15 Ապրիլ 2013, 14:52
2269 |

Աստված պապին՝ տանիքին

Կեղծ ամուսնությամբ Հոլանդիայի հպատակություն ստանալ երազող պուդելն ու արջուկը համոզում էին, որ սովետական տանիքը միանգամայն ապահով է ցած նետվելու համար:

Երբ փոքր էի՝ տանիքներին շատ էի նայում: Իմ մանկությունը մեր բնակարանի պատուհանների մեջ է անցել: Բակը՝ գահավիժող անդունդ էր, ուր ֆուտբոլի գնդակը դեմքին կպնելու հատկություն ուներ, ուր երեխաները ստեղծված էին մյուս երեխաներին ծաղրելու ու ստորացնելու համար: Իսկ պատուհանը պաշտպանում ու իր մեջ տանիքների կարմիրն էր արտացոլում:

- Չարություն չանես, Աստված պապին կպատժի...

Մորս առավել շատ կրկնվող արտահայտութոյւնն էր... Բայց ի՞նչ չարություն ու ի՞նչ Աստված պապի: Որոշ կցկցտուր պատմություններից ինձ համար, մոտավորապես, պարզ դարձավ, որ Աստված Պապին բարի է: Բա ինչո՞ւ կպատժի: Երևի, բակում խաղալու ու լկտի երեխաների հետ ընկերություն անելու համա՞ր... Իսկ ո՞ւր է նա ապրում... Երկնքում... Իմ երեխա խելքով՝ երկինքը մեր դիմացի շենքի տանիքին էր հանգրվանել: Որոշ խորամանկ հետազոտություններից հետո մեկ այլ տարօրինակ փաստի առաջ կանգնեցի. Աստված պապին կամ աներևույթ է, կամ լույս աշխարհ է դուրս գալիս գիշերով՝ իմ քնած ժամանակ: Ինչևէ...

Ի՞նչ էր անում բակ չիջնող, ֆուտբոլից ու պախկվոցիից շան նման վախեցող երեխան: Երբ տանը մենակ էի լինում՝ թագավոր-թագավոր էի խաղում... Մի ուղղանկյուն գարդոն վերցրել, մեջը կլոր կտրել, ինձ օձիք էի շինել: Բա ֆոլգայից մատանիներն ու վզնոցնե՞րը, վայ, վայ, վայ... Ուսերից կախ սավանն էլ իսկական ծիրանի էր: Երբ զուգվում-զարդարվում էի՝ տան մեջ ամեն ինչ սկսում էր խաղալ ու օդում կախվել... Մինչև օդին անցնելն ասեմ, որ դեռ իմ ծննդից շատ առաջ մեր տանը մի վտարանդի գոնդոլ էր հանգրվանել: Հա, հա, իսկական, ճերմակազգեստ ու դեղինագլխարկ նավաստիով, կողքերը՝ առյուծներով, հովանիով ու ոսկեջրած գահով: Իմ Մեծությանը առաջինը էդ նավակն էր արձագանքում. անմիջապես սկսում էր լողալ սովետական իրականության հետքերը կրող բնակարանի պատերի վրա: Նրա կոչին ականջալուր՝ հաստամարմին մոմի վրայի ֆիգուրները մարդանում, ջուր ու հաց բերելու իմ հրամաններն էին կատարում: Բա սովետամետ բազկաթո՞ռը, էդ պահերին ոնց էր վարչակարգն ատելով՝ իմ փոքրիկ հետույքի տակ գահի վերափոխվում:

Մի խոսքով, խաղում էի, մինչև մի անգամ, չգիտես որտեղից, թռած գնդակը պատուհանի ապակին կոտրեց ու իր շախմատանման երախով ծիրանիիս փեշից բռնեց: Գնդակը նոր էր սկսել սավանն ուտել, երբ հնչեց դռան զանգը՝ լույսի մարդու գալուստն ազդարարող կոչնակի նման: ԿԳԲ-ից վախեցող բազկաթոռն ինձ գահընկեց արեց ու հայդե... սենյակի մի անկյունում կուչ եկավ: Գոնդոլն էլ, ալխախոհ օդի պակասից, կախվեց կահույքի մռութից: Միակ իրականը ֆոլգայից զարդերը մնացին: Ու քանի որ իմ շուրջը կատարվածն ինձ համար առավել քան սովորական էր, հենց էդպես էլ, մոռացած հագուկապիս արտառոց լինելու մասին, գնացի դուռը բացելու: Հիշում եմ միայն դռան փեղկի շուրջ շարված երեխաների՝ ձկան յուղով պատված ատամները: Դրանց մեջ էր նաև մեկի Կարաբաս-Բարաբաս մայրը: Նա, իր թավ մորուքը շոյելով, այնքան լայն բացեց բերանը, որ ստամոքսի փոխարեն՝ դիմացի հարևանի տան գլազոկը երևաց: Ինձ տեսավ թե չէ, ասաց.

