31 Հուլիս 2013, 13:43
1906 |

Սպառված քաղաք

Փամուկն ասում էր՝ քաղաքներն անհամբեր սպասում են իրենց հերոս գրողներին, ովքեր պատմելու են նրա ճակատագիրը: Հո չե՞ս խայտառակվելու՝ ճակատագրեր հավաքի՛ր:

Անծանոթ քաղաքը վարձով խոնավ տան պատերի ներսում սովորեցնում է խոսել ճանճերի հետ, հետևել մոծակների անվտանգությանը, որովհետև «փող ա գալու», սովորեցնում է խոսել մենակության հետ: Բա առնետների հետ ճաշելը: Հղի առնետ էր: Չաղլիկ կատուներին աղբանոցներից գրկել-բերել, տուն գցել է սովորեցնում, դուռը փակել, դռան տակ նստել, սպասել, սպասել, սպասել է սովորեցնում: Խոնավությունից լվացարանի տակ աճած սպիտակ թունավոր սունկի հետ ապրել է սովորեցնում, սնկի ճտերին մշակել, խնամել է սովորեցնում:

Կամաց-կամաց տնտեսություն հավաքելու՝ սառնարան, վերմակ-բարձ, լվացքի մեքենա: Վարագույրներին օղակ ամրացնել: Փակել պատուհաններդ: Նորը սկսել: Չկա երկփեղկվածություն: Չկա մռայլություն: Սկիզբը դժվար է: Հարմարվիր: Դու փախել ես ապրելու: Համակարգելու կենսագրությունը, որ գրականության պես անվախ տրամաբանելով հաղթահարելու ես:

Փամուկն ասում էր՝ քաղաքներն անհամբեր սպասում են իրենց հերոս գրողներին, ովքեր պատմելու են նրա ճակատագիրը: Հո չե՞ս խայտառակվելու՝ ճակատագրեր հավաքի՛ր: Թափառի՛ր, Քանաքեռից Շրջանային, հետո Շինարարներ, Օպերայի գլխով պտտվիր, հաշվիր ագռավներին, ուշադիր նայիր կանաչին տվող մաքուր, փայլուն սևին, մտապա-հիր, Սայաթ-Նովան քո կարոտի փողոցն ա դառնալու, անհասկանալի: Որովհետև Տիկնիկային թատրոն կա, որովհետև քաղաքի հետ քեզ կապող մանկությանդ միակ պսպղացող կետ կա:

Անցան տարիներ:
Ձեռքերս տարածում եմ ու գոռում:
Ինչ հաճելի էր քեզ տիրանալը, քաղաք, քո մեջ կորչելը: Քո հայտնությանը, քեզ ընդգրկելը, շնչելը: Քո երկնային, չքնաղ թևերիդ մեջ լցվելը, քո սիրուն գեղեցկու-թյանը զոհվելը: Հետևիցդ քաշ գալը, քո քանդած, ավերած ճակատագրերի տիրումերն անելը, արհամարհելն ու գալ էլի մեջդ տեղավորվելը, քո լայնաբաց աչքերը, քո փնթի տեսքը, քեզ երբեմն կարգի հրավիրելը, գեղջկական հոխորտանքով քեզ հայհոյելը, երեսդ շոյելը, քեզ տիրանալը, տիրանալը: Տներն ապրում ու մեռնում են: Անտունիի իմ բարդույթով քո մեջից չգնալը, չհեռանալը, այլասերված ցիգանությամբ պատերդ ճանկռելը, չհանձնվելը, կորանալը: Էլի Սայաթ-Նովա, էլի Տիկնիկային, այս անգամ ռոքի տակ թավալվելն ա դզում:

Անցան տարիներ:
Սպիտակ առավոտները դնում էի դեմքիս, քո միակ սիրունությունը. ոստրեի մեջ փաթաթում էի առավոտներդ ու դու դուրս էիր գալիս որպես մարգարիտ՝ լսած մանուշակագույն ստվերների շշունջները, թաց սավանի ճմռթոցները, հառաչները: Մայրամուտներդ տխուր են: Մայրամուտներից հետո ավելի եմ մենականում:

Հիմա քեզանից փախչելու ժամանակն է, քաղա՛ք: Հիմա ինձ տուն պետք չի, ախմա'խ, հիմա աշխարհն իմ տունն է. ցավով սովորեցրիր:

Գնամ, որովհետև դու ռաբիզի ոստանն ես, որովհետև ձորի պատրոնդաշը Թումոյի պատուհաններից արձագանքում է՝ թվացումով, թե հենց Թումոյի ներսում քեֆ-ուրախություն ա, բայց գիտես էէ՜ քաղաք՝ այդ բակում Թանկյանն ա երգել, էդտեղ Վիոլետն ա աշխատում: Ցերեկը էրեխեք են կրթում, գիշերները նրանցից հազարապատիկները ձորերում «ջան ախպերի» տակ տժժում են: Գնամ, որովհետև էլ քո թափառական շան՝ Չալոյի արնակալած աչքերին նայել չի լինում:

Էլի պատճառներ կան գնալու: Հիմա հատուկ խնդրում եմ՝ երանյալ ազատությանդ փուչիկը սիկտիր արա: Էլ հավատացող չկա:

Չեմ ուզում ճամփորդի պես անցնել վրայովդ, ապրես, որ նվիրում ես ինձ առնետներ, կատուներ, սնկեր: Դրանք այլևս ինձ պետք չեն: Ինձ համար այլևս մարմին չունես, և իզուր էի փորձում տիրանալ քեզ: Հիմա իմպոտենտի նման թռվռում եմ վրադ՝ հրաժեշտի ձևերով:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

Այս թեմայով