22 Հուլիս 2013, 17:53
574 |

Quantum jump՝ որակական թռիչք հայկական անիմացիայում

Ֆիլմը երիտասարդ վանականի մասին է, ով աշխատում է որպես հավաքարար Շաոլին վանքում: Նա խանդավառությամբ է հետևում վանքի կյանքին: Շաոլինյան դմբոյի համար ամենակարևորը վանքի գլխավոր իմաստունն ու նրա աշակերտներն են: Ինքնավստահ հիմարիկը երազում է փոխել աշխարհը՝ կարծելով, թե ինքը մեծ վարպետ է: Հետաքրքրասիրությունը տանում է նրան մեդիտացիայի ու նիրվանայի խորհրդավոր ու անծանոթ աշխարհ…

Ռոբերտ Սահակյանցի ստուդիայում ինձ դիմավորեցին կասկածելի լռությունն ու Հայկ Սահակյանցը՝ մեծ մուլտիպլիկատորի որդին: Երբ հարցրեցրի, թե ինչու է տիրում այսպիսի լռություն, Հայկն ասաց, որ դա պատահականություն էր: «Անդորրը հազվադեպ է մեր ստուդիայում: Այստեղ հիմնականում աղմուկ է. ստեղծագործական կյանքը եռում է, ու մթնոլորտում իշխում է անիմացիոն եռանդը», - ասաց Հայկը:

Ինչո՞ւ Quantum jump և ի՞նչ կապ ունի Շաոլինը:
- Գիտական տերմինաբանության մեջ Quantum jump կամ «քվանտային թռիչք» է կոչվում մասնիկների վիճակի կտրուկ փոփոխությունը: Այս դեպքում վերնագիրը վերաբերում է մարդուն, ով մեդիտացիայից հետո ամբողջովից փոխում է իր գիտակցությունը:

Մեզ հաճախ են հարցնում, թե հայերի ինչի՞ն է պետք չինացիների մասին ֆիլմ նկարել: Չինացիներն էլ էին նույնն ասում: Պարզապես միտք էր առաջացել նկարել զվարճալի մուլտֆիլմ մեդիտացիայի թեմայով: Իսկ դա ենթադրում է որոշ միջավայր, համապատասխան մշակույթ, այս դեպքում՝ Չինաստանն ու Շաոլինի վանքը: Թեման այնպիսին էր, որ այլ ընտրություն չունեինք:

Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել ֆիլմի ստեղծման վրա:
- Յոթ րոպեանոց մուլտֆիլմի համար պահանջվեց մեկ ամբողջ տարվա ինտենսիվ աշխատանք: Նախագածի վրա աշխատել է միայն չորս մարդ: Արտասահմանյան գործընկերները զարմացել էին, քանի որ նման նախագծերի համար պահանջվում է ավելի մեծ խումբ: Աշխատանքը, իրոք, ծանր էր:

Ինչպե՞ս ստեղծվեց գլխավոր կերպարը: Ո՞ւմ մտահղացումն է:
- Կերպարն էլ, սցենարն էլ Վարդան Զադոյանի հետ միասին ենք ստեղծել: Անթիվ-անհամար տարբերակներ մշակեցինք, մինչև կանգ առանք վերջնականի վրա: Ստեղծագործական խումբը հաճախ էր ամբողջ գիշերն արթուն մնում, աշխատում կերպարի վրա, իսկ հետո հասկանում, որ իրենց ուզածը չեն ստացել ու ամեն ինչ նորից սկսում: Վերջում ստացանք փոքր, կլորիկ, հիմարիկ վանական:

Ջնջանը, որ դառնում է նրա ընկերուհին, պատահմամբ ստեղծվեց: Վանականը ձանձրանում էր ու իրեն միայնակ զգում, ուստի որոշեց նոր շունչ հաղորդել աշխատանքին՝ երևակայելով տարբեր արկածներ:

Այդ բոլոր արկածները փոխեցի՞ն հերոսին, թե՞ նա մնաց նույն պարզամիտը:
- Չեմ կարծում, որ փոխվեց: Ուղղակի անհեթեթ վիճակի մեջ հայտնվեց: Փորձում էր ուսուցչին կրկնօրինակել. ամեն ինչ տակնուվրա արեց փոխանակ հասներ նիրվանային ու լուսավորվեր: Նա ունի ներուժ, որը չի կարողանում կիրառել, դրա համար էլ կշարունակի զբաղվել վանքի մաքրությամբ:

Ի՞նչն էր ֆիլմի ստեղծման մեջ ամենահետաքրքիրն ու ամենադժվարը:
- Անձամբ ինձ համար ամենահետաքրքիրն անիմացիան է՝ կերպարի շարժումները ստեղծելը: Իսկ ամենաբարդն ու զզվելին տարատեսակ տեխնիկական հարցեր լուծելն է: Ստիպված էի դրանով էլ զբաղվել, քանի որ ես էի շատ հարցերի համար պատասխանատու:

