30 Ապրիլ 2013, 12:54
2871 |

Տիգրան Գասպարյանի արքայական «Ջոնխուշտան»

Ոչ անհիշելի ժամանակներում «Զարկե՛ք, թմբուկներ, փչե՛ք, շեփորներ» ձևաչափով թատերական դաշտում սենսացիա ազդարարվեց: Պատկերացնու՞մ եք, Գլոբուս թատրոնում ցուցադրված Մայր թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը, այսպես ասած, ծնկի է բերել Մեծ Բրիտանիայի հանդիսատեսին: Ու խեղճ անգլիացիները, սունդուկյանցիների գլուխգործոցից գլուխները կորցրած, մինչև օրս մտատանջվում են` արդյոք իրե՞նք են Շեքսպիրի հայրենակիցները, թե՞ հայերը:

Պայթեց: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև վերջերս Հայաստանում շեքսպիրյան փառատոնին մասնակցած ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր Տիգրան Գասպարյանը, իր սովորության համաձայն, միայն ռեժիսուրայի հարցերով էր զբաղվել' բեմադրական խնդիրների լուծումներն Աստծո հույսին թողնելով: Բնականաբար, ներկայացումն ուներ հետաքրքիր մտածված սկիզբ, որը, ավաղ, անճաշակ շարունակությամբ դատապարտվեց մահվան: Բեմադրիչը հավատարիմ էր «խաղում ենք թատրոն» սկզբունքին, ինչը նաև Շեքսպիրի ժամանակաշրջանին էր բնորոշ:

Ճամպրուկներով բեմ է մտնում ներկայացումը խաղալ պատրաստվող աղմկոտ հայկական թատերախումբը: Բայց միառժամանակ հետո, ռեժիսոր Տիգրան Գասպարյանն այդ ճամպրուկները իր գավառական մտածողության դրոշակն է դարձնում: Պարզվում է' եթե մեր Յարխուշտան չլիներ, հարյուր տարի էլ մնար, Շեքսպիրը «Ջոն արքան» չէր գրի: Բեմում դհոլի ու զուռնայի կենդանի նվագակցությամբ հնչում է ռազմական ծափ-պարը, և գործող անձինք, ճամպրուկները գլխավերևում պահելով, Յարխուշտայի շարժումներն են կատարում: Հավանաբար, պետք է շնորհակալ լինենք, որ մի քանի մեջբերում էլ Գարեգին Նժդեհից չարեցին:

Թե մեկն էլ հանկարծ բախտը փորձի և նկատի, որ թատերախաղի կողմ ունեցող Յարխուշտան, միևնույն է, Շեքսպիրի հետ կապ չունի, անմիջապես երեսին կշպրտեն հերթապահ արդարացումը. «Բա չեք ասի' թատրոնը պայմանական արվեստ է»: Կարծես' պայմանականությունն էլ Վետտոյի ծառն է, որ ով երբ ցանկանա՝ ճյուղերին թառի: Սակայն բեմադրական ամենաճչացող թերությունն այն էր, որ կերպարներն, իրար հետ խոսելիս, հարաբերություններ չէին կարողանում ստեղծել: Պատճառն էլ գիտենք. դերասանների ճնշող մեծամասնությունը չէր տիրապետում շեքսպիրյան խոսքի' պոետիկ ռեալիզմի մատուցմանը: Երբ փորձում էին խոսքը բանստեղծական առոգանությամբ հնչեցնել, ասմունքի մենախոսական արտասանությունից այն կողմ չէին անցնում: Արդյունքում դերասաններից ոմանք կերպարների հոգեբանական շերտերը վեր հանելու փոխարեն այլ զբաղմունք էին գտել:

