27 Սեպտեմբեր 2013, 10:30
2637 |

Արվեստ վաճառելու արվեստ

Պատկերասրահն այն տարածքն է, որը հիմնվում է անհատների կողմից և նախատեսված է կերպարվեստի ցուցադրության համար, ընդ որում՝ ցուցադրվող աշխատանքները սովորաբար վաճառքի են հանվում (երբեմն այդպես են անվանում նաև գեղարվեստի թանգարանները, օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ): Փաստորեն, պատկերասրահը հանդես է գալիս որպես արվեստի շուկայի մասնավոր հատված: Որքան էլ զարմանալի թվա, 90-ականների շրջափակման ու ցուրտ ու մթի պայմաններում Երևանում նոր կյանք սկսեց ստանալ արվեստը, իսկ խորհրդային կարգերի փլուզման արդյունքում նոր կարևորություն ստացած մասնավոր գործունեությունը ծավալվեց նաև արվեստի շուկայում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ովքե՞ր են եղել առաջագնացները, և ի՞նչ ունենք այսօր՝ պատմում են ոլորտի ներկայացուցիչները:

Առաջին փորձեր
Հայաստանյան արտ շուկայի առաջագնացներից մեկը՝ Նազարեթ Կարոյանը դեռ 1987 թվականին սկիզբ առած «3-րդ հարկ» արտ խմբի անդամն էր: Նրա խոսքերով, խմբի գործունեության մեջ երկու մոտեցում էր իշխում, առաջինը՝ շարժում, էներգետիկա, գործունեություն, երկրորդը՝ կառուցվածք, բյուրեղացում, կարգավորում, որի հիմնական կրողը նա էր. «Երբ արտ խմբի ակտիվությունը սկսեց ակնհայտորեն նվազել և տարրալուծվել, ես որոշեցի գնալ իմ ճանապարհով: Հնարավոր չի անընդհատ շարժում ունենալ, այն մարելու հատկություն ունի, ու թեև դժվար ժամանակներ էին գալիս, կյանքը պետք է շարունակվեր, և ես ընտրեցի մասնավոր պատկերասրահ հիմնելու ճանապարհը»: Կարոյանը կուտակեց 7-8 արվեստագետների աշխատանքներից բաղկացած հավաքածու և սկսեց փնտրել տնտեսական հիմք ունեցող գործընկերների, ովքեր կվստահեին իր փորձին և միասին կկարողանային իրականացնել նպատակը: Իր համախոհը դարձավ «3-րդ հարկի» նկարիչ Կարապետ Թերզյանը (Կարո), իսկ տնտեսական առումով իրենց ներդրումը կատարեցին ռեժիսոր Արմեն Մազմանյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և ևս մի քանի հոգի, ովքեր ստեղծեցին «Գոյակ» կոմերցիոն ստեղծագործական-առևտրային ասոցիացիան, որի նախագծերից մեկն էլ հենց պատկերասրահի հիմնումը եղավ: Այդ ժամանակ Կարոյանը արդեն շուրջ 40-45 նկարիչների մոտ 250 աշխատանք էր հավաքել և 1991-ի աշնանը Նկարիչների միությունում բացվեց առաջին մեծ ցուցահանդեսը: Ի դեպ՝ նույն այդ թվականին Երևանում՝ իր սեփական տան նկուղում, «Կռունկ» անունը կրող առաջին պատկերասրահը բացեց Արմեն Մկրտչյանը, սակայն մի քանի տարի առաջ նա մեկնեց ԱՄՆ, և պատկերասրահի գործունեությունը դրանով ավարտվեց:

Հետաքրքիր է, որ «Գոյակ» պատկերասրահը ֆիզիկապես գոյություն չուներ, այն դեռևս նախագծային վիճակում էր, մինչդեռ կուտակված հավաքածուն լայնորեն ցուցադրվում էր: Երկրորդ խոշոր ցուցահանդեսը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 1992-ի աշնանը, Մոսկվայում. դա հայ արվեստագետների՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենախոշոր ցուցահանդեսն էր երկրի սահմաննե-րից դուրս: Հավաքածուն շատ մեծ դժվարություններով հասավ Մոսկվա, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին արդեն անհանգիստ էր, և արդյունքում հավաքածուի վերադարձը Հայաստան անհնար դարձավ: Դրա հետ մեկտեղ տեղի էր ունենում նաև գնաճ, որն անհնար էր դարձնում արվեստի գործերի վաճառքից իրական հասույթ ստանալը: Այս իմաստով «Գոյակը» դարձավ ոչ թե կոմերցիոն հաստատություն, այլ այլընտրանք արվեստի պետական թանգարաններին: Վերոնշյալ ցուցահանդեսից հետո Կարոն մեկնեց Մոսկվա՝ հավաքածուին տիրություն անելու համար, բայց արդյունքում դա եղավ ֆիզիկապես գոյություն չունեցող պատկերասրահի նաև գաղափարական վերջը. կապը խզվեց, և այլևս ոչինչ անել չստացվեց: Ընդհանուր առմամբ «Գոյակ» պատկերասրահն ապրեց մոտ 2 տարի:

Բայց սրանով Կարոյանը իր նպատակից հետ չկանգնեց. «Ես փորձում էի հասկանալ կատարվածը և կողմնորոշվել պատերազմական վիճակում հայտնված երկրում, ինչը հեշտ խնդիր չէր», — հիշում է նա:

1993 թվականի ձմռանը իր կոլեգաներից մեկի՝ արվեստագետ Սահակ Պողոսյանի խորհրդատվությամբ Կարոյանի հետ համագործակցության առաջարկով Նյու Յորքից Երևան ժամանեց քանդակագործ Չառլի Խաչատրյանը: Միասին կազմակերպեցին ցուցահանդես, իսկ կես տարի անց՝ 1994-ի ամռանը, հիմնեցին Ex-voto պատկերասրահը: Այն իր ցուցադրությունը բացեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մի թևում, որտեղ երեք ցուցասրահ կար: Ցուցադրում էին «3-րդ հարկի» մասնակիցներին, ինչպես նաև Սարգիս Համալբաշյանին, Ռուբեն Գրիգորյանին և ուրիշներին: Բայց այս պատկերասրահն էլ երկար չգոյատևեց. խնդիրները մի քանիսն էին: «Մի կողմից իմ և Չառլիի միջև տարաձայնություններ կային՝ կապված պատկերասրահի աշխատանքի կազմակերպման, գործառույթների բաշխման հետ, մյուս կողմից էլ արցախյան պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ փորձում էին մարսել կատարվածն ու վերակազմակերպել իրենց կյանքը. օրվա հացի խնդրով զբաղված հասարակությանն արվեստը քիչ էր հետաքրքրում, — պատմում է Կարոյանը: — Ինչ-որ առումով այդ պատկերասրահն իր բովանդակությամբ իմ իդեալիստական պատկերացումների իրականացումն էր՝ ինչպիսին պետք է լինի պատկերասրահը: Այսինքն՝ դա ավելի շուտ ոչ թե պատկերասրահ էր բառիս բուն իմաստով, այլ պատկերասրահի օրինակ էր, հայեցակարգ»:

Ինչ վերաբերում է վերջին 10-15 տարիներին բացված և փակված պատկերասրահներին, ապա փակվելու հիմնական պատճառը, ըստ Կարոյանի, արվեստի շուկայի մասնավոր հատվածի հանդեպ պետության քաղաքականության և վերաբերմունքի բացակայությունն է, հակառակ դեպքում դա մեծ խթան կհանդիսանար այդ ոլորտի զարգացման համար:

«Գոյակ» և Ex-voto պատկերասրահների համահիմնադիր Նազարեթ Կարոյանը
«Գոյակ» և Ex-voto պատկերասրահների համահիմնադիր Նազարեթ Կարոյանը

Ճգնաժամի զոհերը
Հետաքրքիր, բայց ոչ շատ երկար կյանք է ունեցել մայրաքաղաքի մեկ այլ պատկերասրահ՝ «Գևորգյանը», որի գործունեությունը, սակայն, արդեն անցել է հետցուրտումթային 2000-ականներին: Հիմնադիր Սերգեյ Գևորգյանը պատմում է, որ մշտապես գտնվել է նկարիչների միջավայրում, նրանցից շատերի գործերն էլ հավանել է և երկար ժամանակ մտածել պատկերասրահ բացելու մասին, որպեսզի կարողանա ցուցադրել այդ արվեստագետներին և նպաստել նրանց ճանաչմանը: 2004-ին Թումանյան 38/1ա հասցեում բացվեց «Գևորգյան» պատկերասրահը, որի երկու սրահներում ներկայացված էին 8 նկարիչների և 4 քանդակագործների աշխա-տանքներ: Այստեղ պարբերաբար կազմակերպվում էին անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև ցուցադրվում էին արտասահմանյան ստեղծագործողների աշխատանքներ։ «Գևորգյանը» կարճ ժամանակում դարձավ Երևանի ամենաակտիվ մշակութային վայրերից մեկը, գործեց հինգ տարի, բայց այս անգամ էլ վրա հասավ համաշխարհային ճգնաժամը: «Ես սիրով ու նվիրումով եմ բացել այդ պատկերասրահը, որը դեռ երկար կապրեր, եթե… 2009 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար և առաջին հերթին՝ Երևանի: Ես հասկացա, որ մարդիկ պետք է ապահովված լինեն, որպեսզի կարողանան մտածել արվեստի մասին: Տնտեսական ճգնաժամն արգելակեց պատկերասրահի գործունեությունը, ստիպված եղա այն փակել: Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում կրկին բարենպաստ պայմաններ կստեղծվեն և պատկերասրահը հնարավոր կլինի վերաբացել», — հույս է հայտնում Սերգեյ Գևորգյանը' վստահությամբ ավելացնելով, որ այդ ցանկությունը միայն իրենը չէ:

Ճգնաժամի զոհ դարձած «Գևորգյան» ցուցասրահը
Ճգնաժամի զոհ դարձած «Գևորգյան» ցուցասրահը

Հաջողության գրավականը
Նույն 2000-ականներին ոլորտում ևս մի կետ ավելացավ՝ «Արամե» պատկերասրահը: Եվ հաջողությամբ գործում է մինչ օրս: Գրավականներից մեկը հիմնադիր Արամ Սարգսյանի փորձն էր. նախքան պատկերասրահի բացումը նա արդեն մեծ միջազգային փորձ ուներ, ծանոթ էր օտարերկրյա պատկերասրահների գործունեությանը, միջավայրին: «Ես շատ վաղուց էի գործունեություն ծավալել արվեստի ոլորտում, ի պաշտոնե զբաղվում էի ցուցահանդեսների կազմակերպմամբ ինչպես Երևանում, Գյումրիում, այնպես էլ արտա-սահմանում, սերտ կապեր էի հաստատել սփյուռքահայերի հետ, — պատմում է Արամ Սարգսյանը: — Հայաստանում պատկերասրահը որպես մասնավոր արվեստի ձև, շատ թերի է զարգացած, ներկայումս գործում են ընդամենը մի քանի պատկերասրահներ, ինչը նշանակում է, որ դաշտը դեռևս ձևավորված չէ, և դա մեծապես դժվարացնում է մեր աշխատանքը»: Իր կարծիքով, հենց այդ պատճառով է, որ կան շատ մարդիկ, ովքեր չեն համարձակվում պատկերասրահ բացել կամ էլ այնքան խելացի են, որ պատկերացնում են դրա դժվարությունները: «2003-ին, երբ որոշեցի բացել «Արամեն», ընկերներիցս շատերն ասում էին, թե խելքս թռցրել եմ, եթե Հայաստանում նման բան եմ որոշել ձեռնարկել: Բայց ես վստահ էի, որ եթե մեխանիզմները ճիշտ օգտագործեմ, ապա ամեն ինչ կստացվի: Նախքան բացումը դեռևս հավաքածու չունեի, բայց գիտեի, որ պետք է արվեստագետների հետ լավ թիմ ձևավորել՝ նրանց հետ հետագայում համագործակցելու համար: Ի վերջո, մասնավոր պատկերասրահի հեղինակությունը անմիջականորեն կապված է այն արվեստագետների հետ, ում ցուցադրում ես: Բացի այդ, արվեստագետներն իրենք էլ, հատկապես եթե որոշակի հաջողության արդեն հասել են, շատ քմահաճ են պատկերասրահների ընտրության հարցում: Բարեբախտաբար, մեր պատկերասրահում տեղ են գտել այնպիսի նկարիչների աշխատանքներ, որոնք թանգարանային են»:

«Արամե» պատկերասրահի հիմնադիր Արամ Սարգսյանը
«Արամե» պատկերասրահի հիմնադիր Արամ Սարգսյանը

