30 Օգոստոս 2013, 13:52
2023 |

Չհնացող ժառանգություն

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին ուրախ է, որ հոր երգերն այնքան տարածված ու ընդունված են, որ շատերը սխալմամբ կարծում են, թե դրանք ժողովրդական գործեր են։

Մեկ ամիս առաջ Լոս Անջելեսում հրատարակվեց կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի  լիակատար ժողովածուն՝ 300 երգերով։ Գիքը կազմվել ու տպագրվել է կոմպոզիտորի ընտանիքի ջանքերով։ Մի քանի օրով Հայաստան այցելած Միքայել Ավետիսյանը՝ կոմպոզիտորի որդին, պատրաստվում է ժողովածուն տարածել թե հայրենիքում, թե սփյուռքում։ Շուտով կկազմակերպվի ինտերնետ-վաճառք։ «Մենք ոչ մի կոմերցիոն նպատակ չենք հետապնդում։ Գրքի օրինակներից կնվիրենք կոնսերվատորիաներին, երաժշտական գրադարաններին։ Երջանիկ եմ, որ նրա երգերը շարունակում են սիրված մնալ։ Նշանակում է՝ չեն հնացել»,- նկատեց Միքայել Ավետիսյանը։ Գրքում ընդգրկված են Ավետիսյանի 60-90-ականներին գրված երգերը, ինչպես նաև «Սիրո գիշեր» երգի բառերն ու նոտաները, որոնք մինչև հիմա ձեռագիր են եղել։ Զարմանալի է, որ երգը հայտնի ու սիրելի է դարձել կոմպոզիտորի մահից հետո, մինչ այդ ուշադրության չի արժանացել։ Որդին ուրախ է, որ հոր երգերն այնքան տարածված ու ընդունված են, որ շատերը սխալմամբ կարծում են, թե դրանք ժողովրդական գործեր են։

Միքայել Ավետիսյանը Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերից մեկի դիրիժորն է և երկացանկում պարբերաբար ընդգրկում է հոր ստեղծագործությունները։ Տեղեկություն ունի, որ Եվրոպայի շատ նվագախմբեր ևս անտարբեր չեն Խաչատուր Ավետիսյանի արվեստի նկատմամբ ու կատարում են նրա գործերը։ Մտադիր է ցեղասպանության 100-ամյակին հոր ստեղծագործություններից «Օրատորիա»՝ նվիրված 1915 թվականի հայոց մեծ եղեռնի զոհերին հիշատակին» մեծ կտավի գործը նորից հնչեցնել։ Առաջին ու վերջին անգամ հայ արվեստասերն այն լսել է 1980-ականներին։ Դիրիժորը պատմում է, որ թուրքական «Քալան մյուզիք» ընկերությունը բանակցություններ է վարել իր հետ՝ թույլ տալ տպագրել «Օրատորիան»։ «Մի պայմանով. Դուք պարտավոր եք վերնագիրն ամբողջությամբ պահպանել»,- ասացի ընկերության ղեկավարին։ Նա թե՝ համաձայն եմ։ «Ձեզ կձերբակալեն, այնտեղ գրված է՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին»,-ասացի։ Պատասխանեց՝ ոչինչ, նման պատճառներով ես արդեն մի քանի անգամ ձերբակալվել եմ։ Եվ իսկապես, «Օրատորիան» տպագրվեց՝ առանց խմբագրումների, Մասիսի ու հայ գաղթականի պատկերը կազմի վրա։ Ափսոս, չիմացա՝ դրա համար ձերբակալվե՞ց թուրքը», - պատմեց Միքայել Ավետիսյանը։ Ի դեպ, այդ գործը կատարում են նաև թուրքական նվագախմբերն ու երգչախմբերը՝ հայերեն բառերով։ Վերջերս հրեական ծագմամբ թուրք քանոնահարուհի Էսրա Բերգմանը նամակ է գրել Միքայել Ավետիսյանին՝ խնդրանքով՝ թույլ տալ կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտները։ Առաջին պայմանը՝ չաղավաղել ու թուրքական լադային համակարգը չներմուծել հայկական ստեղծագործության մեջ։ Խոստումը կատարել է։ Լույս է տեսել Էսրայի ձայնասկավառակը՝ երկացանկում՝ Կոմիտաս ու Խաչատուր Ավետիսյան։ 

 

 

Այս թեմայով