13 Սեպտեմբեր 2013, 13:42
373 |

Ե՛վ տրանս, և՛ ռոմանս

Երևանում բնակարանային ցուցահանդեսները մի քանի տասնամյակ առաջ բավականին ընդունված պրակտիկա էր: Ազգային պատկերասրահից բացի այլ ցուցադրվելու տարածք գրեթե չկար, առավել ևս՝ ժամանակակից արվեստագետների համար, այնպես որ արվեստագետի բնակարանը լավագույն տարածքն էր: Այս պրակտիկայի լավագույն ավանդույթները վերադարձնելու փորձ արվեց թարգմանչուհի Շագա Յուզբաշյանի բնակարանում:

Սովորական բնակարանի սենյակներից մեկում փակցված էր նկարիչ-արվեստագետ Սամվել Սաղաթելյանի նոր աշխատանքների շարքը: «Տրանսռոմանս» շարքի ինը ֆոտոկոլաժների մեջ նկարիչը խաղարկել էր իր և մի տրանսվեստիտի կերպարները՝ մատուցելով դրանք թատերականացված շրջանակի մեջ:

Թե ինչու ոչ ոք չէր համաձայնվել ցուցադրել աշխատանքները ցուցասրահում, դժվար չի կռահել. հանրային մատուցմամբ նման աշխատանքների հանդեպ արձագանքը ոչ միանշանակ կլիներ, ավելին՝ բողոքական, վրդովված ու ընդվզողական:

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի համոզմամբ՝ Սամվել Սաղաթելյանի աշխատանքների նոր շարքն անդրադառնում է առօրյա հարցերին՝ պատկերելով գերտղամարդկային սեքսուալ մի ֆանտազմի զարգացումը: Ըստ նրա՝ դիտարկելով մարմինը, գենդերը և սեռական ցանկության «ծնունդը»՝ որպես մշակութային և քաղաքական երևույթ, Սաղաթելյանը փորձում է տվյալ խնդիրների հատման կետում գտնել հաճույքի և ազատության մի փոքրիկ հարթակ:

Ցուցահանդեսին ներկա տարիներ շարունակ նրան ճանաչող ընկերները, այդ թվում՝ արվեստագետներ, արվեստասերներ կես-կատակ, կես-լուրջ քննարկում էին.
- Սա՞մ, էլի խուժան բաներ ե՞ս նկարել:
- Ինձ ցուցադրության տարածքն ավելի շատ է դուր գալիս, քան աշխատանքները:
- Հիմա կողքինն աղջիկ է՞, թե՞... վա՜յ, դե լավ էլի Սամվել:
- Ափսոս ցուցասրահում չեն գործերը, շա՛տ զիլ կլիներ:

Սամվելը՝ բարձրահասակ, հանդիսավոր սև կոստյումով ու հանդարտ հայացքով ընդունում էր շնորհավորանքներն ու աչքի պոչով հետևում անցուդարձին: Ափսոս, որ ցուցահանդեսը ընդամենը մեկ օր էր ապրելու. աշխատանքների ցուցադրվելու ժամկետը սահմանված էր մինչև կեսգիշեր:

Այս թեմայով