Օրինակ' ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն ականջ ծակող իր սուր ձայնով հանդիսատեսի լսողության վրա էր հարձակվում: Քանի որ էմոցիոնալ թափ չունի, ստիպված կերպարներին հիստերիայի դուռն է հասցնում: Երևի թե արդեն ժամանակն է, որ նա քարը փեշից թափի, նայի ճշմարտության աչքերին ու ընդունի իր դերասանական թերի տվյալները:Հույս չէր ներշնչում նաև Կոնստանսի դերակատար Ալլա Վարդանյանի կեղծ խաղը: Գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստուհու աչքերում կենսագրական դատարկություն էր տիրում: Կամ էլ թող գոնե ազնվություն ունենան և ակադեմիական թատրոնում Արմեն Մարությանի կնոջ հաստիք ավելացնեն:

Ի դեպ, այդ զորեղ ամուսինն էլ մի լավ օրի չէր' Ջոնի կերպարը խաղալիս. փորձառու դերասանը, բռնախաղի ճոթը բռնած, բեմում ինչ-որ անհասկանալի կրքեր էր պատռում: Բացասական խաղը բացասական կերպարի տեղ հրամցնելով' ձայնալարերի հաշվին փորձում էր արքայի բռնակալությունը ներկայացնել: Մինչդեռ այդ կերպարն իր տեսակով, ի գիտություն ռեժիսորի, շատ ավելի համապատասխան էր միջազգային կարգի արտիստ Մուրադ Ջանիբեկյանին: Ավելին, Արմեն Մարությանն այս ներկայացման մեջ հատուկ գրիմավորմամբ ու զգեստավորմամբ հրաշալի կխաղար ներմուծված ծաղրածուի դերը, քանի որ տիրապետում է էքսցենտրիկ, գրոտեսկային և սրախոսական հնարքներին: Կարծում եմ՝ ՀՀ վաստակավոր արտիստը պետք է ձերբազատվի առաջատար խաղացողի բարդույթից և հաշտվի այն ճշմարտության հետ, որ չկան փոքր դերեր, այլ կան փոքր դերասաններ: Արքա Ֆիլիպի դերկատար Արամ Հովհաննիսյանի բախտն էլ չի բերել, որ մոտ երկու դար առաջ չի ծնվել: Իր կիսապաթետիկ ու դեմոնստրատիվ խաղով այսօրվա բեմում նա անելիք չունի:

Ներկայացման մեջ կային նաև քիչ թե շատ հաջողված դերակատարումներ: Նելլի Խերանյանը գտել էր թագուհի Էլինորի տհաճ կերպարը ուշագրավ դարձնելու ձևը: Խարխուլ կեցվածքն ու անդրշիրիմյան խոսքը հստակ ցուցադրում էր պառաված թագուհու դիվական հակումները: Եվ ամենակարևորը' բեմում չէինք ճանաչում ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանին, այլ տեսնում էինք ազնվազարմ վհուկին: Ափսոս, որ ձայնային գտնված հնարքը չարաշահելով, երբեմն գերխաղի գիրկն էր ընկնում, ինչը չենք կարող ասել Ալբերտ Սաֆարյանի դերակատարման մասին: Հուբերտ Դե-Բուրտի կերպարը խաղալիս' իր տարիքի համեմատ բավական շարժուն պլաստիկայով ու մինչև վերջին շարքում նստած հանդիսատեսին լսելի խոսքով նա միշտ պահում էր չափի զգացումը: Իսկ ներկայացման ամենից հաջողված դերակատարումը, ըստ իս, Արմեն Մարգարյանի Կարդինալ Պանդոլֆն էր, որին հետևելը հաճույք էր պատճառում: Խոսքի մեղրածոր հնչերանգով ու ալիքվող պլաստիկայով այնպես էր հոգևորականին ներկայացնում, որ թվում էր' բեմում է կաթոլիկ աշխարհի սքեմավոր օձերից մեկը:

Ինչ վերաբերում է մնացած կերպարների երիտասարդ դերակատարներին, ապա նրանց անհետաքրքիր, ոչ մի զգացողություն չառաջացնող համախաղը տաղտուկի հաջողված նմուշ կարելի է համարել: Բեմում թատերախմբի երիտթևի, այդ թվում նաև ներկայացման հեղինակի որդու' Դավիթ Գասպարյանի ներկայությունը հանդուրժվում էր միայն Շեքսպիրին չհակաճառելու համար:

Այս թեմայով