17 Հունիս 2013, 18:03
3109 |

Նարեկացուց մինչև Գյուրջիև

Հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու անունը կրող փառատոնի միջոցով հանրությունը ծանոթացավ 20-րդ դարի հայազգի փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ, իր ժամանակի ամենախորհրդավոր անհատներից մեկի` Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությանը:

Հունիսի 16-ին Նարեկացի արվեստների փառատոնի առաջին համերգն էր: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցավ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղ. ղեկավար' Լևոն Իսկենյան): Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի կազմում դուդուկ, բլուլ, սազ, թառ, քամանչա, ուդ, սանթուր, դափ և դհոլ նվագող երաժիշտներ են: Այս բոլոր գործիքները մեկ միավորման մեջ հազվադեպ են հանդիպում, ուստի հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինեն կատարումները ոչ միայն ստեղծագործությունների մեկնաբանման, այլև զուտ կատարողական առումով:

Առաջին իսկ հնչյուններից պարզ դարձավ, որ բեմում իրենց գործին տիրապետող հիանալի երաժիշտներ են: Յուրաքանչյուր կատարում՝ հայկական մեղեդի, քրդական երգ կամ հունական պար, տվյալ երկին բնորոշ արտահայտչականություն ուներ: Համերգի մասնակից դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը զուտ կոմիտասյան ոգով ներկայացրեց Կոմիտասի Մանկական մանրանվագները և այլ երկեր: Երեկոյի ավարտին Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ի նշան երախտիքի, Լևոն Իսկենյանին և Լուսինե Գրիգորյանին փայտյա նախշազարդ պարգևներ շնորհեց:

Պարոն Իսկենյան, ինչու՞ է համույթը կրում հենց Գյուրջիևի անունը:
- Գեորգի Գյուրջիևը մեծանուն փիլիսոփա է և երաժիշտ, որը հայտնի է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում նրա երաժշտության հանդեպ հետաքրքրություն միայն վերջին տարիներին է նկատվում : 2008-ին հիմնելով Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլը' նպատակ ունեի նպաստել երաժշտի ստեղծագործությունների տարածմանը՝ նրա դաշնամուրային երկերը ներկայացնելով ժողովրդական նվագարանների միջոցով:

Հետաքրքիր է' ունկնդիրն ինչպես է ընդունում Գյուրջիևի երաժշտության նման մեկնաբանումը:
- Արտասահմանում ունկնդիրը ծանոթ է Գյուրջիևի երաժշտությանը, սակայն նրանց համար հետաքրքիր է արդեն ծանոթ ստեղծագործությունները նոր մեկնաբանմամբ լսելը: 2011-ի ECM records-ի կողմից համույթի «Գյուրջիևի երաժշտությունը» խորագրով ձայնասկավառակի թողարկման շնորհիվ անսամբլը ճանաչվեց ամբողջ աշխարհում: Համաշխարհային տարբեր ռադիոկայանների կողմից սկավառակը ճանաչվեց լավագույնը, 2012-ին արժանացավ հանրահայտ Edison մրցանակին և Հայաստանի ազգային մրցանակաբաշխության պարգևին: Համերգներով ենք հանդես եկել տարբեր երկրներում և մինչև 2014-ը հրավերներ ունենք:

Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք աշխարհին ներկայացնել ոչ միայն Գյուրջիևի երաժշտությունը, այլև հայ աշուղական արվեստը: Կատարում ենք աշուղ Ջիվանու, Սայաթ-Նովայի գործերը:

Բացի վերոնշյալ երաժիշտներից, համերգային ծրագրերում հայազգի այլ հեղինակների ստեղծագործություններ ընդգրկու՞մ եք:
- Կատարում ենք նաև Կոմիտասի երկերը: Առհասարակ, կարծում եմ, որ Կոմիտասի արվեստը դեռևս կարոտ է ուսումնասիրության: Եվ պատահական չէ, որ մեր համերգային ծրագրում ելույթ ունեցավ դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, որը հանգամանորեն ուսումնասիրել է Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները և վերջիններս փորձում է կատարել համաձայն հենց Կոմիտասի կողմից արված նշումների . խոսքը վերաբերում է արտիկուլյացիային, տեմպերին (դափի, թառի ոճով) և այլն: Կոմիտասի գործերը դեռ շատ գաղտնիքներ ունեն իրենց մեջ և դեռ կարոտ են վերծանումների:

Այս թեմայով