Բայց մնայուն հավաքածու ստեղծելով պատկերասրահի աշխատանքը չի ավարտվում. կլոր տարին պատկերասրահը կազմակերպում է ցուցահանդեսներ ինչպես իր ցուցասրահներում, այնպես էլ արտասահմանում, հրատարակում հավաքածուի և ցուցադրությունների կատալոգներ, մշտապես կապ պահպանում ինչպես արվեստագետների, այնպես էլ հնարավոր գնորդների հետ: Միայն այս ամենի պարագայում, վստահ է Սարգսյանը, հնարավոր է «աշխատեցնել» պատկերասրահն ու ստանալ հասույթ. «Ժամանակին Երևանում բացված պատկերասրահների մեծ մասը փակվել է հենց այն պատճառով, որ չի կարողացել պահպանել ֆինանսական գոյությունը»:

Մեկ այլ գաղտնիք. պետք է հենց սկզբից հասկանալ, որ նման հաստատությունը միայն հասույթի համար չի գործում, այն նաև գեղագիտական ճաշակ է ձևավորում, կրթում է հասարակությանը: «Պետք է ասեմ, որ «Արամեի» բացումը նաև քաղաքի հանդեպ սիրո դրսևորում էր. ես գտնում եմ, որ ինչպես սրճարանները, հյուրանոցները, զվարճանքի կենտրոնները, այնպես էլ պատկերասրահներն իրենց տեղն ունեն քաղաքի մշակութային կյանքում», — վստահ է Սարգսյանը:

Պատկերասրահի գործունեության արդյունավետության ապացույցներից ամենացայտունը, թերևս, մասնաճյուղի բացումն էր 9 տարի անց՝ աննախադեպ երևույթ այս շուկայում Հայաստանում:

Ինչ վերաբերում է այլ պատկերասրահներին, ապա «Արամեի» հիմնադիրը չի դիտում դրանց որպես մրցակից. «Հակառակը՝ որքան շատ լինեն, այնքան լավ, այնքան շատ մարդիկ կօգտվեն արվեստին մոտ դառնալու հնարավորությունից, մշակութային կյանքը կակտիվանա, կշահեն բոլորը»:

«Արամե» պատկերասրահը
«Արամե» պատկերասրահը

Ցուցադրվելու հնարավորություն
Բոլորը շահեցին, մասնավորապես Աբովյան փողոցի հայտնի «ֆոտոյի դալանում» բացված «Դալան» պատկերասրահի բացումից: Սկզբում բացվեց հուշանվերների խանութը, իսկ 2011-ի հուլիսի 1-ին՝ ցուցասրահը: Դրա հիմնադիր Արա Մելքոնյանը ասում է, որ «Դալանի» բացումը հնարավոր դարձավ ոչ միայն իր և իր եղբոր՝ Դավիթ Մելքոնյանի, այլև մի խումբ նկարիչների ու քանդակագործների ջանքերի ու ցանկության շնորհիվ, ովքեր մեծ սիրով աջակցեցին և իրենց ավանդը ներդրեցին. «2 տարում շուրջ 30 ցուցահանդես ենք կազմակերպել՝ ցուցադրելով տարբեր ժանրի արվեստագետների՝ ամենաերիտասարդներից մինչև հասուն և ճանաչված: Մեր ցուցասրահի հիմնական նպատակը բացման օրից ի վեր մեկն է եղել՝ ցուցադրել այն արվեստագետներին, ովքեր այլ պատկերասրահներում կամ ցուցասրահներում ներկայացված չեն, բայց արժանի են դրան»: Իսկ ինչ վերաբերում է կոմերցիոն կողմին, ապա «Դալանն» այդ հարցում միջնորդի դեր է կատարում այնքանով, որ նկարչին հնարավորություն է տալիս ցուցադրվելու և գտնելու իր գնորդին կամ հակառակը, իսկ ցուցահանդես-վաճառք, որպես այդպիսին, այստեղ չի կազմակերպվում: Վերադառնալով իր աշխատանքին՝ Արա Մելքոնյանը հպարտությամբ ասում է. «Ես հին երևանցի եմ, շատ եմ սիրում իմ քաղաքը և երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ երազած անկյունը ստեղծել այստեղ»:

Նախկին «ֆոտոյի դալանում» բացված «Դալան» պատկերասրահը
Նախկին «ֆոտոյի դալանում» բացված «Դալան» պատկերասրահը

