18 Մայիս 2013, 13:00
1591 |

Բռնցքամարտի մարզչի շոկոլադե նոկաուտը

Աբովյան 13 հասցեում Գեղագիտական դաստիարակության կենտրոնում մայիսի17-ին ասեղ գցելու տեղ չկար. հանդիսավոր բացվեց Վազգեն Բադալյանի անձնական ցուցահանդեսը: Նա Հայաստանում և արտասահմանում ավելի հայտնի է որպես աշխարհի չեմպիոն Վիկ «Կատաղած Ցլի» մարզիչ: Ոչ մի կերպ չէի կարողանում համատեղել Հայաստանի վաստակավոր մարզչի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի ուսուցչի անունը գեղարվեստի հետ: Երևի երևանցիների մեծ մասը կբախվեր նույն խնդրին, եթե տեսներ' ինչպես է համատեղվել անհամատեղելին:

Նկարչին (այս բառն օգտագործում եմ առանց վարանելու) հաջողվել է հանդիսատեսին ներկայանալ որպես լիովին կայացած արվեստագետ, որն ունի հստակ ասելիք: Չափազանցրած չեմ լինի' ասելով՝ առանց նրա ժամանակակից արվեստը թերի կլիներ: Բադալյանն իր փոքրիկ գլուխգործոցները ստեղծելիս որպես նյութ շոկոլա՜դ է օգտագործել: Շոկոլադի չափավոր օգտագործումն առաջացնում է երջանկության զգացում: Նկարչի աշխատությունների շոկոլադը համտեսել, լիզել կամ քերել անհնար է, սակայն սրտաբուխ ոգեշնչման այս աղբյուրին նայելուց արդեն տրամադրությունդ բարձրանում է: Բացի այդ՝ շոկոլադի հետ նման շփումը հասու է անգամ շաքարախտով հիվանդներին:

Վարպետը չորս ամիս առաջ է սկսել նկարների համար այս անսովոր նյութն օգտագործել: Այսինքն՝ ամբողջ հավաքածուն (իսկ դա մոտ հարյուր գործ է) ստեղծվել է շատ սեղմ ժամկետում: Ի՞նչ եք կարծում'բռնցքամարտի մարզիչն ունի նկարչական կրթություն: Պատասխանն անսպասելի էր. «Ոչ մի հատուկ կրթություն, դրա համար էլ այդքան լավ է ստացվում»: Օսկար Ուայլդն էր ժամանակին ասել՝ «քննադատներն ինչքան էլ տարակարծիք լինեն, նկարիչը մնում է ինքն իրեն հավատարիմ»: Վազգեն Բադալյանը վստահ է, որ գտել է իր տեղը հայ ժամանակակից կերպարվեստում: Քննադատությունից չի վախենում: Եվ ճիշտ էլ անում է:
Ցավոք, վերջում մոռացա հեղինակին հարցնել՝ շոկոլադ սիրում է՞, թե' ոչ…

 

Այս թեմայով