26 Հունիս 2013, 10:37
122 |

Անմշակ հողի ճիչը

Դրկիցների դատարկ ու ամայի տունը, այլևս չբացվելու հաստատակամությամբ փակված դուռ-պատուհանները, լուսանկարել էին ու Երևան՝ ցուցահանդեսի ուղարկել։

Հայաստանի գյուղերում արտագաղթի կողպած դռներն ավելի են աչք ծակում, քան մայրաքաղաքի փակ, վաճառվող կամ վարձով տրվող բնակարաններինը։ Երևույթը համատարած է ու բացահայտ, բայց գույներն ավելի են խտանում ու մռայլվում, երբ արտագաղթի հետևանքներն իրար կողք են շարվում մեկ ցուցահանդեսի շրջանակում։

«Նարեկացի» արվեստի կենտրոնում բացված «Արտագաղթ. անմշակ հող» խորագրով լուսանկարների ցուցահանդեսում իրենց աշխատանքներն էին ներկայացրել պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչներ։ Նրանց մեծ մասը մարզաբնակ է' հիմնականում' գյումրեցի: Դրկիցների դատարկ ու ամայի տունը, այլևս չբացվելու հաստատակամությամբ փակված դուռ-պատուհանները, լուսանկարել էին ու Երևան՝ ցուցահանդեսի ուղարկել։

Մշակութային նախաձեռնությունը հազվադեպ է անցնում առանց դրական հույզեր պատճառելու։ «Արտագաղթ. անմշակ հող» ցուցահանդեսն այդ եզակիներից է։ Լուսանկարներում գեղագիտական, խորհրդանշական մոտեցումները, անշուշտ, առկա էին, բայց նաև մորմոքող ցավ, ափսոսանք ու խեղճություն էր հորդում դրանցից։ Լուսանկարիչները նաև մեր կողքին ապրող մարդկանց դիմանկարներն էին ստեղծել՝ արտագաղթելու արդարացված պատճառաբանությամբ. «Իմ արհեստով տուն չեմ կարող պահել։ Արտագաղթում եմ, որովհետև...»։

Հրանտ Դինքի ձևակերպումներից մեկը՝ «Ինչպես աղավնին», որպես կարգախոս ընտրած երիտասարդական նախաձեռնության անդամ-կազմակերպիչները լուսանկարների տակ չէին նշել հեղինակների անուններն ու աշխատանքների վերնագրերը։

«Ամեն ինչ խորհրդանիշների վրա է հիմնված։ Լուսանկարներ կան, որոնցում արտագաղթ պատկերված չէ: Օրինակ, մոռացված, ցրտահար ծառ, դատարկ ու դեպի անորոշություն տանող ճանապարհ: Որոշեցինք չմեկնաբանել. թող այցելուն վերնագրի»,- ասաց կազմակերպիչներից Լևոն Ավագյանը։

Ցուցահանդեսը և՛ ահազանգ է, և՛ հայրենիքը չլքելու կոչ ու հորդոր։ Հայրենիքն իր գրկում ծնունդ առած մարդկանցով է հայրենիք, առանց նրանց՝ դատարկ, անմշակ ու անտեր տարածք։ Լքված, կողպված դռներով տների, օդանավակայանում հարազատներին հրաժեշտ տվող տատիկ-պապիկների խեղճությունն ու հուսահատությունն է տարաբախտ հայրենիքը: Երիտասարդ լուսանկարիչների աչքը ֆոտոխցիկի օբյեկտիվից այն կողմ ֆիքսել է կադրեր ու պահեր, որոնք, ցավոք, ակնթարթային չեն։ Քարացած են։ Նրանք հավերժացրել են անշարժ ու արտագաղթից սառած ճչացող լռությունը։

Այս թեմայով