12 Հուլիս 2013, 17:27
1458 |

Հին ու բարի ֆիլմեր. մաս երրորդ. լինում է, չի լինում

Ես Ամերիկային դեմ չեմ: Ես դեմ եմ «միամշակութայնությանը»: Արևմուտքը գնում է իր ճանապարհով, իսկ մեր մուլտֆիլմերում դեռ մնացել են անցյալի մտածելակերպի արձագանքները:

Դոսյե
Էդուրադ Վասիլյևիչ Նազարովը ծնվել է 1941թ. Մոսկվայում: Ավարտել է Ստրոգանովի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը: Անիմացիայով զբաղվում է 1959-ից: Սկսել է որպես նկարիչ, հետո աշխատել բեմադրիչ Ֆյոդոր Խիտրուկի մոտ: Ռեժիսորական դեբյուտը 1973-ին էր՝ «Վախի հավասարակշռությունը» ֆիլմը: Ամենահայտնի գործերն են «Արքայադուստրն ու մարդակերը», «Որսը», «Լինում է, չի լինում մի շուն», «Մրջյունի ճանապարհորդությունը»: 2007-ից «Պիլոտ» ստուդիայի գեղարվեստական տնօրենն է: ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, մի շարք կինոմրցանակների դափնեկիր:

Լինում է, չի լինում մի շուն
«Անիմացիայով զբաղվելու համար պետք է առաջին հերթին համբերատար հետույք ունենալ, որ կարողանաս երկար ժամանակ նստել ու հերոսներիդ փնտրել: Նախանձում եմ նկարիչներին, որոնց ձեռքը կատարյալ գիծ է տանում: Այդպիսին ես երբեք չեմ եղել: Գծի մեջ ինձ համար ամենակարևորը ոչ թե գեղեցկությունն է, այլ դրա բնավորությունը, որը և փորձում եմ ստեղծել: Ես մուլտֆիլմ եմ ստեղծում, քանի որ կարծում եմ՝ կարողանում ու ուզում եմ դա անել: Իսկ թե էկրանին ինչպես կնայվի, դա արդեն հանդիսատեսի երախտիքն է: Շնորհակա՛լ եմ նրան ստեղծագործություններիս երկար կյանքի համար:

Լրիվ ծիծաղելի մուլտֆիլմ ստեղծելը բավականին բարդ է: «Լինում է, չի լինում շուն» - ում էլ պարբերաբար տխուր նոտաներ են հայտնվում: Մուլտֆիլմը պահածոների նման է՝ ամեն ինչ խտացված է: Հինգ րոպեի մեջ լիամետրաժ ֆիլմի չափ զգացմունք ու կերպար պետք է ստեղծես: Օրինակ, «Լինում է, չի լինում շուն»-ում շատ էի ուզում ցույց տալ, որ գայլն ու շունը հին ծանոթներ են. երիտասարդ ժամանակ մեկը նայում էր հոտին, իսկ մյուսը հարձակվում դրա վրա: Բայց էկրանի ժամանակը չհերիքեց ու նրանց ամբողջ անցյալը սահմանափակվեց մի երկխոսությամբ: Ի դեպ, այստեղ հարց կարող է ծագել. եթե նրանք թշնամիներ էին, ինչո՞ւ էին միմյանց օգնում: Բայց չէ՞ որ կյանքում էլ է այնպես լինում, որ քեզ օգնել կարողանում է քո պես հիմարը, այսինքն, քեզ նման մեկը:

Պատմեմ Մատվեևսկում Ծեր դերասանների տանը տեղի ունեցած մի դեպք: Խաղարկային կինոյի մի ռեժիսոր ուներ կին ու սիրուհի: Կինն իմանալով ախոյանի մասին՝ վերջինիս դեմքն այլանդակեց՝ վրան ծծմբաթթու լցնելով: Սիրուհին անհետացավ նրանց ամուսնական կյանքի հորիզոնից: Ռեժիսորը մահացավ՝ կնոջ հետ ապրելով մինչև խոր ծերություն, իսկ ծեր այրին հայտնվեց Ծերանոցում, որտեղ հանդիպեց այն կնոջը, որին մի ժամանակ հաշմել էր: Նրանք մտերիմ ընկերուհիներ դարձան: Ռեժիսորի հանդեպ տածած սերը ի վերջո միավորեց նրանց:

Ասում են, որ իմ գայլը Ջիգարխանյանին է նման: Բայց գայլը սկզբում էր՝ դերասանը հետո հայնտվեց: Երկար էի մտածում, թե ում վերցնեմ այս դերի համար: Արմեն Բորիսովիչը մինչ այդ չէր աշխատել մուլտիպլիկացիայում, բայց նրա ձայնը ես, իհարկե, լսել էի: Մի անգամ այդպես ծոծրակս քորելով քայլում եմ սրահում, մեկ էլ առաջս մեր ստուդիայի խմբագիր Առնոլդ Գրիգորյանն է հայտնվում.

