10 Մարտ 2014, 15:20
2449 |

Շատ ուրիշ Երևանը

Եթե ինքնուս նկարիչ Ռուբիկ Մկրտչյանը մի օր ակամա ձեռքը չվերցներ թուղթն ու գունավոր մատիտները՝ շարունակ փորձելով հագեցնել նկարելու անսպառ ցանկությունը, գուցե այսօր միայն արխիվների մութ անկյուններում փոշոտվող սև-սպիտակ լուսանկարները մեզ հուշ մնային տասնամյակների վաղեմության Երևանի մասին:

Երբ չկար Կարապի լիճը
Ութսունամյա Ռուբիկ Մկրտչյանը դեռ մանուկ հասակում իր պատկերացումները հանձնում էր ձեռքի տակ եղած թղթի կտորներին ու ծխախոտի տուփերին: Դրա հետ էլ հասցնում էր չարաճճիություն անել, բարձրանալ քաղաքի ամենաբարձր կետերն ու մտքում պահել երևանյան այնպիսի տեսարաններ, որոնք այսօր միայն նրա գեղանկարներում կարելի է տեսնել: Ինքնուս նկարիչն իր հիշողությունները պատկերում է պարզ գեղանկարչական լեզվով՝ մի կողմ դնելով լուսաստվերի, հորինվածքի, սիմետրիայի ու հավասարակշռության վերաբերյալ բոլոր չափանիշներն ու կանոնները: Բայց պրիմիտիվիզմին հարող նկարներն իրականում այնքան պարզամիտ չեն, որքան անկեղծ ու մատչելի՝ ինչպես նկարողին, այնպես էլ դիտողին: «Իմ մանկության հուշերն եմ հիմնականում նկարում, Երևանում եմ ծնվել, մեծացել, իսկ իմ մանկության Երևանը շա՜տ ուրիշ էր: Հիմա այնքան է փոխվել, որ հազիվ ես ճանաչում», — պատմում է նկարիչը, բայց չի վրդովվում: Օր օրի փոխվող քաղաքը նորանոր կտավներ ստեղծելու առիթ է տալիս, բայց երբեք մոռացնել չի տալիս հարազատ քաղաքի մասին փայփայված հիշողությունները: «Հիմա մի կտավի վրա եմ աշխատում, որտեղ Օպերայի շենքի շրջակայքն է՝ այն ժամանակ դեռ լիճը չկար, իսկ Տերյան ու Թումանյան փողոցների մայթերի տեղում սեփական փոքրիկ հողաշեն տներ էին: Այդ տների շարքում մի կրպակ կար, որտեղ ոգելից խմիչք էին վաճառում, Հրաչյա Ներսիսյանն էր այդտեղ հաճախ գնում՝ մի «հիսուն-հիսուն» խմելու: Հետո մի ձեռքը հենում էր մեջքին, մյուսով մուշտուկն էր բռնում ու իջնում էր մինչև Մայր թատրոն: Իսկ ես իրեն շատ էի սիրում, մեկ-մեկ ես էլ էի հետն իջնում», — հիշում է նկարիչը:

Ոստիկանը՝ Ռոդենի փոխարեն
Մկրտչյանը յոթ տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական պատերազմը: Ընտանիքում հինգ երեխա էին, և շատ շուտով նա ստիպված եղավ կիսատ թողնել անգամ տարրական ուսումը, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին: Սկսեց ջուր վաճառել հին շուկայում, որի տեղում 1974-ին կառուցվեց «Ռոսիա» կինոթատրոնը, որն էլ իր հերթին այսօր տոնավաճառի է վերածվել: Այդ շուկան Ռուբիկը պատկերել է բոլորովին վերջերս՝ 2011-ին:

Նկարչի հին երևանյան տեսարաններում հատկապես աչքի են զարնում ու ջերմ հիշողություններ արթնացնում փողոցներով երթևեկող տրամվայներն ու ձիակառքերը:

Ահա Մաշտոցի պողոտան է, որի վերևի ձախ անկյունում Երվանդ Քոչարի տուն-թանգարանն է այսօր, իսկ վերևի աջ շենքում ժամանակին ապրում էր Հրաչյա Ներսիսյանը: Խաչմերուկի կենտրոնում այն ժամանակ դեռևս ոստիկանի փոքրիկ հարթակն էր, իսկ այսօր Ռոդենի հեղինակած արձանն է. ու չգիտես, թե որն էր ավելի լավ: :

«Լավ տղերքն» ու Շարժումը
Ռուբիկ Մկրտչյանի երևանյան հիշողություններում առանձին տեղ ունեն 1988-ի արցախյան շարժման տեսարանները: «Ազատության հրապարակում հավաքվում էին ցուցարարները՝ դրոշներով, զինանշաններով, կարգախոսներով պաստառներով, առջևում մահապարտներն են, իսկ վերևի աջ անկյունում հասարակաց տուն եմ նկարել, որտեղ «լավ տղերքը» զվարճանում են, մինչ լուծվում է երկրի ապագայի հարցը: Իսկ Թումանյանի ու Սպենդիարովի արձանների տակ մեծ, վրանի պես ծածկեր էին ամրացնում, և մարդիկ գիշերն այդտեղ էին մնում: Մատենադարանի դիմացի հարթակում էլ ցուցարարների առջև Վազգեն Առաջինն է, կողքին՝ Սիլվա Կապուտիկյանը, մեր մյուս-մյուս մեծերը, Մատենադարանի ճակատին Սումգայիթի ջարդերի զոհերն են, — մեկնաբանում է նկարիչն ու հետ գնալով դեպի անցյալ՝ շարունակում. — Մենք կայարանի մոտ էինք ապրում երկար ժամանակ: Մի եռանկար ունեմ, որտեղ մեջտեղում Հին շուկան է, մի կողմում՝ կրկեսի շենքը, որ քանդեցին անցյալ տարի, մյուս կողմում էլ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտան է»:

Նկարչի արվեստանոցը
Նկարչի արվեստանոցը

Գյումրին
Ինքնուս նկարիչն անդրադառնում է նաև այլ թեմաների: «Ես մանկուց էլ սիրել եմ նկարել, բայց պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 1978-ից: Շատ եմ ազդվել Գյումրիի 1988-ի երկրաշարժից, դրան նվիրված աշխատանքներ ունեմ: Ինձ ամեն ինչն էլ հետաքրքրում է՝ նատյուրմորտից մինչև դիմանկար, ինքնանկարներ, ընտանեկան նկարներ ունեմ, բնանկարից մինչև քաղաքային տեսարաններ», — պատմում է նա:

Վերնիսաժի ցեցը
Ռուբիկ Մկրտչյանը նկարում է նաև այսօրվա Երևանը՝ ժամանակակից Հանրապետության հրապարակն ու «Առագաստ» սրճարանը գիշերով, Հաղթանակի կամուրջը: «Հուսամ՝ սրանք էլ մի քանի տարուց արդեն չհիշվող Երևան չեն դառնա: Ես 30 տարի է՝ նկարներս Վերնիսաժում եմ վաճառում, լրիվ Վերնիսաժի ցեց եմ դարձել, բայց ուզում եմ մյուս տարվանից դադար տալ: Այս տարի 80-ամյակս նշեցի, մի հինգ տարի կնկարեմ, նկարներ կհավաքվեն՝ հիմա գրեթե բոլոր լավ աշխատանքներս վաճառվել են, ու ցուցահանդես կանեմ 85-ամյակիս», — տասնամյակներ առաջ շուկայում ջուր վաճառող տղայի ժրաջանությամբ ու փայլփլող աչքերով իր ծրագրերի մասին է պատմում Երևանի նկարիչը:

«Հիշողություն», 2003
«Հիշողություն», 2003
 
«Առագաստ» սրճարանը», 1998
«Առագաստ» սրճարանը», 1998
 
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
 
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
 
«Պայքար», 1992
«Պայքար», 1992
 
«Հրապարակի շատրվանները», 2005
«Հրապարակի շատրվանները», 2005
 
«Պոռթկում», 1988
«Պոռթկում», 1988
 
«Տրնդեզ», 2002
«Տրնդեզ», 2002
 
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983

 «ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով