13 Դեկտեմբեր 2013, 09:33
1907 |

Դերասաններին հանող-հագցնողները

Զգեստավորող, հանդերձապահ, ռեկվիզիտոր, կոստյումեր կամ բոլորը՝ միասին: Հիմնականում նրանց անուններն ազդագրերին չեն հայտնվում, բեմից նրանց հատուկ շնորհակալություն չեն ասում, բայց թատրոնում բոլորը գիտեն՝ առանց նրանց ամենահաջողված ներկայացումն անգամ հանդիսատեսի դատին չի հանձնվի: Նրանք տարբեր՝ հիմնականում թատրոնին չառնչվող մասնագիտություններ ունեն, դերասան դառնալու ցանկություն գրեթե երբեք չեն ունեցել, բայց տարբեր ճանապարհներով հայտնվել են թատրոնում, ու հիմա ոչ մի կերպ նրանց թատրոնից «չես քշի»:

Շաքե Ախքաշյան. «Երբեմն հագուստները խառնվում են, ու սկսվում է պատերազմ»:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
1973-ից տիկնիկայինում եմ: Փոքրուց բակում երեխաների համար ճամբարներ, հանդեսներ էի կազմակերպում, երեկոյան ծնողներին հրավիրում դիտելու: Հիմա էլ տիկնիկներն ինձ համար ոնց որ մի աշխարհ լինեն:

Ներկայացման օրը մեկ ու կես ժամ առաջ գալիս եմ, տիկնիկներին նախապատրաստում, միաժամանակ ռեկվիզիտներն եմ տալիս: Արդեն 15 տարի բոլոր ներկայացումների համար տիկնիկներն իրենց զգեստներն ունեն, դրանք եմ կարգի բերում, դերասաններին հագցնում: Իրենց հավասար աշխատում եմ: Պատահել է, որ հյուրախաղերի ժամանակ դերասանի փոխարեն խաղացել եմ, անգամ՝ գլխավոր դերեր:

Եթե տիկնիկի աչքը պոկված լինի, կամ մեխանիզացիան չաշխատի ու մենք էլ նկատած չլինենք, դերասանը փաստի առաջ է կանգնում:

Մեր դերասանները քմահաճ չեն, չեն ասի՝ էս շորը հագնում եմ, էս մեկը չեմ հագնում: Բայց երբեմն ներկայացումից հետո բոլորը հոգնած են լինում, շորերը հավաքելուց անունները խառնում ենք, ու հետո սկսվում է պատերազմ: Բայց դրանք աննշան բաներ են, կարևորը՝ սերը, ջերմ մթնոլորտը կա:


Օվսաննա Համբարձումյան. «Սպարտակ»-ի ժամանակ իրենք բեմում պարում են, ես՝ աստիճաններով վազվզում»:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ավելի քան 30 տարի՝ օպերայում եմ: Աշխատել եմ մեր բոլոր մեծությունների հետ՝ Էդգար Հովհաննիսյան, Գոհար Գասպարյան, Գոհար Գալաճյան, Տիգրան Լևոնյան, Միհրան Երկաթ, ով էլ ինձ բերել է թատրոն: Գոհար Գասպարյանն, օրինակ, շատ սիրում էր կարել-ձևել, համեղ ուտեստներ պատրաստել: Մեզ էլ էր սովորեցնում:

Էստեղ աշխատելու համար պետք է հոգով բարի լինես, որ կարողանաս բոլորի հետ շփվել: Թատրոնը մեծ տուն է. ինչպես մարդ կպատրաստվի ընտանեկան մեծ խնջույքի, այդպես էլ մենք պատրաստվում ենք ներկայացումներին՝ մեծ պատասխանատվությամբ, սիրով, հարգանքով: Բոլորս իրար օգնում ենք:

Դերասանը բեմ է դուրս գալիս, ու հանդիսատեսի աչքերը հերիք են, որ հուզվի, ապրումներ ունենա: Մենք էլ կարծես նրանց պահպանում ենք: «Սպարտակ»-ի ժամանակ իրենք բեմում պարում են, ես աստիճաններով վազվզում եմ:

Էստեղի աշխատողը պետք է լավ հիշողություն ունենա: Եթե էստեղ չեն լինում երգիչները, հագուստները դասավորելիս ասում ենք՝ այ դու չարաճճի, շորդ էսպես ես արել: Բոլոր շորերի հետ ինքնաբերաբար խոսում ենք: Բեմական փորձերի ժամանակ նայում ենք՝ ինչ կա ուղղելու, գուցե մեկի կառուցվածքը մի քիչ փոխվել է՝ գիրացել կամ նիհարել է, չնայած իրենք չեն սիրում երբ այս բառերն օգտագործում ենք: Պետք է շատ ուշադիր լինենք: Օրինակ, եթե «Օթելլո» բալետը գնա, ու Դեզդեմոնայի թաշկինակը չլինի, մի ահավոր բան կստացվի:


Ղազարյան Ռուզաննա. «Երկուշաբթի, երբ թատրոն չեմ գալիս, զգում եմ՝ ոնց որ մի բան բաց եմ թողել»:
Երևանի Կամերային պետական թատրոն

Սկեսուրս թատրոնում էր աշխատում: Ես գալիս-գնում էի: Հետո առաջարկ ստացա հանդերձարանում աշխատելու: Ու թատրոնում եմ արդեն 16 տարի: Ինձ ամենաշատը թատրոնի մթնոլորտն է գրավել: Չհասկացա, թե ինչ արեցին, որ ես սիրահարվեցի ու մնացի թատրոնում: Ամեն առավոտ դիմահարդարման սենյակ գնալիս, դերասանները նախ ինձ մոտ են մտնում:

