23 Հոկտեմբեր 2013, 10:30
531 |

Թավիջազ

Հոկտեմբերի 23-30-ը Երևանում կայանալիք հայկական ջազի շաբաթի շրջանակում, որը նախաձեռնել է Մեցցո Փրոդաքշնը, առաջին անգամ Հայաստան են ժամանել Թավիջյան եղբայրները: Մակեդոնիայում և, առհասարակ, Եվրոպայում լայն ճանաչում ստացած ջազմեն եղբայրներ Գարոն և Դիրանը իրենց բաս կիթառահար Գորան Գեշովսկու հետ միասին ելույթ կունենան ջազի շաբաթվա բացման համերգին՝ հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, որտեղ ելույթ կունենա նաև Հայաստանի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդն ու Մայք Մոսեսյանը Ավստրիայից: Հոկտեմբերի 24-ին Թավիջյան եղբայրները հանդես կգան մենահամերգով, իսկ մինչ այդ պատմում են Հայաստանում առաջին անգամ գտնվելու զգացողությունների և առաջիկա ծրագրերի մասին:

Ծնվել և մեծացել եք Մակեդոնիայում: Ի՞նչ է ձեզ համար նշանակում լինել «հայ», ով երբեք չի եղել Հայաստանում:

Դիրան - Հետաքրքիր ու հակասական զգացողություն է: Մեր տատիկը խոսում է հայերեն, հայրը՝ նույնպես, բայց մենք ինքներս շատ վատ գիտենք հայերեն: Եվ, այդուհանդերձ, մեծ սեր ենք տածում պատմական հայրենիքի հանդեպ: Հայաստանում առաջին անգամ գտնվելով՝ օտարության զգացում չունենք, ավելին՝ այս միջավայրը հարազատ է մեզ:

Գարո – Դա գենետիկ հիշողության պես մի բան է: Մեր երակներում հոսող արյունը, անկախ նրանից, որ մենք ապրում ու ստեղծագործում ենք Մակեդոնիայում, ներկայացնում այդ երկիրն ու նվագում այդ երկրի ազգային երաժշտությունը, միևնույն է՝ հայկական արմատների մասին թույլ չի տալիս մոռանալ: Ես շատ եմ կարդացել Հայաստանի մասին, ուսումնասիրել պատմությունը, մշակույթը, այնպես որ այսօր Հայաստանում գտնվելը մեծ իրադարձություն է մեզ համար:

Ձեր հոր՝ հարվածային երաժիշտ լինելը պարտադրե՞լ է, որպեսզի դուք էլ այդ ոլորտ մուտք գործեք:

Դիրան – Ամենևին: Ճիշտ է, մենք դեռևս 5-6 տարեկան հասակում արդեն մշտապես ներկա էինք նրա բենդի համերգներին, մեր շուրջը միշտ երաժշտություն էր, զանազան երաժշտական գործիքներ: Բայց կարևորն այն էր, որ մենք մեզ լավ էինք զգում այդ միջավայրում, այնպես որ մասնագիտություն ընտրելու խնդիր չենք ունեցել:

Գարո – Երաժշտությամբ զբաղվելն ինքնստինքյան ստացվեց: Մենք պարզապես սկսեցինք և մինչ օրս էլ անում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս: Մենք երաժշտությունը չընտրեցինք, որպեսզի կարիերա անենք, ուղղակի երբ սիրած գործով ես զբաղվում և լավ ես անում դա, հաջողությունն անպայման ուղեկցում է քեզ:

Անցյալ տարի արժանացաք «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչմանը: Ի՞նչ տվեց այն կարիերայի առումով:

Դիրան – Այդ կոչումը ավելի շատ պարտադրող է, քան հաճելի: Հայ լինելու հանգամանքը երբևէ չի խոչընդոտել մեր գործունեությանը, ինքնուրույն ենք հասել ամեն ինչին, բայց երբ դա գնահատում է այն երկիրը, որտեղ ստեղծագործում ես, աննկարագրելի զգացողություն է:

Դուք նվագում եք միասին և դրա հետ մեկտեղ հանդես եք գալիս նաև սեփական նախագծերով: Դժվար չէ՞ այդքանը համատեղելը:

Գարո – Իհարկե, դժվար է: Բայց երբ այդ գործերից յուրաքանչյուրն անում ես մեծ սիրով ու ոգևորվածությամբ, ապա ո՛չ խճճվում ես, ո՛չ էլ ցայտնոտի մեջ ընկնում: Եվ հետո ամեն ինչ հասցնելն այնքան հատուկ է հայերին, հայի համար մի քանի գործ միաժամանակ անելը սովորական բան է: Այդպես չէ՞:

Հայ էլ կա, հայ էլ: Հայկական մշակույթին ու երաժշտությանը ծանոթանալը հայ երաժիշտների հետ համագործակցելու ցանկություն չի՞ առաջացնում:

Դիրան – Ճիշտ նկատեցիք՝ մենք իսկապես մեծ ցանկություն ունենք համագործակցելու հայ երաժիշտների հետ: Շատերի մասին լսել ենք, բայց դեռ առիթ չենք ունեցել միասին աշխատելու: Մեզ համար շատ հետաքրքիր երաժիշտ է Արտո Թունջբոյաջյանը, Լևոն Մալխասյանի հետ էլ շատ կուզենայինք ծանոթանալ, նրա կատարումներին ծանոթ ենք ու շատ բարձր ենք գնահատում:

Գարո – Հայկական ժողովրդական երգեր քիչ ենք լսել, բայց դրանք այնքան գրավիչ են, որ այստեղ գտնվելու ընթացքում անպայման ուզում ենք օգտվել ավելի լավ ծանոթանալու հնարավորությունից: Կուզենայինք համագործակցել, օրինակ, Ջիվան Գասպարյանի հետ, ով երեք անգամ ելույթ է ունեցել Մակեդոնիայում: Այնտեղ մենք զրուցեցինք նրա հետ, իսկ թարգմանիչը մեր տատիկն էր: Հետաքրքիր կլիներ փորձել դուդուկի հնչողությունը՝ մակեդոնական ազգային երաժշտության կամ ջազային կատարումների հետ: Նույն տրամաբանությամբ հետաքրքիր համագործակցություն կստացվի Սերժ Թանկյանի հետ, ում նույնպես շատ լուրջ և գրագետ երաժիշտ ենք համարում:

Իսկ ի՞նչ կասեք համաշխարհային շուկա մուտք գործելու մասին:

Դիրան – Առաջիկայում մեծ նպատակներ ունենք: Համագործակցության պատրաստություններ ենք տեսնում այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սթինգը, Շերը. մեր համատեղ ելույթներն ամպերի հետևում չեն:

Այս թեմայով