարել, էլ չեմ կարող այսպես նկարել։ Այդպես տասնամյակներ շարունակ իր արվեստանոց-ամրոցում Վարուժան Վարդանյանը պարփակվեց գույների, պատկերների, հույզերի ու խոհերի իր աշխարհում ու զգացածը կտավին վրձնեց։ «Վրձիններ» էսսեում գրել էր. «Նկարչությունը չի գոռում, չի ճչում, նույնիսկ չի շշնջում։ Այն արվեստներից ամենալուռն է… Եվ գուցե այդ լռությունն է պատճառը, որ արվեստանոց մտնելիս բղավում եմ՝ ա՜, ա՜, ա՜։ Ահա իմ թռիչքը, իմ կատաղի, վայրագ, կրքոտ ճիչն առ նկարչության լռությունը, դեպի կտավների համր, անտարբեր կեցվածքը»։

Այդ լռությունն արդեն 2 տարի քարացել է Վարուժան Վարդանյանի արվեստանոցում, այդ լռությունից այլևս նկարներ չեն ծնվում։ Բարդ, հախուռն, բոհեմական կյանքից հետո արվեստանոցի խունացած պատերը մշտնջենական դադարի մեջ են։ Նկարիչը կանխավ տեսել է իր արվեստանոցն իրենից հետո. «Արվեստանոցները մեռնում են նկարիչների հետ։ Վերածվում են դատարկ սրահների, որոնցից դուրս է եկել ոգին, դուրս է եկել նրանց իմաստավորող ու շնչավորող էներգիան։ Մեռնում են նաև վրձինները՝ վերածվելով փայտի, մետաղի, մազախրձի… »։

Այս թեմայով