Իմ աշխատանքը հագուստներն արդուկելը, կարելն է, դերասաններին մատուցելը, որ վազվզոցի-քաշքշուկի մեջ չընկնեն, հագնեն ու բեմ բարձրանան: Ամենապատասխանատու գործերից մեկն է: Ամեն ներկայացմանը լարված սպասում եմ, մինչև սկսվում է, հետո հանգիստ շունչ եմ քաշում: Մի անգամ ներկայացմանը 10 րոպե էր մնացել, Արշալույս Հարությունյանը հագնվում էր, մեկ էլ տեսավ՝ շորն իրենը չէ: Ես էլ ասում եմ՝ չէ, ոնց կարող է էդպես լինել: Վերջը գնացի, նայեցի. իրոք շփոթել էի: Արագ փոխեցինք: Անհնար է, որ նման բաներ չլինեն:

Եթե սիրում ես քո թատրոնը, դերասանին, կոլեկտիվը, ձանձրալի չի աշխատանքը: Երկուշաբթի թատրոն չեմ գալիս, զգում եմ՝ ոնց որ մի բան բաց եմ թողել: Անգիր գիտեմ ներկայացումները: Մի անգամ Արա Երնջակյանին կատակով ասացի խաղալու մասին, պատասխանեց՝ ինչու չէ, կարելի է:


Ռուզաննա Մաթևոսյան. «Հանդերձապահը բոլորի և բոլորը հանդերձապահի ուշադրության կենտրոնում են»:
Էդգար Էլբակյան թատրոն

Թատրոնում որպես հանդերձապահ աշխատում եմ այս տարվա նոյեմբերի 1-ից, բայց երկար տարիներ թատրոն եկել-գնացել եմ, խաղացել եմ, հիմա էլ եմ խաղում:

Հանդերձապահը բոլորի ուշադրության կենտրոնում է ու բոլորը նրա ուշադրության կենտրոնում են: Սիրով եմ անում ամեն ինչ, ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված: Եթե թաշկինակ է օգտագործվում, ու ես մոռանամ այն դնել դերասանի գրպանը, խնդիր կլինի ներկայացման ընթացքում: Ինձ համար ավելի հեշտ է խաղալ ներկայացման մեջ, պատասխանատվություն կրել միայն իմ դերի, ինքս ինձ համար, քան՝ բոլորի:

Ինձ համար կարևոր չի՝ դերասան եմ միայն, թե նաև՝ հանդերձապահ, կարևորն իմ սիրելի թատրոնում եմ:


Նառա Մարգարյան. «Բոլոր ներկայացումները գրեթե անգիր գիտեմ»:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

3 տարի է՝ թատրոնում եմ, և այս ընթացքում երբեք չի եղել, որ որևէ ներկայացման համար անհրաժեշտ հագուստները պատրաստ չլինեն: 1-2 օր առաջ գալիս ենք, լվանում, հարդուկում, դնում դերասանների սենյակում, հետո նորից հավաքում: Բոլոր ներկայացումները գրեթե անգիր գիտեմ, որովհետև միշտ հետևում ենք կուլիսներից. հնարավոր է՝ հենց ներկայացման ընթացքում ինչ-որ բան պոկվում է, արագ կարում ենք կամ փոխում:

Զգեստներ, վերնաշապիկներ, թիկնոցներ... ամեն ինչ առանձին-առանձին կախում ենք, որ հեշտ լինի գտնելը: Էստեղ հիմնականում ընթացիկ ներկայացումների զգեստներն են, բայց կան նաև Վարդուհի Վարդերեսյանի, Մետաքսյա Սիմոնյանի և թատրոնի մեծերի հագուստները:

Դերասան դառնալու մասին երբեք չեմ մտածել, երազանքներս ուրիշ են եղել: Բայց էսպես ստացվեց, եկա թատրոն ու շատ գոհ եմ:


Գալինա Մարգարյան. «Թատրոնում ընտանիքի նման ենք. ով ինչ կարողանում է՝անում է»:
Մնջախաղի պետական թատրոն

7 տարի աշխատում եմ որպես ռեժիսորի օգնական, բայց անում եմ ամեն ինչ, քանի որ չունենք թատրոնի շենք, տարածք: Թատրոնում բոլորս ընտանիքի նման ենք՝ ով ինչ կարողանում է, անում է: Ես բացի ռեժիսորի օգնականից ռեկվիզիտներով, կոստյումներով եմ զբաղվում, ներկայացումից առաջ հետևում եմ, որ բեմը պատրաստ լինի: Շատ դժվար է էսպիսի պայմաններում աշխատել, բայց փորձում ենք հաղթահարել դժվարությունները, խնդիրներ չենք ունենում փորձերի ու ներկայացումների հետ:

Զգեստը շատ կարևոր է, դրանով կերպար ես ստանում: Կերպարն ու զգեստը պիտի համահունչ լինեն: Մնջախաղի շատ ներկայացումներում սև ու սպիտակ հագուստն է գերակշռողը, բայց ունենք նաև գեղեցիկ, գունավոր կոստյումներ:

Մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ եմ: Քույրս էր աշխատում թատրոնում, իր հետ եկա, աշխատելու առաջարկ ստացա: Սկզբում մտածեցի՝ ես ուր, թատրոնն ուր, բայց արդեն 7 տարի սիրով աշխատում եմ, ու թատրոնն իմ կյանքն է դառել:

Այս թեմայով