Ի՞նչ ապագա է ունենալու մուլտֆիլմը:
- Հիմնականում ապրելու է փառատոնային կյանքով: Կարճամետրաժի ձևաչափը թելադրում է իր կանոնները. չենք կարող հենց այնպես առանձին ներկայացնել կինոթատրոնում: Մի քանի ամիս առաջ պրեմիերան էր «Արմենիա» հեռուստաալիքով: Միայն մեկ անգամ ցույց տվեցին՝ առավոտյան, այդ պատճառով քչերը կարողացան տեսնել:

Պատահաբար ծանոթացանք հայտնի անիմացիոն պրոդյուսեր Պավել Մունտյանի հետ: Մեր աշխատանքը հետաքրքրեց նրան, և նա որոշեց օգնել ձայնավորման հարցում: Quantum jump-ը առաջին մուլտֆիլմն է, որ ձայնավորվել է նրա նորաստեղծ «Թումբոքս» ստուդիայում: Բացի դրանից՝ Մունտյանը համաձայնեց օգնել առաջխաղացնել ֆիլմը անիմացիոն շուկայում: Նախագիծն արդեն անցել է մի շարք միջազգային փառատոների սելեկցիոն ընտրությունը: Վերջերս Quantum jump-ը մասնակցեց ֆրանսիական Անսի քաղաքի խոշորագույն անիմացիոն փառատոնին: Իհարկե, կարող ենք ինտերնետում տեղադրել մուլտֆիլմը, բայց մարդիկ կնայեն, կուրախանան ու կմոռանան: Ուստի ընտրեցինք մի քիչ այլ, բայց կարծում եմ՝ ավելի ճիշտ ճանապարհ:

Ի՞նչն է լինելու Robert Sahakyants Production ստուդիայի հաջորդ անիմացիոն աշխատանքը:
- Quantum jump-ի վրա ստուգեցինք մեր ուժերը: Հիմա պատրաստ ենք ստեղծել ավելի լուրջ գործ: Ուզում ենք բարդացնել խնդիրն ու ստեղծել մեծ լիամետրաժ մուլտֆիլմ՝ կիրառելով եռաչափ տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները:

Հաջորդ ֆիլմը, որի վրա արդեն աշխատում ենք, կունենա չափավոր ազգային ուղերձ:
Սյուժեն պատմական փաստի մասին է, համաձայն որի Վարազդատ թագավորը 4-րդ դարում գնացել է օլիմպիական խաղեր ու հաղթել բռնցքամարտում: Այս իրական փաստն է լինելու հիմքը, որի վրա կզարգանա կլանիչ պատմությունը: Անկասկած, հատուկ շեշտվելու է, որ մեր պատմության գլխավոր հերոսը հայ է:

Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական անիմացիան: Ի՞նչը պետք է լինի այնքան ինքնատիպ, որ կարողանա գերել աշխարհին:
- Հայերը հատուկ մտածելակերպ ունեն: Մեր ազգը նվիրված է կարևոր արժեքների, որոնք գնալով մահանում են Արևմուտքում: Հենց սա է մեր յուրահատկությունը:

Ֆիլմը, որը մենք ծրագրում ենք ներկայացնել միջազգային անիմացիոն շուկայում, հագեցած է լինելու հայկական գլխավոր արժեքներով՝ նվիրվածություն հողին, նախնիներին ու ավանդույթներին: Մենք պետք է հանդիսատեսին տանք առանցքային՝ շատ կարևոր ուղերձ, որն էլ կդառնա հայկական անիմացիայի գլխավոր յուրահատկությունը:

Ի՞նչ վիճակ է մեր երկրում անիմացիայի բնագավառի պրոֆեսիոնալ կադրերի տեսանկյունից:
- Ցավով պետք է ասեմ, որ այստեղ կա մասնագետների պակաս. լավ կադրերը ցրվեցին աշխարհով մեկ: Սակայն դեռ ունենք ներուժ: Ուղղակի պետք է այն զարգացնել: Նոր նախագծի համար կունենանք առնվազն 35 մարդու կարիք: Դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք այդքանին գտնել Հայաստանում: Ստիպված կլինենք նոր աշխատակիցներ ներգրավել ու նրանց ժամանակակից տեխնոլոգիաներ սովորեցնել: Մեծ հույսեր ունեմ, որ ապագայում կկարողանանք մայրենի հող վերադարձնել մեր մասնագետներին, ապահովել նրանց արժանապատիվ աշխատավարձով ու միասին վերականգնել ազգային անիմացիան: Կարևորը՝ սկսել ենք. հետդարձ չկա: 

Այս թեմայով