13 Մայիս 2014, 14:07
1499 |

Երբ մտոցն էլ չի լռում

Մենք` մտոցներս, հայերի նման ենք, որքան էլ տարբեր` նույն ջուրն է հոսում մեր միջով:

Մարդկանց ճանաչելու հազար ու մի ձև կա` ձայնից, ժպիտից, այս կամ այն ժեստից, արտաքինից, իսկ մենք կոշիկներից ենք ճանաչում մարդկանց: Երբեմն իրար հետ գրազ ենք գալիս, թե` այ, կտեսնես, այսինչն այս տարի էլ կոշիկ չի առնի, բայց այսինչը հաստատ կառնի, այն էլ` մի համար փոքր, որ ոտքերը փոքր երևան: Մեզ համար մարդիկ սկսում են ոտքերից:

Ոմանք վախվխելով, մյուսները` հաստատակամ գալիս-կանգնում են ուղիղ կափարիչներիս վրա ու սկսվում է պատմությունների տարափը: Գրողը տանի, երբեմն ամենալավ մասից որոշում են քայլելով շարունակել խոսակցությունը, հույսներս հարևաններն են, որոնք հասցնում են ինչ-ինչ պատառիկներ որսալ խոսակցությունից: Չկարծեք` ուրիշների կյանքով ենք ապրում, պարզապես հետաքրքրվում ենք մեր շրջապատով: Ինչ արած, Ֆեյսբուք չկա` մարդկանց հետ հարաբերվելու համար ստիպված ենք իրական կյանքով «յոլա գնալ»:

Մեզ հիշում են, երբ սպասում են ինչ-որ մեկին, կանգնում-սկսում են ճոճվել` սպասման ժամանակը ցրելու համար, իսկ երբ հեռախոսով զրուցելիս են լինում` գլուխներս պտտվում է` այնքան են աջ ու ձախ գնում մեկ մետր տարածության վրա. կարծես հաստատվեն այդ փոքր տարածության վրա:

Հեռանում, միացում, ամուսնալուծություն, սեր, խաղ` ինչ ասես` չենք տեսել, ոչ բրազիլիական սերիալները, ոչ հնդկական ֆիլմերը կկարողանան փոխարինել մեկ օրում մեր տեսածին:

Մենք` մտոցներս, հայերի նման ենք, որքան էլ տարբեր` նույն ջուրն է հոսում մեր միջով: Եթե գլխներիս կափարիչ կա, ուրեմն` նաև խորություն պետք է ունենանք: Դե, լավ, հա, երեսով մի տվեք` ո՞ւմ ներսում մութ չէ, կարևորը` մթության մեջ կարողանանք լույս տեսնել, իսկ լույս կա բոլորիս ներսում:

Մեզ էլ են ասֆալտում, բայց դե կյանքն է այդպիսին: Ով ասեց, որ ամերիկաներում մտոցները չաղ ու բախտավոր են ապրում ու մի բարձի ծերանում:

Մեզնով ամենաշատը երեխաներն են հետաքրքրվում` բա չիմանան` ի՞նչ կա ներսում: Հետո մեծանում են, ու սկսում իրենց մթության խորքերը չափչփել:

Մենք էլ` մարդկանց նման, երբ երկուսով խռովում ենք իրարից` տուժում է նաև երրորդը. ջրերիս փեշերը քաշում`առանձնանում ենք, ու սկսվում են խցանումները: Մենք վիճում ենք` մարդիկ ընկնում են կրակը, բահ ու քլունգն առնում, սկսում են փորել, խողովակ են փոխում: Ու նորից խշշ` մեր ջրերը ստիպված նորից մի առվով հոսեցին:

Շատերին միայն մեկ հարց է հուզում` դժվա՞ր է մտոց լինելը: Որպես կես դարից ավելի ապրած, բոլոր ռեժիմներին իմ աչքով տեսած իմաստուն մտոց՝ կասեմ հետևյալը. դժվարը մտոց չլինելն է:

Այս թեմայով