23 Դեկտեմբեր 2013, 13:29
2155 |

Այս ձեռքերը

Մաեստրոն իր 85-ն էլ տոնեց բեմի վրա՝ հարազատ կապելլայի առաջ։ Երբ հարցնում ես. «Ինչպե՞ս եք, մաեստրո», ժպիտով պատասխանում է. «Կանայք ինձնից դեռ չեն բողոքում»։

1961-ից սկսած՝ ամեն օր մաեստրոն մտնում է փորձասենյակ, ուր նրա առաջ կազմ-պատրաստ կանգնած է ակադեմիական երգչախումբը։ Իր մասին ասում է, որ խստապահանջ է, բայց զիջող. «Իմ փորձերի ժամանակ՝ ոչ մի բացակայություն, փորձից հետո ուր ուզում եք, գնացեք»։ Հիշում է այն օրը, երբ Մոսկվայից եկավ Երևան, իսկ Սովետական Միության մայրաքաղաք գնացել էր Ստամբուլից. հրավեր էր ստացել՝ ղեկավարելու ռուսական նվագախմբերից մեկը։ Մոսկվայում տիկնոջ հետ մնաց ընդամենը 5 օր. չհավանեց, մանավանդ որ ռուսերեն ոչ մի բառ չգիտեր։ Պայմանագիրը չնայեց էլ՝ ինչքան գումար են առաջարկում, ինչ պայմաններ. 5-րդ օրն ուղիղ օդանավակայան։

Երևանում դիրիժորների մրցույթ էր անցկացվում։ Ստամբուլից Մոսկվայով Երևան եկած փորձառու խմբավարը, որ Թուրքիայում արդեն հռչակ ուներ, մրցույթում լավագույնն է ճանաչվում։ Հաջորդ իսկ օրը նորահայտ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ձեռքերը չափ են տալիս Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին։ Մաեստրոն հիշում է առաջին համերգը. Կոմիտաս-Եկմալյան, հետո՝ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան։

Կապելլան հայերնիքից դուրս 860 համերգ է ունեցել, երկացանկում ունի 1000 երգ։

Մաեստրո Չեքիջյանի աշխատասենյակի պատին մի գոբելեն է կախված, որ նվիրել է երկրպագուհիներից մեկը՝ սիրելի դիրիժորի 60-ամյակի առթիվ։ Նկարում մաեստրոյի՝ դիրիժորական փայտիկը բռնած ձեռքերն են։ «Դիրիժորի ձեռքերը պիտի 60 տարեկանից էլ մեծ լինեն, որպեսզի հավատ ներշնչեն թե՛ բեմին, թե՛ դահլիճին»,- նկարին նայելով՝ ասաց մաեստրոն։

Աշխարհի 56 նվագախումբ է ղեկավարել. շատ անգամ է օտար երկրներից մշտական բնակության ու գերազանց պայմաններով աշխատանքային հրավերներ ստացել, բայց մտքով էլ չի անցել Հայաստանից հեռանալ։ Նրա ձեռքը սեղմել են Շոստակովիչը, Մրավինսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը։

Երջանիկ պատահականություն է համարում Թուրքիայից Հայաստան գալը։ Չի ուզում հիշել Ստամբուլում անցած մանկությունն ու երիտասարդությունը. «Ի՞նչ մի հիշելու բան է։ Օտարներով շրջապատված՝ այն էլ՝ թուրքերով։ Բան չունեմ ասելու. իմ արվեստին մեծ տեղ են տվել այդ երկրում. «Չեքիջյան» երգչախմբի, Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն եմ եղել, բայց դե Թուրքիան հայի համար ապրելու տեղ չի, չէ՜»։

Հայրը Կոմիտասի երգչախմբում է երգել։ Վարդապետը շատ է եղել իրենց տանը. «Պինդ, առողջ մարդ էր Կոմիտասը։ Հայրս պատմում էր, որ մեր տանը բաց պատուհանի տակ էր քնում՝ ծածկված մի հատիկ սավանով։ Առավոտյան արթնանում էր, սավանի վրայից ձյունը թափ տալիս ու վեր կենում անկողնուց»։

Ինչպես ամեն հոբելյանական տարեդարձին, մաեստրոն իր 85-ն էլ տոնեց բեմի վրա՝ հարազատ կապելլայի առաջ։ Երբ հարցնում ես. «Ինչպե՞ս եք, մաեստրո», ժպիտով պատասխանում է. «Կանայք ինձնից դեռ չեն բողոքում»։

Այս թեմայով