27 Նոյեմբեր 2013, 09:10
760 |

Երկու տիրոջ չես ծառայի

Ասում է՝ ինձ չեն հասկանում. «Սա սուրճի բաժակ չի, որ մի կողմից աղջիկ երևա, մյուս կողմում էլ եղնիկ: Իրական արվեստագետը ստեղծագործում է իր համար»:

Սովորականի և անսովորի արանքում Աշոտ Հարությունյանն է իր երկաթյա աշխարհով: Հենց ոտքդ շեմից ներս ես դնում, անմիջապես հայտնվում ես մի նուրբ, անորոշ, բայց միևնույն ժամանակ ավելի պինդ ու շոշափելի միջավայրում: Աշոտի բակում են հավաքված երկրի վերջին 20 տարիների արդյունաբերական թափոնի զանազան նմուշներ: Երկաթյա խողովակները, լարերն ու տարատեսակ ջարդոններն աբստրակտ արվեստի վկաներ են՝ քանդակային ծավալներ ստացած: Աշոտը խոսում է աբստրակտ արվեստից, պնդում, որ սա լավ էլ իրական արվեստ է՝ նույնիսկ շոշափելի, ընթացքում էլ հակասում է ինքն իրեն: «Աբստրակցիան ինձ համար ազատության ճանապարհով քայլելու ձև է»: Այս ճանապարհին կանգնելու իրավունքը Աշոտը միանգամից չի ստացել:

20 տարի առաջ, երբ ամեն ինչ խառն էր, մութ էր ու ցուրտ, Աշոտը փակեց արվեստի դուռը: Նախ փող վաստակել էր պետք, հետո հասկանալ իր տեղն ու դերը, ու հետո միայն մխրճվել այնտեղ: «Սա ազնիվ մոտեցում էր: Չի կարելի միևնույն ժամանակ երկու տիրոջ ծառայել». հավատարիմ մնալով ինքն իրեն ու իրեն սպասող արվեստին՝ Աշոտը սկսեց աշխատել ստորգետնյա կյանքով «ապրողների» համար: Նյութը քարն էր, աշխատանքի արդյունքը՝ հանգուցյալի նկարն ու տարեթվերը: Այսպես 23 տարի Աշոտը լուռ ու մունջ, գլուխը քարին կախած տաշեց ու քանդակեց, հղկեց ու պատրաստեց բազմաթիվ գերեզմանաքարեր, բայց ոչ մեկի տակ չստորագրեց: Սա ապրելու միջոց էր, փեշակ: Իսկ իր արվեստը գրեթե քարորդ դար, անդավաճան ու համբերատար սպասեց: Ինքն իրեն փորձության ենթարկելուց հետո հասկացավ, որ լիքն է ստեղծելու, արարելու ուժով ու ցանկությամբ: Կողպեքը գրեթե չէր ժանգոտել, փոքրամարմին արվեստագետը հանեց այն 20 տարի առաջ փակած դռան վրայից ու անցավ գործի:

Հիմա ոչ թե մեկ, այլ մի քանի արվեստանոց ունի: Դրանք երկաթի հանձնման կետերն են: Ներս է մտնում, փոխում հագուստն ու ընտրում քանդակ դառնալուն պատրաստ ջարդոններն ու թափոնները: Հիմա, իհարկե, դեռ պահում է կապն անդրշիրիմյան աշխարհի հետ, բայց արհեստավոր լինելուց բացի իրեն նաև թույլ է տալիս նաև արվեստագետ լինել: Փաստորեն, հասել է նրան, որ կարողանում է ծառայել երկու տիրոջ, ինչն իր համար տարիներ առաջ դժվար էր:

Հիմա հավանաբար տերերի մեջ էլ կռիվ կա, ինքնակառավարման սկզբունքով տարբերակում է ցանկալին ու պարտադիրը: Այդ մասին են պատմում նրա բակում, բնակարանում և այլուր սփռված քանդակները: Դրանք Աշոտի ազատությունն են, անսահմանափակ երևակայությունն ու արարելու կարողությունը սահմանափակ տարածության մեջ: Խողովակները, լարերն ու թղթի նման ճմրթված երկաթը Աշոտի աբստրակտ անցյալն ու ներկան են: Նրա քանդակներում ամփոփված է մեր առօրյա կյանքն ու դրա մեջ կուտակված դրաման: Բայց պատահական չէ, որ իրեն աբստրակցիոն ազատությանը նվիրած Աշոտը պատվիրատուներ ու բնականաբար գնորդներ չունի: Միայն արտասահմանից մի երկու գործ են գնել ու վերջ: Ասում է՝ մերոնք իրեն չեն հասկանում. «Սա սուրճի բաժակ չի, որ մի կողմից աղջիկ երևա, մյուս կողմում էլ եղնիկ: Իրական արվեստագետը նկարում է իր ու իր ընկերների համար: Վան Գոգն էլ ժամանակին չէր նկարում ժողովրդի համար»: Հենց նույն սկզբունքով էլ Աշոտը նաև նկարում է ու իր սուբեկտիվ կարծիքն ունի այդ մասին: Նա նկարում է առանց վրձին, մոլբերտ, կտավ ու ներկ: Ներկը «սիլիկոնն է», վրձինն էլ մատներն ու երբեմն «մալան»: «Սիլիկոնի» հետ աշխատելիս Աշոտը 15-20 րոպե ունի: Ավելի երկար նյութը չի դիմանում, պնդանում է, քարանում: Բայց դա արվեստագետի սրտով է: «Իմ բնույթին համահունչ է, չեմ կարողանում կտավի վրա երկար աշխատել, իսկ սա հրավառության պես մի բան է, կամ կստացվի կամ չի ստացվի: Ամենօրյա աշխատանք էլ չի պահանջում»:

Այսպես քանդակները դրսում են արևից չորանում ու անձրևից թրջվում, նկարներն էլ ներսում՝ ծերանում: Աշոտն էլ ապրում է իր աբստրակցիայով ներսից ու դրսից շրջապատված: Նրա ստեղծագործությունները նման են իրեն՝ կտրուկ, կատեգորիկ, առանց կոմպրոմիսի:

Այս թեմայով