Գտնել քո տեղը
Նկարիչ Գագիկ Ղազանչյանը ցուցադրվել է «Գևորգյան», ապա՝ «Արամե» պատկերասրահներում: Ինչպես իր կոլեգաներից շատերը, նա վստահ է, որ արվեստագետի համար պատկերասրահների գոյությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա նկարիչը ո՛չ կցուցադրվի, ո՛չ էլ կվաճառի իր աշխատանքները: Բայց դժգոհ է այսօր քաղաքում գոյություն ունեցող պատկերասրահների քանակից. «Հաշվի առնելով Երևանում ստեղծագործող արվեստագետների թիվը՝ քաղաքում գոնե 30-35 պատկերասրահ պետք է գործի: Ես իսկապես շատ կուզենայի, որպեսզի պատկերասրահի ինստիտուտը Հայաստանում կայանա, որովհետև նկարիչը չպետք է զբաղվի վաճառքի հետ կապված հարցերով, գին ասի, սակարկի. դա իր խնդիրը չէ, նկարչի միակ խնդիրը ստեղծագործելն է»:

Այդ հարցում համաձայն է նաև «Արամեում» ցուցադրվող նկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Իր կարծիքով՝ Հայաստանում մասնավոր պատկերասրահների գոյությունը խիստ կարևոր է արվեստագետների համար, քանի որ դա հնարավորություն է տալիս մտածելու բացառապես ստեղծագործելու մասին, և ոչ այն մասին, թե ինչպես այդ ստեղծագործությունը հասցնել արվեստասերին, արվեստի գործերի հավաքորդին: Իսկ աշխատանքի իրացումն իսկապես կարևոր է նկարչի համար: «Եթե թանգարանները ոչ կոմերցիոն հաստատություններ են, որոնք միայն ցուցադրում են այս կամ այն հեղինակի աշխատանքները, ապա մասնավոր պատկերասրահները և՛ ցուցադրում են, և՛ առաջարկում են ձեռք բերել ներկայացվող արվեստագետների ստեղծագործությունները: Դա մի գործընթաց է, որից շահում են թե՛ տվյալ պատկերասրահը, թե՛ հեղինակը, թե՛ աշխատանքը ձեռք բերած արվեստասերը: Բոլոր այն փոքրաթիվ մասնավոր պատկերասրահները, որոնք գործում են Երևանում, կարող են գոյատևել և զարգանալ միայն ու միայն կատարած բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, իսկ դա առայժմ ոչ բոլորին է հաջողվում»:

Նկարիչ Աշոտ Գրիգորյանի կարծիքով' վիճակը դեռ շատ հեռու է նորմալից, քանի որ Երևանում պատկերասրահներն այսօր այնքան քիչ են, որ նկարիչը չունի ընտրության հնարավորություն, իսկ արվեստի մասնավոր շուկան Հայաստանում պարզապես մեռած է. «Չէ՞ որ ոչ միայն պատկերասրահն է ընտրում նկարչին, այլև հակառակը: Յուրաքանչյուր պատկերասրահ որոշակի սկզբունքներով և գեղագիտական արժեքներով է առաջնորդվում, և այսօրվա պատկերասրահների թվում ինձ համար չկա այնպիսին, որտեղ ես կուզենայի ներկայացնել իմ աշխատանքները, որովհետև սկզբունքորեն տարբեր մոտեցումներ ունենք արվեստի հանդեպ: Ես շատ շնորհքով նկարիչների գիտեմ, ովքեր նույնպես երևանյան պատկերասրահներում չեն ցուցադրվում կամ վաճառվում նույն այդ պատճառներով»:

Այդուհանդերձ, սեփական աշխատանքներն իրացնելու հնարավորություն կա նաև առանց ցուցասրահներում ներկայացված լինելու. «Պատահում է, որ հարևանն է գնում, պատահում է, որ ծանոթ-բարեկամների միջոցով որևէ գնորդ այստեղից կամ արտասահմանից իմանում է իմ ստեղծագործությունների մասին և գնում մի քանիսը, պատահում է, որ ստիպված եմ լինում պատվերներ կատարել: Այդպես եմ վաստակում գումարս, բայց դա ճիշտ չէ. արվեստագետի համար երջանկություն է, երբ նա պարզապես ստեղծագործում է, իսկ մնացած խնդիրներն ինքը չէ, որ պետք է լուծի: Իսկ մեզ մոտ ոլորտում նորմալ վիճակ կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր իրենից արժեք ներկայացնող արվեստագետ կարողանա իր տեղը գտնել այդ ոլորտում»:

   

Նկարիչներ Գագիկ Ղազանչյանը, Արթուր Հովհաննիսյանը և Աշոտ Գրիգորյանը
Նկարիչներ Գագիկ Ղազանչյանը, Արթուր Հովհաննիսյանը և Աշոտ Գրիգորյանը
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013
Այս թեմայով