- Ինչո՞ւ ես այդքան տխուր:
- Չեմ կարողանում Ջիգարխանյանին գտնել…

Նա միանգամից հավաքեց համարը: Պարզվեց՝ հին ընկերներ են: Հաջորդ օրը, երբ Արմեն Բորիսովիչը ստուդիա եկավ, սարսափահար նայեցի մեկ նրան, մեկ նկարին… Գայլն էլ, Ջիգարխանյանն էլ կուզիկ էին: Մտածում եմ՝ վերջ, քաշվեցի… Իսկ նա մոտեցավ, նայեց, թե՝ «Նորմալ գայլ է, կաշխատենք»: «Վինի Թուխ»-ում էլ կերպարը նման էր իրեն հնչյունավորող դերասանին: Ես այդ ֆիլմի բեմադրող ռեժիսորն էի: Աստեղ էլ սկզբում ստեղծեցինք Թուխին, հետո նոր հայտնվեց Լեոնովը: Ի դեպ, սկզբում մտածում էինք, թե նա չի համապատասխանում այդ դերին: Ստուգեցին, հետո ասացին, որ հաջորդին կանչեն: Խիտրուկն ուզում էր էլի ինչ-որ մեկին ձայնագրել, բայց պարզվեց, որ փորձերի համար նախատեսված ֆինանսները սպառվել էին: Հենց այդ ժամանակ էլ մեկի մոտ (չեմ հիշում՝ կոնկրետ ում, հուսամ՝ իմ) միտք առաջացավ վերցնել Լեոնովի ժապավենն ու այն մի քիչ արագացնել: Բայց մեկ է՝ Թուխին ամենանմանը Խիտրուկն է: Կերպարները շատ հաճախ են նկարչի հետ ընդհանրություններ ունենում:

Շատերն ասում են, որ իմ գայլը, շունն ու նույնիսկ մրջյունն ինձ են աղոտ հիշեցնում: Վինին էլ: Օրինակ, առանց վզի շրջում է գլուխը, նույնպես քորում է ծոծրակը: Փոխվում են ժամանակները, հայտնվում են նոր տեխնոլոգիաներ: Համակարգիչն իր առավելություններն ու թերություններն ունի: Առաջինները զուտ տեխնիկական են. եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ Վինի Թուխը մեկ բաց, մեկ մուգ շագանակագույն է՝ էկրանն ասես շնչում է: Մի կողմից դա թերություն է, մյուս կողմից՝ զգում ես, որ կենդանի մարդ է աշխատել մուլտֆիլմի վրա: Այս աննշան սխալները տհաճ են, բայց ներելի: Իմ նկարած «Լինում է չի լինում մի շուն»-ի կադրերից մեկում գայլի բեխերը պոկվում են ու հայտնվում փորի վրա: Հանդիսատեստը չի նկատի, բայց ես էլ հո գիտեմ: Իսկ համակարգիչն ամեն ինչ հարթեցրեց, ուղղեց: Բայց ատելով ատում եմ այս ճանապարհով ստեղծված այդ տիեզերական կերպարները՝ սառն են ու անկենդան. վախենում եմ դրանցից:

Ես Ամերիկային դեմ չեմ: Ես դեմ եմ «միամշակութայնությանը»: Արևմուտքը գնում է իր ճանապարհով, իսկ մեր մուլտֆիլմերում դեռ մնացել են անցյալի մտածելակերպի արձագանքները: Տարբերությունը կենսակերպում է, բնավարություններում, անցյալի հանդեպ վերաբերմունքում: Այս ամենը նաև մարդու շնչելու, ապրելու ու նկարելու վրա է ազդում: Սա ազգային տարբերություն է, ու փա՜ռք Աստծո, որ այդպես է: Քո տարբեր լինելով ես հետաքրքիր մյուսներին: Ասենք, օրինակ, հայկական մուլտիպլիկացիայի յուրահատկությունըգույների հանդեպ ազգային սիրո մեջ է ՝ վառ, հակադրական գույներ, հակադրական շարժումներ, կադրերի արագ փոփոխություն: Ինձ թվում է, որ սա արևի շնորհիվ է՝ ներքին արևի. ամեն ինչ գալիս է հոգու հարստությունից:

Շարքը' շարունակելի

«Ереван» ամսագիր, N1-2, 2009

Այս թեմայով