05 Հունիս 2013, 15:51
158 |

Թատրոնով ապրելով

Նա խաղացել է Օթելլո, Ռոմեո, Համլետ, Մակբեթ, Լիր արքա, Կորրադո, Ուրիել Ակոստա, Օսվալդ, Կարլ Մոոր, Հայնրիխ, Արբենին... Խաղացանկը հարուստ էր նաև ազգային դրամատուրգիայի կերպարներով` Սեյրան, Վարդան, Կարան…

Առաջին իսկ դերին ու բեմելին հաջորդեց սեփական անձի ու արվեստի անցողիկության զգացումը: Դրա գիտակցումն ունեցել են գրեթե բոլոր արտիստները, նրանց արվեստը սկսվում և ավարտվում է ներկայացման պահին: Ու մնում է լոկ հիշողություն' մի քանի ազդագիր, լուսանկարներ, ու, եթե բախտդ բերի, մի քանի նկարագրություն: Մարում են բեմի լույսերը, ու վերջ: Ինչ-որ ողբերգական բան կա այս ամենի մեջ:

Պետրոս Ադամյան, Ազնիվ Հրաչյա, Հովհաննես Աբելյան և Վահրամ Փափազյան. այս անունները հայ թատրոնի պատմության մեջ առանձնահատուկ դեր և դիրք են գրավել: Նրանց ստեղծագործական վաստակը, որպես մնայուն արժեք, դարձել է համաշխարհային թատրոնի սեփականությունը' մնալով միաժամանակ նաև հայկական թատրոնի փառքն ու պարծանքը:

Այս տարի լրանում է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակը: Նրան համարել են «երկրորդ Ադամյան»: Փափազյանը ծնվել է Պոլսում, թատերական կրթություն ստացել է Վենետիկում և Միլանի արվեստների ակադեմիայում, կատարելագործվել Փարիզում: Փափազյանի բեմարվեստի ուսուցիչներն էին Է. Նովելլին, Է. Դուզեն, Է. Ձակոնին: Այս ամենին գումարվել է նաև այն փորձը, որը նա ժառանգել է իր նախորդ դարաշրջանի վարպետներից: Նրանցից մեկը Մնակյանն է: Փափազյանը գրում է. «Ես չգիտեմ անգամ, թե ում շնորհակալ լինեմ իմ վարպետներից, Նովե՞լլիին, Ցակկո՞նիին, Ջիռալդո Գո՞ցցիին, թե Մնակյանին»: Նա խաղացել է իտալական և ֆրանսիական թատերախմբերի հետ, Պոլսում և Զմյուռնիայում, Թիֆլիսում և Բաքվում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Ուկրաինայում, իսկ 1954-ին հաստատվել է Երևանի Սունդուկյան թատրոնում:

Փափազյանը նման էր թափառող ողբերգակներին, որոնք հանդես էին գալիս ամենատարբեր, երբեմն պատահական բեմահարթակներում: Հյուրախաղերով հանդես գալով «աշխարհի բեմահարթակներում»' Փափազյանը հռչակ է ձեռք բերել շեքսպիրյան դերերի կատարմամբ:

Նրա արվեստը հրաշալի բնորոշել է տվել Մարտիրոս Սարյանը. «Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով զգում ես և խստապես համոզվում, որ, իրոք, հայը աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է»:

Փափազյանը երկար է աշխատել դերի գաղափարական և գեղարվեստական միջուկը բացահայտելու համար: Պատճառաբանված է եղել կերպարների յուրաքանչյուր գործողությունը, խոսքի և ժեստի շարժիչ սկզբնապատճառը: Նրա շեքսպիրյան դերերի ուսումնասիրությունները գրքեր են դարձել' «Իմ Օթելոն», «Համլետը' ինչպես տեսա», «Լիր արքա»: Փափազյանի հիշողություններն էլ գեղարվեստական երկի են վերածվել: Նրա «Հետադարձ հայացքը» կարելի է համարել հայ արձակի գոհարներից մեկը:

Այս թեմայով