29 Հուլիս 2013, 16:28
1529 |

Միոտանի մարմնավաճառը

Սա է վերջին պատկերը, որն իր հետ տանում է օդանավակայան շտապողը Հայաստանից հեռանալիս: Եվ առաջինը՝ Հայաստան մտնող զբոսաշրջիկի համար:

Հաշմանդամ աղջիկն իմ առաջ հայտնվեց անսպասելի և անհավանական կերպարով: Արագ ընթացող մեքենայի պատուհանից ես հասցրեցի տեսնել ուսերին իջնող դեղին խոպոպները, սև մատիտով ընդգծված աչքերը, հերոսական ու անթարթ հայացքը՝ մեքենաներին ուղղված, լայն բացված կուրծքը և մեկ ոտքը: Ինձ թվա՞ց, թե իրոք թևի տակ հենակ կար: Ես նույն արագությամբ շրջվեցի մեքենայի հետևի ապակիներից նայելու. պատկերը ճշտգրիտ էր: Շատ կարճ շրջազգեստով աղջիկը եթե ընտրած չլիներ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող փողոցը, եթե այս պատկերը պոկեինք ու դնեինք պատվանդանի վրա, հաստատ կգտնվեին մարդիկ, որոնք կպնդեին՝ աղջիկը ռազմի դաշտից է' մարտական ոգով ու հաղթանակած հայացքով:

Նրա ընտրած աշխարհագրական դիրքը ստրատեգիական է, թե կլիենտաբեր, չգիտեմ, բայց հաստատ սա է վերջին պատկերը, որն իր հետ տանում է օդանավակայան շտապողը Հայաստանից հեռանալիս: Եվ առաջինը՝ Հայաստան մտնող զբոսաշրջիկի համար: Պատկերը լռելյայն հետս քարշ էի տալիս, երբ հանկարծ հիշեցի՝ ես նրան էլի եմ տեսել:

Կարապի լճի հարևանությամբ շրջող աղջիկները շատ քիչ բացառությամբ նման են իրար, բոլորը հագնված ու հարդարված են նորաձև: Ուշադրությունս գրավեցին մեկի ոսկեծամ մազերը՝ երեկոյան սանրվածքով: Նրան առանձնացնում էր նաև այն, որ հենակով էր քայլում: Մարդաշատ մասով աղջիկը շատ արագ անցավ՝ հայացքը փախցնելով: Նույնքան արագ տեղավորվեց, նստեց, մի կողմ դրեց հենակը, ասես որ նման լինի բոլորին: Ինքս էլ նեղվեցի, որ մարդիկ նկատում էին նրա հաշմանդամությունը, որովհետև նրան դա ակնհայտ դուր չէր գալիս: Նստելուց մի քանի րոպե հետո պայուսակից հանեց մատիտ ու թուղթ, պատրաստվում էր նկարել: Բայց հետո նորից դրեց պայուսակի մեջ: Երբ բոլորը պոկեցին իրենց հայացքները նրանից, պայուսակից կրկին հանեց թուղթն ու մատիտը: Այդպես էլ չկարողացավ կենտրոնանալ, մի քանի խզբզոցից հետո դրանք կրկին դրեց պայուսակի մեջ: Ինձ թվաց, որ շրջապատի նկատմամբ այս գերզգայուն աղջիկը չուզեց նկատվել: Մտքումս մեղադրեցի նրան, որ չի հաղթահարել իր վիճակը, որ իր տեսակին դեմ է գնում ու երևի էլի շատ բաներ: Երևի ուզում էի՝ ապացուցեր, որ ինքը հասարակության լիիրավ անդամ է, առանձին միավոր: Ես կարծում էի, որ նրա ծնողները իրենց երեխայի համար պարտավոր էին դիմել հոգեբանի օգնությանը: Բայց իմ մեջ ամեն ինչ փլվեց, երբ նրան միացավ մի ծեր կին: Փաստորեն, նրա ընկերն իր տատն էր: Վստահ եմ՝ խորհրդատուն նույնպես: Իմ մեջ պատկերն ավարտուն էր:

Այդ օրը ես գուցե կմոռանայի ընդմիշտ, եթե նորից չտեսնեի նույն աղջկան: Նրա տատը հիմա հաստատ էլ ողջ չէր լինի, ու փաստորեն սա աղջկա անտատ կերպարն էր: Կյանքի պատերազմը նրան շատ հեռու դաշտ էր նետել: Իմացա, որ նրա ծառայություններից օգտվողների թիվը փոքր չէ: Փաստորեն, տղամարդկանց մի ստվար զանգված իսկապես ամեն օր բորշչ չի կարողանում ուտել, իսկ նա նոր դելիկատես է:

Այս թեմայով