29 Հուլիս 2013, 16:08
1513 |

Դիրիժորական մոտեցում

Կարեն Դուրգարյանը 2001-ից Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է: Այդ տարիների ընթացքում նա համերգներ է ղեկավարել նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Մայիսին Կազանում կլասիկ բալետի փառատոնին ներկայացրած «Սպարտակ» էքսպերիմենտալ ներկայացման մեջ ներգրավված էր նաև երգչախումբը: Բալետային ներկայացման մեջ դիրիժորը մասնակցու՞մ է մեկնաբանությանը թե՞ ենթարկվում է խորեոգրաֆին:
- Ներկայացման հեղինակը կոմպոզիտորն է, որին մենք ենթարկվում ենք: Տարաձայնություններ լինում են, բայց արվեստի երկու ճյուղերը չեն կարող ենթարկվելու սկզբունքով աշխատել: Լինում են ստեղծագործական բախումներ, որի արդյունքում հաղթում է ներկայացումը:

Ինչո՞ւ հենց Արամ Խաչատրյանի «Սպարտակն» ընտրվեց փառատոնին ներկայացնելու համար:
- Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի բալետմեյստր, բեմադրող ռեժիսոր , ժողովրդական արտիստ Գեորգի Կովտունը Կազանում «Սպարտակ» բեմադրել է ավելի շուտ: Այս ներկայացումը խաղացանկի մեջ եղել է, և որպես լավագույն բալետային ներկայացում ներկայացվել փառատոնին:

Հե՞շտ է աշխատել ռուս կամ այլազգի դերասանների, երաժիշտների հետ:
- Գոյություն ունի պրոֆեսիոնալ մոտեցում, երբ ամեն մեկը գիտի՝ ինչ է անելու: Չեմ ուզում նվագախմբերը կիսել ըստ ազգային պատկանելիության: Բացի այդ, ասում են՝ վատ նվագախումբ չի լինում, լինում է վատ դիրիժոր: Կասեմ ավելին, տարբերություն կա հանդիսատեսի մեջ: Հայ հանդիսատեսը ջերմ է, նա կարող է ծափահարել յուրաքանչյուրին: Հայաստանից դուրս այլ է տեսարանը: Եթե չհավանեն ներկայացումը, երբեք չեն ծափահարի:

Ինչպե՞ս եք տեղավորվում ժամանակի մեջ:
- Ես առհասարակ չեմ մտածում ժամանակի մասին, թեև աշխատանքը շատ է, բայց երբ զբաղվում ես սիրած գործով, անում ես հաճույքով և սիրով, ժամանակը չես էլ նկատում:

Ձեր աշխատանքի մեջ կարևորու՞մ եք քննադատի կարծիքը:
- Այո, շատ: Ցավոք, պրոֆեսիոնալ քննադատության հանդիպում եմ միայն Հայաստանի սահմաններից դուրս:

Համերգային շրջագայություններից հետո կարոտո՞վ եք վերադառնում Հայաստան:
- Միշտ: Անգամ 10 օր բացակայության դեպքում եմ կարոտում: Ասեմ ավելին, նույնիսկ եթե ընտանիքս հետս է լինում, միևնունն է' վերադառնալու պոռթկում կա:

Այս թեմայով