30 Մարտ 2012, 11:18
1932 |

Ընտրվածը

Երևանի ամենակենտրոնում՝ Արամի փողոցում գտնվող փոքր բացօթյա արհեստանոցը Վարազդատ Համբարձումյանի սրբոց սրբավայրն է: Վարպետ Վարոն այստեղ գալիս է ամեն օր՝ թե՛ ամառվա տապին, թե՛ ձմեռվա ցրտին: «Երբ ամբողջ օրը շարժման ու աշխատանքի մեջ ես, եղանակին շատ ուշադրություն չես դարձնում», — պատմում է Վարազդատը: Իր գործը վարպետը չի սիրում աշխատանք կոչել. «Խաչքար ստեղծելը ոչ թե աշխատանք է, այլ ծառայություն»:

Հենց մայթին տեղադրված խաչքարերն անհնար է չնկատել: Կապույտ բրեզենտով ծածկված արհեստանոցը ձգում է անցորդների հայացքները: Ոմանք գործով են կանգ առնում, մյուսներն ուղղակի ուզում են զրուցել: Երկար տարիների ընթացքում Վարոյի հաճախորդներն իր մտերիմ ընկերներն են դարձել: Պատահում է՝ խաչքար են պատվիրում տան կամ ճամփեզրին, հարազատի գերեզմանին տեղադրելու համար:

Վարազդատն այսպես վաղուց է ծառայում: Իր առաջին խաչքարի էսքիզը նախկին պրոֆեսիոնալ մոդելավորողը ավելի քան 20 տարի առաջ էր նկարել: «Մութ ու ցուրտ 90-ականներին պետք էր ինչ-որ կերպ կերակրել հինգ երեխայի»: Այն տարիներին սնկի պես աճող կրպակների փոխարեն Վարազդատը գերադասեց ավելի հին ավանդույթը: «Ընտրությունն իմը չէր, խաչքարերն իրենք են քեզ ընտրում», — վստահեցնում է վարպետ Վարոն: «Այդպես, ես խաչքարերով էի զբաղվում, Աստված՝ իմ երեխաներով», — կատակում է նա:

Հայկական քարե խաչերը դարձան Վարազդատի այցեքարտը: Աշխատանքային տարիների ընթացքում մուրճով ու հատիչով նա կատարելագործում էր ոչ միայն հսկա վարդագույն քարե բեկորները, այլ նաև սեփական վարպետությունը: Ի վերջո, նա ձևավորեց սեփական, ավանդական կանոններից խիստ տարբերվող ոճը:

«Ավանդական դասական խաչքարերը ինչ-որ չափով եկեղեցական ծիսակարգերն են հիշեցնում: Տեր հայրը չի կարող խախտել կարգն ու սեփական աղոթքը հնչեցնել: Իսկ մարդիկ՝ յուրաքանչյուրն աղոթում է ինչպես կարող է: Ու եթե դու քեզ համար ինչ-որ բան ես խնդրում, դա չի նշանակում, որ սխալ ես գործում», — բացատրում է վարպետը:

2 000 տարվա ընթացքում ավանդույթները փոփոխություններ են կրել: Վարպետի մուրճը փոփոխել է ոչ միայն առանձին դետալներ, այլև խաչքարի ուղղանկյուն ձևը՝ առաջացնելով բազմաթիվ եկեղեցականների ու արվեստագետների վրդովմունքը: Միևնույն ժամանակ Վարոյի ոճը լավ ընդունվեց սովորական մարդկանց կողմից: Այս քարե կերտվածքները դառնում են և՛ ուրախության, և՛ տխրության վկաներ:

«Խաչքարը յուրատեսակ միջնորդ է, որին մարդը վստահում է ամենագաղտնի մտքերը», — համոզված է Վարազդատը:

Այս թեմայով