23 Հոկտեմբեր 2013, 17:00
1436 |

Ջազաշաբաթ

Այս տարի լրանում է հայկական ջազի 75-ամյակը, հոկտեմբերի 23-ին Երևանում մեկնարկում է հայկական ջազի շաբաթ, որը նախաձեռնել է Մեցցո Փրոդաքշնը: Բացման գալա-համերգին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ կունենան Թավիջյան եղբայրները Մակեդոնիայից, Մայք Մոսեսյանն իր տրիոյով Ավստրիայից և Հայաստանի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: «75 տարի առաջ Հայաստանում սկիզբ առած այդ երաժշտական ժանրը դժվար էր ջազ անվանել, դա պոպուլիստական երաժշտություն էր՝ ջազային էլեմենտներով: Բայց այն տաղանդը, որն ուներ Արտեմի Այվազյանը, թույլ տվեց ստեղծել այնպիսի մի նվագախումբ, որի անունը թնդում էր ամբողջ աշխարհում, հայկական ջազ էր հնչում ամենուր: Այդտեղից էլ սկիզբ առավ այն ժանրը, որն էստրադային երաժշտության և ջազի խառնուրդից վերածվեց իսկական ջազի: Հետո եկավ Կոնստանտին Օրբելյանը, որն էլ ավելի ջազացրեց այն, ինչ արդեն ունեինք,- պատմում է Երզնկյանը:- Հետագայում ստեղծվեցին բազմաթիվ փոքր համույթներ ու ջազ բենդեր և այսօր էլ ջազի ժանրում ստեղծագործողների թիվը եթե ոչ ավելանում, ապա հաստատ չի պակասում»:

Երաժիշտը ուրախությամբ է նշում, որ այսօր Հայաստանում կա առնվազն երկու պրոֆեսիոնալ ջազ նվագախումբ. «Վերջին 15 տարիների ընթացքում մենք ջազի բաժին ունենք կոնսերվատորիայում, պրոֆեսիոնալ ջազ երաժիշտներ են պատրաստվում: Այնպես որ հայկական ջազը շարունակում է զարգանալ և գնահատվել ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում»:

Հոկտեմբերի 24-30 հայկական ջազի շաբաթվա համերգները կշարունակվեն «Մեցցո» ակումբում: Ամսի 24-ին ելույթ կունենան Թավիջյան եղբայրները, 25-ին՝ Մայք Մոսեսյան Տրիոն, 26-ին «Չիկո և ընկերներ» ջազ բենդը ջեմ սեշն կանցկացնի, 27-ին Անուշիկ Ալավերդյանի և Կարեն Մամիկոնյան բենդի հերթն է, 28-ին՝ «Նյուանս» էթնո-ջազ բենդ, 29-ին՝ Մարինե Հակոբյան և «Free Form» ջազ բենդ, իսկ հոկտեմբերի 30-ին Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի համերգ-երեկոն կեզրափակի ջազ փառատոնը: Ի դեպ, հայկական ջազի հետ միասին իր 75-ամյակն է տոնում նաև Մարտին Վարդազարյանը, այնպես որ ջազի շաբաթը կրկնակի տոնական է լինելու:

Այս թեմայով