16 Հունիս 2013, 15:34
1743 |

Ներսում` Նարեկացի, դրսում` Դոլինա

Բացման համերգի հանդիսատեսի շարքերում արվեստի գիտակներ էին, որոնց համար շշուկով մի երկու բառ փոխանակելն աններելի արհամարհանք կդիտվեր ելույթ ունեցողի նկատմամբ։ Անգամ փռշտալու համար դահլիճից դուրս էին ելնում. բջջայիններն անջատելու մասին այս հանդիսատեսին անհարմար էր անգամ զգուշացնել։

Օրը երեկոյացավ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից այգում ժամանցային խլրտոց սկսվեց։ Մոտակա սրճարանում «դարանակալած» Լարիսա Դոլինան հին ու նոր երգերի միքսերով, ձայնածավալի ամբողջ տարողությամբ աստիճանաբար կուլ տվեց այգին։ Կամերային երաժշտության համերգասրահի դռան բացվել-փակվելու հետ ռուսական սիրային երգի տողերն անխնա կոտրտվեցին։ Վերջապես դուռը փակվեց` Դոլինային անմնացորդ հանձնելով այգում զբոսնողներին ու սրճարանի հաճախորդներին։ Կամերայինի դահլիճում լույսերը վառվեցին, հանդիսատեսն իր տեղը զբաղեցրեց, ու բեմից հայտարարվեց «Նարեկացի» արվեստների փառատոնի մեկնարկը։

Ոչ ոք կանխավ պատկերացում չուներ` ինչ է սպասվում. փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, թեև ներկաներին բաժանված ծրագիրը ութօրյա բազմաժանր ու ճաշակով համերգային երեկոներ էր խոստանում։ Հունիսի 16-22-ը «Նարեկացի» արվեստների փառատոնը ներկայացնելու է հոգևոր, ժողովրդական, ազգային, ավանդական ու ակադեմիական-ավանգարդ երաժշտություն` կերպարվեստի ցուցահանդեսի ուղեկցությամբ։ Փառատոնը մտահղացել է հեղինակային երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, իրականացրել` «Նարեկացի» արվեստի կենտրոնը։ «Պաշտոնական մշակութային իրականության հակակշիռն է այս փառատոնը. իրականություն, որ ոչ մի կապ չունի իսկական արվեստի հետ։ Ուզում ենք` մարդիկ ճանաչեն այն զտարյուն արվեստագետներին, ովքեր հայ մշակույթն են ներկայացնում դրսում։ Պարզ է, որ շատերը չեն էլ ճանաչում նրանց։ Ինչպե՞ս ճանաչեն, եթե ոչ մի տեղ չեն երևում», - հիմնավորում է Վահան Արծրունին։ Բացման համերգը ծաղկաքաղ էր. ելույթ ունեցան փառատոնի ծրագրում ընդգրկված անսամբլներն ու անհատ-երաժիշտները։ Նրանց մասին տիտանական մեծության ազդագրեր երբեք ոչ մի տեղ չեք տեսնի, որպես կանոն, տեղական ցուցադրական շռնդալից համերգային ծրագրերում չեն ընդգրկվում։ Այս երգիչներն ու երաժիշտները ստեղծագործելու և ինքնադրսևորվելու իրենց կղզյակն ունեն` դուրս հայաստանյան, առավել ևս` երևանյան գլամուրային կյանքից։

Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլ, «Լույս» հնգյակ, «Օշական» եռյակ, «Նարեկացի» նվագախումբ. անգամ անունները հուշում են, որ նրանք զանգվածային մշակութային իրականության հետ օրգանական կամ անօրգանական որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Փոխարենը` եվրոպական մրցույթներում ոսկե մեդալներ են նվաճում, Նարեկացու, Շնորհալու, Կոմիտասի` իրենց մատուցմաբ հիացնում օտարներին։ Փառատոնի կազմակերպիչ Նարեկ Հարությունյանն առաջիկա օրերին որոշ բացահայտումներ է անելու. ինչպե՞ս կարձագանքի արվեստասերների այն մեկ տոկոսը, որի հույսով էլ կազմակերպվել է փառատոնը։ «Նարեկացին» մեր հասարակության արտացոլանքն է, տեսնենք` իսկապե՞ս մնացել է անխառն ու իսկական արվեստը գնահատող այդ մեկ տոկոսը։ Կամերային երաժշտության տան 300 տեղանոց դահլիճը կլցվի՞ հանդիսատեսով. սա մարտահրավեր է հենց մեզ», - սպասումները չթաքցրեց Նարեկ Հարությունյանը, որը նաև փառատոնի մասնակից է. առաջին անգամ ներկայացել է լուսանկարչական աշխատանքներով, ոճը` ֆոտոաուրա` իր հորինածը։ Պատմեց, որ հրավիրված է եղել մի համերգի։ Չի ընկալել կատարվող ռուսական գործերն ու փորձել է ֆոտոխցիկով որսալ իր համար անհասկանալի երաժշտությունը։ Ստացվել է կադր-շարժում` լի էներգիայով ու այդ պահի զգացողություններով։ Հաջորդ կադրերը շարունակել է նույն ոգով ու ոճով, արդյունքում` ֆոտոաուրայի հավաքածուն։

«Նարեկացի» արվեստների փառատոնը նախատեսել է նաև Վահագն Հայրապետյանի ու Արմեն Հյուսնունցի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի, Վահան Արծրունու, մի խումբ երիտասարդ երաժիշտների համերգները։ Բացման համերգի հանդիսատեսի շարքերում արվեստի գիտակներ էին, որոնց համար շշուկով մի երկու բառ փոխանակելն աններելի արհամարհանք կդիտվեր ելույթ ունեցողի նկատմամբ։ Անգամ փռշտալու համար դահլիճից դուրս էին ելնում. բջջայիններն անջատելու մասին այս հանդիսատեսին անհարմար էր անգամ զգուշացնել։

«Նարեկացի» արվեստների անդրանիկ փառատոնի հաջող մեկնարկը ոգևորեց շատերին` հատկապես անհանգիստ ու հուզված կազմակերպիչներին։ Միջնադարից մինչև ժամանակակից երաժշտության մշակումներ. երեկոյի երկացանկը բազմազան ու հատընտիր էր, բայց վերջացավ։ Հետո Կամերային երաժշտության տան դուռը նորից կրնկի վրա բացվեց. Դոլինան դեռ «դարանակալած» սպասում էր։ 

Այս թեմայով