29 Հունիս 2013, 13:13
167 |

Մեդիտացիա՝ նկարներով

«Իմ գործերի հետ հարաբերվելն ինչ-որ առումով մեդիտացիայի նման է: Իմ աշխատանքները լռություն են սիրում, ես էլ եմ սիրում»:

Կոնցեպտուալ արվեստի գործերը՝ հիմնականում լուծված զանազան երկրաչափական պատկերների կիրառմամբ, տեղ-տեղ հազիվ նկատելի գույներով լրացված, առաջին իսկ հայացքից փորձում են կլանել քեզ. կարող ես ըմբոստանալ կամ ներքաշվել, ընտրությունը քոնն է: «Իմ գործերի հետ հարաբերվելն ինչ-որ առումով մեդիտացիայի նման է: Երբ խոսում ես աշխատանքի հետ, փորձում կապ հաստատել, ակամա կտրվում ես կողմնակի աղմուկից: Իմ աշխատանքները լռություն են սիրում, ես էլ եմ սիրում», - ասում է Տիգրանը:

46-ամյա արվեստագետի կյանքում սա առաջին անհատական ցուցահանդեսն է: Ժամանակին մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների, բայց նման ձևաչափով առաջին անգամ է ներկայանում հանրությանը: «Ինձ համար այս ցուցահանդեսն ավելի շատ հին ընկերներիս տեսնելու առիթ է: «3-րդ հարկ» արվեստի խմբավորման հետ եմ շատ առնչվել, նրանցից շատերը նույնպես այստեղ են հիմա՚», - պատմում է նկարիչը: Հիմա նա Մոսկվայում է բնակվում և բոլորովին այլ առիթով էր ժամանել Երևան, բայց «Դալանի» ընկերները հորդորեցին, որպեսզի այս ցուցահանդեսը կայանա:

Տիգրան Ղազարյանը խնդիր չի դնում հասկանալի լինել հասարակ դիտողին, բայց ոչ էլ նպատակ ունի հատուկ անհասկանալի գործեր ստեղծել: «Այն, ինչ ստեղծում եմ, շուրջ 25 տարվա պատմություն ունի: Ժամանակին բազմաթիվ հարցեր եմ ինձ տվել, որոնց պատասխաններն այժմ նոր եմ կարողանում տալ՝ ստեղծագործելով՚» - նշում է նկարիչը: Փաստորեն, այդ գործերը պատասխաններ են իր հարցերին, բայց նույն հաջողությամբ կարող են պատասխանել նաև մեր հարցերին, որովհետև, վստահ է Տիգրանը, արվեստը սուբյեկտիվ երևույթ չէ: Այն ինքնուրույն գոյատևող, զարգացող, ձևափոխվող մի բան է, որի ընկալումը յուրաքանչյուրին կարող է տարբեր զգացողություններ տալ՝ մնալով այն, ինչ կա:

Իր աշխատանքների կատարման տեխնիկայի մասին միայն նշեց, որ գիծն ավելի է կարևորում, քան գույնը: Ի դեպ՝ տանել չի կարողանում կանաչ գույնը, որը մի աշխատանքում է միայն օգտագործել, այն էլ ՙայդ պահին կանաչը պատահեց, որպես նյութ օգտագործեցի և ոչ՝ որպես գույն՚:

Հատկապես յոգայի սիրահարներին՝ Տիգրան Ղազարյանի աշխատանքների հետ արվեստային մեդիտացիա անելու հնարավորությունը մինչև հուլիսի 10-ն է:

Այս թեմայով