22 Ապրիլ 2013, 16:13
1904 |

Յաննի շալախոն

Հայկական պարեղանակ' շալախո աշխարհահռչակ երաժիշտ Յաննի մենահամերգի ժամանակ։ Սա, իհարկե, չի ենթադրում Յաննի երգացանկի փոփոխություն։ Կատարումը հատուկ հայ հանդիսատեսի համար է՝ Սամվել Երվինյանի կատարմամբ։ Մարզահամերգային համալիրում Յաննիի մենահամերգը, ինչպես և խոստացել էր հույն երաժիշտը, լի էր հետաքրքիր անակնկալներով։ Սկզբից հայազգի ջութակահարի շալախոն էր, հետո ամերիկացի թմբկահար Չարլի Ադամսի հագուստը։ Ինչպես նախորդ համերգին, այս անգամ էլ նա յուրահատուկ էր. բեմ էր դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկով։

Յաննի անակնկալներն այսքանով չավարտվեցին, հանդիսատեսին ողջունելիս նա գրական հայերենով առանց ակցենտի ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ»։ Անակնկալը այնքան անսպասելի էր, որ ինքն էլ չկարողացավ զսպել ծիծաղը։ Ու խոստովանեց՝ հայազգի ջութակահար Սամվել Երվինյանի հայերենի դասերը լավ է սերտել։ Հայ հանդիսատեսը ևս առանց անակնկալի չթողեց երաժշտին։ Մի ամբողջ տրիբունա մեկ մարդու նման վանկարկում էին. «Yanni, I love you»։ Հույն երաժիշտն էլ չէր հապաղում ու ամեն անգամ պատասխանում էր՝ «I love you, too»։

Թե արդեն սիրված ու սպասված, և թե նոր կատարումները հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ, ծափահարությունները չէին դադարում ոչ մի վայրկյան։ Իսկ երբ սկսում էր նվագել Սամվել Եվրինյանը, դահլիճն ուղղակի թնդում էր։

Ամեն կատարումից առաջ Յաննին անդրադառնում էր դրա ստեղծման պատմությանը, որոշ դրվագներ պատմում իր կյանքից, շրջագայություններից: Դահլիճում մտերմիկ մթնոլորտ էր՝ յուրօրինակ երկխոսություն երաժշտի և հանդիսատեսի միջև: Երկուստեք սիրային զեղումներն ավարտվեցին խոստումներով՝ անպայման նորից կրկնել ժամադրությունը:

Այս թեմայով