29 Նոյեմբեր 2013, 10:04
1585 |

Դալանակալած պատմություններ

Երբ անձրևում է, փրկությունը դալանն է: Այստեղ պատահող պատմություններն էլ են կոր և երբեք չես իմանա` ծայրերն ինչպես իրար կմիանան:

Սելավ է, ու ահավոր ցուրտ: Բացի ինձնից, դալանում մի տատ ու պապ են կանգնած. սփյուռքահայ են: Նման չեն մեր տատերին ու պապերին: Տատը 70-ն անց կլինի, բայց եղունգները մուգ կանաչ են ներկած, մազերը' կարմրավուն, պապին էլ դիմում է «սիրելիս»-ով: Տատս տանը նստած հիմա գուլպա գործելիս կլինի' սերիալի միատիպ հնչյունների տակ, իսկ պապս, եթե կենդանի լիներ, թերթ կարդալիս կլիներ:

- Ցուրտ է,- ասաց տատն ու ձեռքերով մտավ պապի վերարկուի մեջ:
Պապը նայեց ինձ, ժպտաց երեխայի նման, հետո համբուրեց տատի գլուխը: Մտքովս անցավ՝ պապս տատիս վերջին անգամ տեսնես ե՞րբ է համբուրել:
- Ասում եմ՝ ցուրտ է, պինդ գրկիր ինձ,-համառում է տատը:
Պապին վարանելով ինձ է նայում, հետո հայացքը թեքում ու տատին մի լավ գրկում: Ինձ ավելորդ եմ զգում դալանում, անձրևն էլ հորդում է չտեսի նման: Չգիտեմ ինչի' հուզվում եմ:
-Վայ, քոռանամ ես, երևի մեծ մամդ ու պապդ մահացած են, հա՞,- տատին նկատում ու գալիս է ինձ մոտ:
- Չէ, ուղղակի երբեք մերոնց չեմ տեսել իրար գրկած…

***

Աշո՞ւն էր, թե՞ գարուն, չեմ հիշում, կարևորը' անձրև էր գալիս: Անձրևի աշնանայինն ու գարնանայինը ո՞րն է: Կարևորը՝ դալանը ճամփիս վրա էր: Բայց ինձնից առաջ արդեն երկու ընկերներ ու մի զույգ հասցրել էր զբաղեցնել դալանի իմ սիրած տեղը' աջ պատի կորի մոտ:
Ընկերները մտահոգ էին:

- Երկուշաբթի գնալու եմ վայինկոմատ, գեներալնի կամիսիան ա: Երեկ սրտաբանականից կանչեցին, էլի էն ապարատը տվեցին, որ մի օր դնեմ ու սրտիս աշխատանքը ստուգեն: Գիտես' ի՞նչ եմ արել: Երեկ ամբողջ օրը մի լավ ծխել եմ, խմել, իրիկունն էլ դուրս եկա վազելու, վոպշըմ' սիրտս գմփցրել եմ: Գիշերն էլ' տղերքից մեկի հետ հոկտեմբերյանախառը սրտիս կենացը խմեցինք ու գիշերը չքնեցի: Երևի հիմա բժիշկե նայե' վախեցել ա: Ախպերս, բիլետս ձեռս ա' առանց ծառայելու ու առանց փողի:
- Մենք էլ էշ-էշ քցվեցինք, որ բիլետս առանք: Հալալ ա քեզ, ապե:
«Ապուշ անձրև է, ինքն էլ չգիտի' ինչո՞ւ է գալիս».- նյարդերս արդեն տեղի են տալիս, բայց երիտասարդ զույգը փչացրեց անձրևին հայհոյելու միտքս:
- Քեզ ասել էի, եթե ախպերս ասաց' չէ, ուրեմն չէ:
- Բայց ինչի՞ ես էդպես մտածում, ես ախպորդ հետ չեմ, չէ՞, ապրելու:
- Բայց ասա, որ ախպերս ճիշտ ա ասում: Ոչ նորմալ գործ ունես, ոչ ավտո, ոչ տուն, ոչ էլ նորմալ ընտանիք: Կներես, բայց ճիշտն էդ ա: Ասենք' ամուսնացանք, հիմա պապաս որ ուզենա գա ձեր տուն, գալու ա' ի՞նչ անի: Պապա չունես, որ հետը զբաղվի, հո մամայիդ հետ չի՞ նարդի խաղալու:
- Ես սիրում եմ քեզ, դու' ինձ: Ի՞նչ անիմաստ բաների հետևից ենք ընկել:
- Ուզում ես ասել, որ իմ ընտանիքը քո համար անիմա՞ստ ա:
24-25 տարեկան կլինի էս զույգը. մեկ-մեկ դալանը տատիս սերիալները տալիս-անցնում է. թաշկինակն է պակասում:

***

Էլի անձրև ու էլի դալան: Դալանում մենակ եմ: Սիրուն անձրև է, ես կասեի' երաժշտական. ամեն կաթիլ նախորդի արտաբերած հնչյունն է շարունակում: Դալանի պատերին հետքեր են' ընկերության ու բաժանության: Փողոցում մարդ չկա, ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում. միայն անձրևն է շտապում մարդկանցից մաքրել փողոցները, փողոցից' կեղտն ու փոշին' կասեր Հախվերդյանը: Երգում եմ, լավ թրջված մի շուն կողքից ձայնակցում է: Անձրևս ստացվեց:

***

Նորից անձրև, մշուշ, ամպ: Դալանում կանգնելու տեղ չկա' առջևում Ամանորն է: Մարդիկ մրջյունների նման կրում ու կրում են:
- Մնացին չրերն ու նվերները: 20 000 կտանք չրերին, մի 20-ն էլ' նվերներին:
- Որ չիր չդնենք սեղանին, ի՞նչ կլինի: Էլ ձեռս փող չկա, 10-15 000 ա մնացել, էն էլ' էդ օրերին լիքը տեղ ենք գնալու, տաքսիա-բան ա:
- Ո՞նց թե չիր չդնենք: Էդ որ քո արաղները տեսակ-տեսակ առնում էիր, էդ' հեչ, հերթը հասավ չրերիս' փող չկա՞:
- Գիտես՝ ձմեռը գործ չի լինում, էս անտեր վարկի տակից ոնց ենք դուրս գալու: Ծախսերդ ես հաշվում: Աչքներս թարթենք' վարկը մուծելու ժամանակն ա լինելու:
- Ոչինչ, կաշխատես-կփակես, բա դու ինչի՞ համար ես:
Նորից սկսում եմ կռվել անձրևի հետ, թե' ո՞վ է տեսել ձմռան կեսին անձրև գա: Բայց դեռ մի լավ չհայհոյած' ընկնում եմ երկու ընկերուհիների խոսակցության մեջ:
- Մնում ա մի հատ թույն կարմիր բլուզ առնենք ու վերջ: Պատկերացնում ես' ինչ հավես կլինի' կարմիր բլուզ ու սպիտակ շալվար: 8000 դրամ մնաց, կհերիքի չէ՞:
- Մի մտածի, իմ մոտ փող կա: Կարևորը' Նոր տարին նոր շորերով դիմավորես:

Չդիմացա: Դուրս թռա: Մեկ-մեկ արժե թրջվել, մինչև վերջ, մինչև անձրևի կաթիլները կմաքրեն դալանում շրջող պատմությունները …

Այս թեմայով