11 Մարտ 2014, 09:41
1527 |

Պատրիցիա Կասը՝ Պիաֆին ու հայերին

Մարտի 9-ի երևանյան երեկոն նշանավորվեց ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիցիա Կասի մենահամերգով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմից երգչուհին հնչեցրեց ֆրանսիական շանսոնի լեգենդ Էդիտ Պիաֆի սիրված երգերն ու իր երգացանկի հայտնի ստեղծագործությունները: Կասի ելույթին երկար սպասած լեփ-լեցուն դահլիճը չհիասթափվեց:

Չնայած իր՝ արդեն ոչ երիտասարդ տարիքին, Պատրիցիա Կասի կայտառությունը, ոգևորությունն ու ֆրանսիական սեթևեթանքն անպակաս էին: Փարիզյան բոհեմի փայլով շլացնող երեկոյան զգեստներից ու բարձրակրունկներից հետո նա նույն հաջողությամբ շարունակում էր կատարումները անշուք թիկնոցով և ոտաբոբիկ:

Երգն առաջին իսկ հնչյուններից ճանաչող հանդիսատեսն առիթը բաց չէր թողնում՝ ևս մեկ անգամ ծափահարելու ու հարգանքի տուրքը մատուցելու երգչուհու տաղանդին ու յուրահատուկ ձայնին: «Հայ հանդիսատեսն իսկապես շատ ջերմ ընդունեց ինձ: Հաճելի էր, մանավանդ արդեն երկար ժամանակ է, ինչ ուզում էի այցելել Հայաստան»,- անկեղծացավ երգչուհին համերգից հետո: Նրա խոսքով՝ իր համար շատ կարևոր էր հանդիսատեսի հետ կիսել իր սերը ֆրանսիական երգի ու անկրկնելի Պիաֆի հանդեպ: Ի դեպ՝ Պատրիսիա Կասի համերգով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը:

Համերգը տեղի էր ունեցել Էդիտ Պիաֆի մահվան 50-րդ տարելիցին նվիրված հյուրախաղերի շրջանակում, որը կավարտվի այս տարի մայիսին: Երգչուհին հույս է հայտնել, որ հաջորդ համերգաշրջանի ընթացքում կկարողանա կրկին ներկայանալ հայաստանյան բեմում՝ կատարելով փոփ երաժշտության ու ջազի յուրօրինակ խառնուրդ դարձած երգերը՝ համեմված ֆրանսուհու նրբագեղությամբ և զգացմունքայնությամբ: Պատրիցիա Կասի այցը և համերգը հնարավոր դարձան Երևանյան հեռանկարներ փառատոնի, ՀՀ ԱԳ նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան շնորհիվ և Երևանի Կոնյակի գործարանի հովանավորչությամբ:

Այս թեմայով