08 Նոյեմբեր 2013, 13:46
13415 |

Մանկության վկաները

Մանկությունից հիշվում են միայն դրվագներ, սակայն երբեք չեն մոռացվում այն բոլոր գույնզգույն խաղալիքները, որ ունեցել ես: Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր անունը, խաղի իր ժամը, արցունքների իր չափաբաժինը, որ թափվել է այն ձեռք բերելու համար: Իսկ ամենասիրված խաղալիքները` մանկության վկաները, հաճախ իրենց տերերին այդպես էլ չեն լքում, անգամ մեծ տարիքում:

Վարդան
26 տարեկան, ծրագրավորող
Այս խաղալիքի իսկական պատմությունն ինձ անհայտ է, քանի որ հորս է պատկանել: Իսկ երբ ծնվել եմ, դարձել է իմը: Երբ փոքր էի, արջուկն իմ հասակին էր ու դրա շնորհիվ իմ կողմից մեծ հարգանքի էր արժանանում: Հետո ես սկսեցի բոյովանալ, իսկ նա նույնը մնաց: Այդպես ես սկսեցի առավելություն զգալ նրա հանդեպ: Եթե փոքր ժամանակ գրկում էի կամ խաղում նրա հետ, ապա բարձրահասակ դառնալուց հետո սկսեցի ծեծել: Չնայած ժամանակի ընթացքում արջուկս սկսեց քրքրվել, աչքերը դուրս ընկան, սակայն այն ինձ համար չկորցրեց իր արժեքը: Նրա հանդուրժող, հասկացող ու ընկերական հայացքը ամեն անգամ ինձ ստիպում է սթափվել ու հանգստանալ, նույնիսկ եթե շատ բարկացած եմ լինում:

Մարինա
25 տարեկան, դիզայներ
Մարտի 8-ն էր, պարի էի գնացել, տղաները բոլոր աղջիկներին նապաստակներ նվիրեցին: Ես 9 տարեկան էի ու դեռ փոքրերի խմբից էի: Կարծում էի, որ ինձ չեն նվիրի: Բայց մի տղա ինձ մոտեցավ ու նվիրեց այս կապույտ նապաստակին' իր դեղին կամբինիզոնչիկով: Շատ-շատ ուրախացա, շատ սիրեցի նապոյիս: Միշտ հետս էր, մինչև հիմա էլ, ուր գնում եմ, հետս տանում եմ, նույնիսկ հանգստանալու գնալուց եմ վերցնում: Մինչև հիմա պաշտում եմ խաղալիքս. արդեն 16 տարի է կողքս է քնում, իսկ առավոտյան մահճակալիս նստում:

Իրինա
23 տարեկան, մարքեթինգի մասնագետ
Հինգ կամ վեց տարեկան էի, երբ հայրս Լեհաստանից ինձ նվեր բերեց այս շնիկին: 1990-ական թվականներն էին, ու մեծ ջանքեր էին պետք Ռուսաստանում մի լավ խաղալիք գտնելու համար, սակայն մեզ մոտիկ գտնվող Լեհաստանում (դե ես Կալինինգրադից եմ) դա այդքան էլ դժվար չէր: Ես էլ այն մանկապարտեզային տարիքում էի, երբ մթության հանդեպ վախ կար մոտս, քանի որ ներշնչված էի մահճակալների տակ թաքնվող վհուկների և հրեշների մասին բազմաթիվ պատմություններից: Բայց միևնույն ժամանակ հանգիստ էի այն մտքից, որ եթե վհուկներն ու հրեշները գոյություն ունեն, ապա հավանականությունը մեծ է, որ նրանց հարձակման դեպքում իմ շնիկը կկենդանանա ու կպաշտպանի ինձ: Հիմա այն դրված է մահճակալիս կողքին:

Աննա
27 տարեկան, պատմաբան
Մի տղա էր սիրում ինձ ու այս շագանակագույն Չեբուռաշկան նվիրեց, քանի որ նմանացրել էր ինձ: Ասում էր, որ ինձ նման համով է ու նվիրել էր միայն երկու տարի իր մոտ պահելուց հետո: Շատ կապվեցի հա՛մ խաղալիքին, հա՛մ Չեբուռաշկայի կերպարին, քանի որ ես էլ ինչ-որ ձևով ինձ նմանեցրի նրան՝ ես էլ եմ լոշտակիկ, ինքն էլ: Վերջերս, չնայած մեծ եմ արդեն, իմացել էի, որ Մոսկվայում իմ ամենասիրած գույնի՝ փիրուզագույն Չեբուռաշկա կա: Խնդրեցի նույն տղային, որ գնի: Հիմա երկուսին էլ շատ եմ սիրում ու «Չիբո» եմ անվանել:

Գայանե
24 տարեկան, գրաֆիկ դիզայներ
Մոտ չորս տարեկանից տիկնիկների համար շորեր էի կարում: Տատիկս էլ որոշեց ինձ այս մեծ տիկնիկները նվիրել, որոնց վրա աշխատելը ավելի հեշտ էր: Դրանք դարձան իմ մոդելները: Ու մինչև 14 տարեկանն այս տիկնիկներն իմ ամենակարևոր գործիքներն էին, իրենց հետ ավելի շատ աշխատում էի, քան խաղում: Դրա համար էլ ոչ այնքան մանկանան հուշեր են նրանց հետ կապված, որքան մասնագիտական: Որոշել էի մոդելավորող դառնալ: Տարիներ շարունակ շորեր էի կարում, որ մի օր մեծանամ ու կարածս հագուստների ցուցադրություն կազմակերպեմ: Հիմա տիկնիկները նկուղում են, ու դրա համար շատ չեմ մտահոգվում, սակայն չեմ էլ թողնում, որ դեն նետեն նրանց: Ու երբեք էլ չեմ թողնի:

Ջան
34 տարեկան, ՏՏ մասնագետ
Գրուն մի փոքր հոգեբանական թեստ էր ինձ համար, պարզելու, թե արդյոք արդեն որպես մեծահասակ կզգա՞մ այն նույն ապահովությունը, ինչ զգում էի իմ մանկության Սքուոթի անունով թեդի արջուկի հետ: Ամիսներ շարունակ քնում էի Գրուին ամուր գրկած: Թեստը չհաջողվեց, սակայն ամեն օր արթնանում եմ շատ ուրախ: Հասկացա, որ ամեն օր իմ վերջին մտքերը քնելուց առաջ սրանք են լինում՝ «Ես մեծ մարդ եմ, ով քնում է մի կանաչ թեդի արջուկ գրկած»: Եվ քանի որ շատ եմ սիրում իմ արջուկին, Բերդ քաղաքի կանանց հետազոտության կենտրոնի կանայք, որտեղ ես կամավոր եմ արդեն 3 տարի, նվիրեցին ինձ ևս մի կանաչ արջուկ՝ Հովոյին՝ որպես շնորհակալություն իրենց օգնելու համար:

Նշան
29 տարեկան, գրող, ռեժիսոր
Ընտանիքով գնացել էինք «Դիսնեյլենդ», 12 տարեկան էի: Շատ վաղուց էր, քիչ բան եմ հիշում այդ օրվանից: Բայց հիշում եմ, որ մեծ ատրակցիոնների ու զվարճալի միջավայրի հետ մեկտեղ շատ խանութներ կային: Քանի որ ես ու եղբայրս մեծացել ենք Դիսնեյի բոլոր մուլտերը նայելով, ուզում էինք ունենալ Դիսնեյի բոլոր խաղալիքները, որ կային խանութներում: Հայրս ասաց, որ պետք է ընտրել միայն մեկը: Ես ընտրեցի Ալադինի Աբուին, քանի որ Դիսնեյի մուլտերի իմ ամենասիրելի կերպարներից էր: Համ էլ կապիկները զվարճալի են, չէ՞: Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, շատ իրեր բերեցի, այդ թվում՝ նաև Աբուին, քանի որ շատ տեղ չէր զբաղեցնում, թեթև էր, և ամենակարևորը, այն ինձ համար բարի հուշ է:

Լաուրա
22 տարեկան, լեզվաբան-երկրագետ
Նրա անունը Դանիել է: Ես պահում եմ նրան իմ ննջարանի պատուհանագոգին: Հայրիկիս նվերն է, Մանչեստրից է բերել, երբ փոքր էի: Շատ խաղալիքներ եմ ունեցել, և այդ մեկը միշտ սիրելիների ցուցակում է եղել: Նույնիսկ երբ մեծացա, շարունակեցի նրան սիրել: Մի քիչ զարմանալի կհնչի, բայց Դանիելը իմ լավագույն ընկերն է եղել, միշտ լսել ու ընկերություն է արել հետս, երբ մենակ եմ եղել, նրա հետ կիսել եմ ամեն գաղտնիք: Շատ եմ սիրում Դանիելին ու միշտ կպահեմ նրան, ինչ էլ որ լինի: Չէ՞ որ լավագույն ընկերներին դեն չեն նետում:

Արսեն
29 տարեկան, ռեժիսոր-փաստավավերագրող
Փիսոյին նվիրել են Սոչիում կամ նմանատիպ ծովափնյա մի վայրում, կոնկրետ չեմ հիշում, քանի որ 2 կամ 3 տարեկան էի: Նվիրել է հյուրանոցի ադմինիստրատորը, որ մամայիս ընկերուհին էր: Ամենասիրածս խաղալիքն է եղել, ու երևի հենց դրանից հետո էլ սկսել եմ սիրել կատուներին: Փոքր ժամանակ բոլոր փիսոներին «հաֆո» էի ասում, ու այդպես իմ փիսոն էլ դարձավ Հաֆո: Հիմա արդեն հնացել է, գույները թափվել են, ականջն էլ կծմծած է: Սակայն նա իր պատվավոր տեղն ունի գրադարակիս վրա, որտեղ ամենօրյա գրքեր, թղթեր ու էլի շատ զրթուզիբիլ եմ դնում: Իսկական կատու եմ պահում հիմա, որը մի քանի անգամ փորձել է մոտենալ խաղալիքին. ջղայնացել եմ վրան: Հիմա ահավոր խանդում ու զզվում է Հաֆոյից:

Անի
24 տարեկան, արևելագետ
Առաջին կամ երկրորդ դասարանում էի, երաժշտական դպրոց էի հաճախում, առաջին համերգս էր: Քույրիկիս ընկերուհիները եկել էին լսելու, թե ինչպես եմ նվագում ու որպես անակնկալ ինձ նվիրեցին այս արջուկը: Հենց տեսա, միանգամից սիրեցի. մի տեսակ խելացի ու բարի մռութ ուներ, նավաստու կոկիկ հագուստով, ինչի պատճառով էլ նրան Մատրոսկին անվանեցի: Այդ պահին հասկացա, որ ինչ էլ լինի, միշտ պահելու եմ նրան, ու այդպես էլ եղավ: Ժամանակի ընթացքում շատ խաղալիքներ եմ նվիրել, երբեմն թափել, բայց այս մեկը միշտ կողքիս է մնացել: Չնայած քիթիկը մաշվել է, գույնը թափվել, բայց ես նրան այդպիսին էլ եմ սիրում: Չէ՞ որ ինքն էլ է փոխվում, չի կարող միշտ նույնը մնալ:

Լիլիթ
24 տարեկան, վիզուալ արտիստ
Իմ ծաղրածուին անվանել եմ Արթուր, բայց գրեթե երբեք չեմ դիմել անունով. ինձ թվում էր, որ նա հա՛մ անուն ունի, հա՛մ էլ չունի: Հայրս նրան Կիևից էր բե-րել, երբ 4 տարեկան էի: Նրան շատ էի նկարում, ու կարծում եմ նկարել սկսել եմ հենց այդ ժամանակվանից: Չնայած իրականում ոչ մի նկարում ծաղրածուն նման չէր իրեն, բայց իմ երևակայությամբ՝ իմ ծաղրածուն էր: Կան մարդիկ, ովքեր վախենում են ծաղրածուի կերպարից, բայց ես զարմանում էի, թե ախր ինչպես կարելի է ծաղրածուին վախենալու համարել: Հետո ավելի ու ավելի շատացան խաղալիքներս, նորերն ունեցա՝ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ: Շատ էի կապվում, բայց դրանք միշտ ինձ համար պարզապես խաղալիքներ էին մնում: Իսկ ծաղրածուի հետ մի օր սկսեցի էլ չխաղալ, փոխարենը շատ խնամքով պահում էի դարակիս մեջ, տանը՝ Գյումրիում: Հիմա հետս բերել եմ Երևան ու ննջարանումս իր համար մի տեղ հատկացրել:

Հայկ
30 տարեկան, ֆինանսիստ-տնտեսագետ
Որ մի տեղ լսում եմ՝ «ձի՛, ձի՛, փայտե՛ ձի, մեր դռանը կապեցի ...», միանգամից հիշում եմ իմ մանկության կարմիր ձիուկին: 3 կամ 4 տարեկան էի, տատիկս թոշակ էր ստացել ու ինձ համար գնեց այս ձին: Միակ խաղալիքն է, որ պահել եմ մինչ հիմա, երևի որովհետև շատ-շատ եմ սիրել, քանի որ մենակ ես ունեի այդպիսի ձիուկ ու ադեիս նվերն էր: Հիմա այն պահարանիս գլխին է՝ աչքիս դիմաց: Մի կարևոր նպատակով եմ այն հիմա խնամքով պահում. պիտի երեխայիս նվիրեմ, որ տեսնի՝ ինչով է իր պապան խաղացել փոքր ժամանակ:

Ալեքս
24 տարեկան, լուսանկարիչ
Փոքր էի շատ, Լոնդոնում էինք ապրում, երբ այս շունիկը նվեր ստացա մեր ընտանիքի ընկերներից մեկի կողմից: Շատ բան չեմ հիշում նրա կամ այդ օրվա մասին, միայն հստակ հիշում եմ, որ նվերը Փարիզից հատուկ ինձ համար էր գնվել, քանի որ շուն շատ էի սիրում: Սկզբում շատ էի խաղում նրա հետ, մի քանի անգամ նույնիսկ այգի ենք գնացել միասին, բայց ինչքան մեծանում էի, այնքան ավելի քիչ էի խաղում հետը: Ու կամաց-կամաց իմ շունիկը դարձավ պահարանի վրա նստած մի խաղալիք, որը խնամքով պահվում էր, բայց ոչ ոք չէր խաղում նրա հետ: Երբ եկա Հայաստան, որոշեցի այն հետս բերել, չնայած արդեն հին է ու մաշված. չէ՞ որ այն մի լավ հուշ է Անգլիայից ու իմ մանկությունից:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013

Այս թեմայով