11 Սեպտեմբեր 2013, 14:27
2147 |

Թատերական սնահավատություններ. աֆիշային կրքեր

Ո՞վ իրավունք ունի ստեղծել ներկայացման ազդագիրը և ինչպիսի՞ն պետք է լինի այն՝ զուգորդա-զգայականորեն ուղղորդող, թե՞ պատմող կամ աչք մտնող:

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ներկայացման անունը մարդու անվան պես մի բան է: Թեև ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ ներկայացման ծննդականը՝ «ազդագիր» կոչվածը, ամենառեալ երևույթն է թատրոնում:

Անկեղծ ասած, այս էսսեն գրելու ժամանակ և շատ ավելի վաղ, ես երկար, շատ երկար փորձում էի վերհիշել որևէ, թեկուզ աննշան, սնահավատություն կամ տարօրինակ դեպք՝ կապված ազդագրերի հետ և արդյունքում ոչ մի նման բան չգտա: Չնայած անժխտելի է, որ ազդագրերը ևս ունեն իրենց քմահաճույքները և նուրբ, բայց գործածության մեջ էական մանրուքները, որոնց մասին անհնար է չխոսել:

Ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր անուն էականորեն է ազդում կրողի վրա: Այդ դեպքում, ինչո՞ւ են թատրոնի ստեղծագործական խմբի ներկայացուցիչները (թարգմանիչ, գրական մասի վարիչ, երբեմն նաև՝ նկարիչ) և հատկապես ամենազոր ու ամենատեր Բեմադրիչը փոխում դրամատուրգի՝ պիեսին վերագրած անվանումը: Եթե պիեսի թատրոնում «աշխատված» օրինակը համահունչ է ստեղծագործական խմբի մտահաղացումներին և արդարացնում է նրանց տեսակետները, ապա անվանման փոփոխությունը ցավոտ, ավելին՝ վտանգավոր չի դառնում: Սակայն եթե պիեսի մեկնաբանությունը հակասության մեջ է նախնական տարբերակի հետ, անվանում էլ շինծու է դառնում, ազդագիր-ծննդականը զարմանալի դաժանությամբ է վրեժ լուծում իր անգրագետ արարիչներից: Թեև այս հարցի մյուս երեսն էլ կա:

Մեկնաբանությունը կամ այլ կերպ ասած՝ պիեսի խնամքով ընթերցումը բոլորովին էլ չի նշանակում կերպարների կարծրատիպի պահպանում կամ իրադարձությունների «սրբորեն» վերարտադրում: Բեմադրիչը կարող է իր տված խնդիրների և դերասանների ներքին ներկապնակի արդյունքում կերպարներին գլխիվայր շրջել, նույնիսկ՝ պիեսի երևույթների առանցքը փոխել: Սակայն տողատակին կամ այլաբանորեն ասած՝ արմատին ձեռքը տալը սարսափելի է: Հենց այս «արմատ» կոչվածի յուրովի բացահայտումն էլ ներկայացումը դարձնում է հետաքրքիր:

Լավ, այս ամենի հետ ինչ կապ ունի ազդագիրը: Պատասխանը պարզ է, ինչպիսին ծննունդն է, այնպիսին էլ նրա ծննդականն է: Լավագույն ներկայացումների ազդագրերը պարզապես աղերսներ են, որոնք ոչ ուղղակիորեն, միայն զուգորդական շերտով են կապվում բեմադրության գեղագիտության և ասելիքի հետ:

Վերնագրային կերպարանափոխությունները սկսենք դասականներից. Շեքսպիրը անվանափոխությունների հարցում, թերևս, ամենաքիչն է տուժել: Նման դարակազմիկ հեղինակների դեպքում պիեսի անվանափոխությունը երկու պատճառ կարող է ունենալ՝ ներկայացման լիովին մոդեռնականացումը կամ ստեղծագործական խմբի չբերությունը:
Երկրորդ տարբերակի արդյունքում հեղինակի անվան կողքին ավելանում է մի չարաբաստիկ «ըստ», որը, որոշ բացառությունները չհաշված, բեմադրության կիսաաբորտային վիճակի մասին է վկայում: Եթե դասականի պիեսի անվանումը փոփոխության է ենթարկվում, բեմական անտուրաժը դառնում է թշվառ ու անհետաքրքիր: Եթե հակառակ գործընթացն է տեղի ունենում, այսինքն՝ նոր անունը դառնում է դասական պիեսի, այսպես ասած լոկոմոտիվը, ապա այդ ներկայացումը, իրոք, շրջադարձային է դառնում:

Անվանափոխությանը որպես կանոն զոհ են դառնում ժամանակակից և հատկապես կատակերգական ժանրի պիեսները: Լինում են դեպքեր, երբ ազդագիրը որպես Գիդ է «աշխատում»: Աբսուրդ... Սա ամենահակաթատրոնային և գավառական երևույթն է, երբ վերնագիրը կամ աֆիշային պատկերը «պատմում» են ներկայացման սյուժեն: Ազդագիրը, իր էությամբ ԱՂԵՐՍ լինելով, կոչված է զուգորդա-զգայականորեն ուղղորդել, ոչ թե պատմել կամ աչք մտնել: Աչք մտնոցիի ցայտուն օրինակներից են նաև ազդագրին ճպցրած դերասանների նկարները: Իսկական գեղական կոնցերտ, որը որևէ կապ չունի օպերային արվեստի համերգային կատարման հետ...

Ընդ որում որքան դրամատիկական ժանրի ներկայացման ազդագրում դերասանների նկարները ցայտուն ու շատ են, ներկայացումն այնքան մեռած է: Այս երևույթը լուրջ ուսումնասիրման կարիք ունի մի քանի պատճառով: Առաջին՝ թատրոնը, առավել, հայեցողական երևույթ է, իսկ նման կերպարային նկարներով հանդիսատես գրավելը զուտ դրամարկղային միտում ունի, որը կոտրում է թատրոնի առանցքը կազմող խորհրդավորությունը: Երկրորդ՝ թատրոնի դեմքերի հայտնվելը ազդագրերի վրա առավելապես վնասում է թատրոնի՝ որպես կոլեկտիվ արվեստ տեսակին, վկայում պատկերվածների կամ նրանց պատկերողների գավառական գրեթեաշխարհահռչակության մարմաջի մասին:

Եվ ամենակարևորը՝ եթե ազդագրին որևէ դեմք պետք է երևա, ապա դա պետք է լինի կոնկրետ ներկայացման զգացողության դեմքը: Մինչդեռ ազդագրերի վրա հաճախ այնպիսի թոթոլ-բեղ-մորուսային տիպերի ես հանդիպում, որ 19-րդ դարի պաթոսը դրանց մոտ... չասեմ՝ ինչ է կերել...

Պատմություն մի յուրօրինակ ազդագրի մասին. եվրոպական քաղաքներից մեկում փառատոնի ժամանակ ես տեսա Նրան: Ափսոս, ներկայացումը չհաջողվեց դիտել, քանի որ, ինչպես հետո իմացա, առավել քան 30 տարի առաջ հանվել էր թատրոնի խաղացանկից: Խոսքս Ֆ. Կաֆկայի «Դատավարություն» լեհական բեմադրության մասին է: Ներկայացումը մեռել էր, գոյություն չուներ, բայց ազդագիրը ապրում, ցնծում էր. սովորական, ավելին՝ սովետական փայտյա հաշվիչ էր, որից էն թվերին հաշվապահական սենյակում կամ խանութում միշտ կար: Ազդագրի վրա պատկերված համրիչ միավորների զորքի դիմաց մի խեղճ ու անպաշտպան միավոր էր մնացել: Ընդամենը՝ մեկը: Ու գրված էր Ֆ. Կաֆկա. «Դատավարություն»: Այդ մեկ ու անպաշտպան միավորը, միավորների ահռելի բանակի առաջ կանգնած՝ վառվում էր կրակի լեզվակների մեջ...

Այս թեմայով