10 Ապրիլ 2013, 10:42
2039 |

Կոմպոզիտորային մոտեցում

Ինչպե՞ս է Հայաստանում ապրում կոմպոզիտորի մասնագիտությունն ընտրած երիտասարդ տաղանդը: Մարդը, ով լուրջ, ակադեմիական երաժշտության մեջ առաջին քայլերն է անում, և ում անունը դեռ անծանոթ է հանդիստեսի լայն շրջանակներին: Արսեն Բաբաջանյանը հենց այսպիների շարքից է. տաղանդավոր, հեռանկարային կոմպոզիտոր, որն արդեն հասցրել է անուն հանել, պարգևների ու դիպլոմների արժանանալ, դառնալ մի քանի մրցանակի դափնեկիր: 2010-ին Արսենը հիմնեց իր իսկ տնօրինած Հայ Երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը: Այսօր նա Մյունխենի Երաժշտության ու թատրոնի համալսարանի ուսանող է:

Կոմպոզիցիայի բաժին ընդունված երիտասարդ երաժիշտը գիտակցո՞ւմ է, թե իրեն ապագայում ինչ է սպասում:

- Ոմոնք գիտակցում են, ոմանք՝ այդքան էլ չէ: Օրինակ, ես երբ ընդունվում էի, մտածում էի՝ մի տարի կսովորեմ, այդ ընթացքում մի այնպիսի ուժեղ գործ կգրեմ, որը սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ուրախությամբ ընդունի, ու հետո արդեն կյանքս այդպես էլ շարունակվի: Նման երազանքներ ինձ ներշնչել էին հայտնի կոմպոզիտորների կենսագրությունները: Բայց հենց ընդունվեցի, միանգամից տեսա, որ իրականությունն ակնկալիքներիցս շատ է տարբերվում:

Իսկ ի՞նչ իրականություն էր քեզ սպասում:

- Դաժան: Սկզբում դժվար էր նույնիսկ կատարողներ գտնել: Պարզվեց, որ իրականում նույնիսկ մեր բազմավաստակ կոմպոզիտորների գործերն էին քիչ նվագում: Ինձ օգնում էին ծանոթներս, երաժիշտ ընկերներս: Մի քանի համերգ տալուց հետո ինձ սկսեցին այցելել կատարողներ, նոտաներ խնդրել, համագործակցություն առաջարկել, նույնիսկ պատվերներ տալ: Բայց այս ամենը մարդկանց փոքրաթիվ խմբի անձնական նախաձեռնությունն էր: Դրա համար էլ հիմնեցինք Երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը, որտեղ փորձում ենք օգնել կազմակերպել համերգներ, սեմինարներ և այլն: Միավորումը ներկա պահին այնքան ակտիվ չէ, որքան իր գործունեության սկզբում էր, քանի որ հիմնադիր անդամներից ոմանք, այդ թվում նաև ես, արտասահմանում են: Հիմա մի քիչ այլ ուղղությամբ ենք աշխատում: Օրինակ, կան փառատոններ ու մրցույթներ, որոնց մեր միավորման անդամները կարող են մասնակցել: Դրանց մասին տեղեկություններ ենք հավաքում ու նրանց ուղարկում: Բայց չենք կարողանա միմիայն մեր ուժերով այնքան թափ հավաքել, որ օգնենք կոմպոզիտորներին ստեղծել իրենց գործունեության համար անհրաժեշտ մթնոլորտը:

Միգուցե կրթական համակա՞րգն է պետք բարեփոխել:

- Կոմպոզիտորների համար կրթական համակարգի հարցն այդքան էլ սուր չէ: Այստեղ գլխավորը ոչ այնքան համակարգն է, որքան դասախոս-ուսանող հարաբերությունները: Կոմպոզիցիան բավականին սուբյեկտիվ առարկա է, դրա համար էլ կարևոր է, որ դասախոսն իր ուսանողի հանդեպ ճիշտ մոտեցում ունենա. այս հարցը Եվրոպայում էլ, Հայաստանում էլ հավասարապես կարևոր է: Բայց ամեն դեպքում պետք է խոստովանել, որ Հայաստանում կրթությունը բարձր մակարդակի վրա չէ: Օրինակ, հիմա կոնսերվատորիայում Բեթհովենի ժամանակվա դասական հարմոնիա անցնում են, իսկ ժամանակակիցը՝ ոչ: Հայաստանում ժամանակակից դասագրքերով ուսումն ու դասական հոսանքների հետ ծանոթացումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դեռ պատշաճ մակարդակի վրա չէ: Դասագրքերը հիմնականում խորհրդային են…

Պրոֆիլդ փոխելու ցանկություն չառաջացա՞վ, օրինակ՝ կատարողական ունակություններդ զարգացնել կամ էլ փոխարինել ակադեմիական երաժշտությունն ավելի հեռանկարային, զանգվածային տեսակով:

- Երաժշտության մեջ ես միշտ կատեգորիկ եմ: Ինչը չեմ սիրում, մերժում ու բացառում եմ: Այսօր Հայաստանում մասայականություն վայելում ու շահույթ են բերում էստրադային երաժշտությունն ու ռաբիսը: Անիմաստ է ֆինանսական կողմի մասին մտածել՝ հաշվի առնելով, որ ինձ այս երկուսից ոչ մեկում էլ չեմ պատկերացնում: Ինչ վերաբերում է ջազին ու ռոքին, ապա կասեմ, որ ջազի համար հատուկ տաղանդ է հարկավոր, որը, ցավոք, չունեմ, ռոքի համար էլ շատ ժամանակ է պետք ծախսել, համապատասխան միջավայր մտնել ու ընտելանալ, ինչը նույնպես ինձ համար չէ:

Տիգրան Համասյանն ու Սերժ Թանկյանը Կոմիտասի երաժշտությունն են մշակել են, ու հիմա համացանցում վեճեր են առաջացել դրա շուրջ: Ո՞րն է քո դիրորոշումը:

- Կոնկրետ այդ գործը չեմ լսել: Բայց դասական գործերի նորովի կատարման շատ լավ օրինակներ գիտեմ: Օրինակ, ո՞ւմ մտքով կանցներ, որ Բախն ու ջազն այդքան լավ իրար կսազեն, եթե չլիներ Ժակ Լուսիերի տրիոն: Մյուս կողմից էլ նրանց արածը շատ պատասխանատու մտահղացում է: Պետք է հարգանքով վերաբերվել հեղինակին ու միևնույն ժամանակ սեփական մշակմամբ լսողի առաջին տպավորությունը չփչացնել: Օրինակ, եթե ինչ-որ մեկն իմ գործերը վատ վերամշակի, ունկնդիրը կարող է դրա հիման վրա իմ երաժշտության մասին էլ եզրակացություններ կատարել: Նման դեպքեր էլ են լինում:

Ուսմանդ ավարտից հետո մտադի՞ր ես Հայաստան վերադառնալ:

- Մտադիրը մտադիր եմ: Բայց ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով է հնարավոր:

Այս թեմայով