22 Հուլիս 2013, 14:37
1700 |

Կարուսելաթերապիա

Կարուսելների ուրախ էներգիայի բնական պաշարները վերջացան մեր մանկության հետ: Ու հիմա արդեն մեր երեխաները չեն ուզում հասկանալ` ինչու է մանկություն ունենալը թանկ:

Երջանիկ մանկության խորհրդանիշներից ամենագունեղը կարուսելն էր: Կային շատ սիրելի կարուսելներ և քիչ սիրելի: Շատ սիրելի էին «Ուրախ բլուրներ», «Ավտոդրոմ», «Շղթաներ», որոնք նստում էինք երկուսից երեք անգամ, իսկ քիչ սիրելի չէր նշանակում չնստել: Նստում էինք, բայց մեկ անգամ: Քիչ սիրելիների թվում էր «Սատանայի անիվը», ամաչում էինք խոստովանել վախը, ասում էինք' այդքան էլ չենք սիրում: Ու, իհարկե, բոլորս միաձայն խղճում էինք լաց լինող երեխաներին, որոնք կարուսելից վախենում էին: Սովորաբար իմ, քրոջս և եղբորս ճաշակները կարուսելի ընտրության հարցում համընկնում էին, որովհետև ես մեծն էի ու նրանք կրկնում էին ինձ: Ամենակարևորը' մեր ցանկությունները համընկնում էին հայրիկիս քսակին:

Երբեմն կարուսելից հետո գնում էինք մուլտֆիլմ կամ կինո դիտելու: Ընտրելու հարց չէր առաջանում, որովհետև ընտրելու բան չկար: Մեր փոխարեն ընտրում էին մեծերը, բայց չէինք դժգոհում. մեզ ամեն ինչն էր դուր գալիս: Պարտադիր «մառոժնիանոց» էինք նստում և ուտում վանիլային պաղպաղակ' վրան վարդի կամ բալի մուրաբա: Այս տոնախմբությունը կրկնվում էր ամեն շաբաթ կամ կիրակի: Արանքում ընկած տոն օրերը նույնպես բաց չէինք թողնում: Այդ այգիներում այնքան ծիծաղ և բերկրանք կար, որ մոլորակը կարելի էր դրական էներգիայով լուսավորել:

Կարուսելների ուրախ էներգիայի բնական պաշարները վերջացան մեր մանկության հետ: Ու հիմա արդեն մեր երեխաները չեն ուզում հասկանալ' ինչու է մանկություն ունենալը թանկ:

Դիտորդական առաքելություն կատարող մանուկները շարվում են ցանկապատող, անվտանգության կանոնները պահպանող ճաղերի շուրջբոլորը և նայում դատարկ պտտվող կարուսելներին, որոնք, լավագույն դեպքում, երեք երեխա են պտտում, որոնց ծնողները հրճվում են ներքևում, թափահարում ձեռքերը, ոտքերը, գլուխները: Իսկ այդ երեք երեխաները վախեցած են. ներքևում հասակակիցները ինչո՞ւ են պատժվել, ինչու չեն նստեցրել կարուսել, նրանք չեն հասկանում' ինչի վրա են ուրախացել իրենց ծնողները: Ներքևի երեխաների աչքերը կկոցվում են արևի ճառագայթներն անդրադարձնող երկաթե փոքրիկ կտորից, որի վրա գրված թվերը նրանց ոչինչ չեն ասում: Իսկ թվաճանաչ փոքրիկներին այդ մետաղյա 500-ը զրկում է մանկությունից:

Այս թեմայով