14 Նոյեմբեր 2013, 12:18
2723 |

Ճակատագիր

Չնայած իր էթնիկ ձևաչափին, «Կարմա» ռեստորանում ամեն ինչ չէ, որ հնդկական է։ Ամեն անկյունում կախված թղթյա լամպերը տնօրինությունը բերել է Նեպալից, պատերին փակցված հուշանվերները Արաբական Էմիրություններից են, իսկ ռեստորանի մենեջերը Ճապոնիայից է։ Բայց մթնոլորտը միևնույն է՝ տիպիկ հնդկական է։

Հնդկական ինչ ասես կա այտեղ՝ ջրի մեջ լողացող ծաղիկներ, համեմունքների բույր, բոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքներ, պարող Շիվա Նատառաջան և, իհարկե, անկրկնելի էթնիկ խոհանոց։ Կարծիք կա, որ հնդկական ուտեստների մեջ համեմունքներն ավելի շատ են, քան մնացած բոլոր բաղադրիչները միասին վերցրած: Հենց այդ պատճառով էլ այս խոհանոցը փորձում են միայն անվախ մարդիկ։ Բայց նույնիսկ եթե դուք համեղ կերակուրի չափազանց պահպանողական սիրահար եք, միևնույն է արժե այցելել «Կարմա»։ Նախ՝ քանի որ համեմունքների քանակը ինքներդ եք որոշում, կարող եք ընդհանրապես առանց դրանց պատվիրել։ Բացի այդ, խոհարարը այստեղ հնդիկ է, այնպես որ բաղադրատոմսերի իսկության համար կարող եք չկասկածել։

Այս ռեստորանում ուտեստները պետք է ընտրել «սոուս գումարած հիմք» սկզբունքով։ Իդեալական հիմք կարող են լինել բրնձի երկու տեսակները՝ սովորական բասմատի (900 դր.) և բրինձ քիմիոնով (1200 դր.)։ Կա նաև «Բասմատի բանջարեղենով» տարբերակը (1450 դր.), որը կարող է լինել առանձին ճաշատեսակ։ Իսկ այ սոուսներ կարելի է գտնել ցանկացած ճաշակին համապատասխան։ Օրինակ՝ «Չիքեն կալի միրչ»՝ կաթի մեջ եփած հավի միս՝ հնդկական համեմունքներով (2950 դր.) կամ «Գոայի ձկան մասալա»՝ Գոայի ավանդական կոկոսով սոուսի մեջ եփած ձուկ (3200 դր.)։ Սրանք բրնձի հետ համադրելիս կստացվի շատ նուրբ ու համեղ ճաշատեսակ։

Եթե հատուկ սննդակարգի եք հետևում և չիքենմիքենները ձեզ խստիվ արգելված են, ապա կարող եք վերցնել ավելի թեթև սոուսներ, օրինակ՝ «Ռաիտա» մածունով ու բանջարեղենով (450 դր.)։ Թեթև ուտեստների մեջ կան նաև ապուրներ, դրանց մեծ մասը հավի մսով է պատրաստվում (900-1200 դր.): Միայն լոլիկով կրեմ-ապուրն է, որ բացառապես բուսական է (900 դր.)։ Աղցաններից հետաքրքիր է «Հավով Կարման» (1900 դր.), որտեղ բացի հավի մսից ավելացնում են բանջարեղեն և անիթվանհամար հնդկական համեմունքներ։ Ինչ ուտեստ էլ ընտրեք, հետը անպայման պետք է վերցնել «Գարլիք նան»՝ սխտորով ու կանաչիով հաց։

Խմիչքին հատկացված է առանձին մենյու, որում հնդկականն արդեն այդքան էլ շեշտադրված չէ։ Սուրճի լայնորեն հայտնի տեսակներից միայն լուծվող Nescafe կա (400 դր.), որը չգիտես ինչու՝ ճաշացանկում ընդգրկված է «Հնդկական զովացուցիչ ըմպելիքներ» բաժնում։ Մնացածը Special վերնագրի տակ է։ Այստեղ 4 տեսակի «էթնո» սուրճ է ընդգրկված՝ իռլանդական, իտալական, մեքսիկական և ջամայական։ Բոլորն արժեն 1500 դր.։

Չնայած Հնդկաստանը աշխարհի երկրորդ թեյ արտադրող երկիրն է, «Կարմայում» այս ըմպելիքից միայն մեկ տեսակ է՝ հնդկական սև թեյ, որը սովորական սև թեյից տարբերվում է իր թնդությամբ։ Այդուհանդերձ, կաթով ստացվում է իսկապես հետաքրքիր և հաճելի բույր ունեցող թեյ (450/500 դր.):
Ալկոհոլի տեսականին ստանդարտ է՝ օղի, վիսկի, տեկիլա, գինի և գարեջուր։ Գները միջին են, օրինակ՝ հայկական գարեջուրը արժե 600-ից 750 դր., իսկ արտասահմանյանը՝ 1200 դր.:

Ի դեպ, ինչպես արդեն նշեցի, մենեջերն այստեղ Ճապոնիայից է։ Այդ իսկ պարզ պատճառով շուտով «Կարմայում» կարելի կլինի փորձել ոչ միայն հնդկական, այլև ճապոնական, չինական և թաիլանդական խոհանոցներ։ Ինձ չմոռացան նաև հայտնել, որ Երևանում այս խոհանոցները իրականից տարբերվում են՝ հարմարեցված են հայ սպառողի քիմքին, իսկ իրենց մոտ այդպես չի լինի։ Ամեն դեպքում «Կարմայում» առայժմ ամեն ինչ միայն հնդկական է՝ իսկական և աներևակայելի համեղ։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N4, 2013

Այս թեմայով