- Վայ, էս ո՞վ ա... Յախք, ոնց որ Աստծո հավատացյալ լինի...

Աստված բառը լսեցի, միանգամից մորս արտահայտությունը բերանիցս ծիվ անելով, թռավ.

- Աստված պապին կպատժի...

Կարաբաս-Բարաբասը հո չխնդաց. իր ֆրանսիական կոմբինացիաների օժիտն ու 0-6-ի պրավեն մեյդան բերելով՝ մի հատ էլ չարախնդաց.

- Հետամնաց... Բուրժուական մնացուկ ...

Շուն-գնդակը թիկնոցիցս պոկելով՝ դուռը երեսիս շրխկացրին: Լուսամուտի ճաքած ապակու վրա արտացոլված տանիքները հեռացան...

Բա Աստված պապին ինչի՞ իրենց չպատժեց: Էդ օրից Աստծուն գտնելու հույսով էի ճաքճքած տանիքներին նայում: Հոպ-հոպ արևը կտուրներին թառում, իր գործը անում, թաքնվում էր: Լուսինը քաղաքի վրա գրեթե չէր երևում: Երևանը չափից դուրս անտենայոտ էր ու տանիքների որսացանցից վախեցող լուսնյակը համարյա չէր հայտնվում քաղաքի համայնապատկերի վրա:

Առհասարակ Երևանի կտուրները մարդաշատ չէին: Ոչ կատու կար, ոչ ծիտ: Մի շուն կար, ով ինձ ուրախացնելու համար մեկ-մեկ ֆռֆռում էր անտենաների սարդոստայնի մեջ: Դուխիոտ պուդել էր, ոտքերին՝ ճտքավոր կոշիկներ, մազերին էլ միշտ բիգուդիներ էին ամրացված: Հենց էդ շանն էլ հարցրեցի տանիքում ապրող Աստծո մասին:

- Ի՞նչ Աստված,-պուդելի բառապաշարի մեջ հաճախ էին սպրդում ֆրանսամետ բառերը,- տանիքում էդպիսի ա լա ֆրանգի մարդիկ չկան,-հետո էլ, բիգուդիներն արձակելով, մեղավոր հաչեց,- լրիվ մենակ եմ: Քո հպատակներից մեկին ուղարկի, գոնե հետը ֆրանսերեն պարապեմ, բայց, խնդրում եմ, էնպիսի մեկին գործուղի, որ տախտակ չլինի:

Բնականաբար՝ ամենահարմար թեկնածուն Արջուկն էր: Բայց մի շաբաթ էլ գործուղումից չէր անցել, երբ բրդոտը, իմ հարցերի տեղատարափը չլսելու պատրվակով, քիթը վեր տնկեց.

- Ես օտար լեզու սովորե՞մ, թե՞ քո Աստծուն փնտրեմ:

Խեղճ երեխա: Մեջս մի էնպիսի վախ մտավ՝ էլ ասելու չի: Աստված իմ մեջ սկսեց զուգորդվել գլազոկի հետ, որն ամենուր հետևում էր ինձ, ես էլ էդ կլոր ծակի մեջ մի տեսակ դեբիլոտ էի երևում: Սարսափելի էր, բակի մարդ-մուրդի, երեխա-գնդակի, ուրախության ու լույսի մասին խոսելն անիմաստ էր: Ֆոլգայից արդուզարդս ու արքայական ծիրանին բարեգործական նպատակներով սրան-նրան բաժանեցի, գոնդոլը՝ աղբարկղը նետեցի (ի դեպ, դրա համար էլ մայրս իր դարակազմիկ «Աստված կպատժին» ասաց): Բայց ոչինչ չփոխվեց. էդ սարսափելի տանիքի վրայից գլազոկ-աստվածը շարունակում էր հետևել ինձ: Աղաչում էի պատուհաններին սև կտոր քաշել, իզո՜ւր… լույսը չէի վառում, թաքնվում էի՝ ապարդյո՜ւն: Տանիքի մի անտեսանելի անկյունում նստած՝ նա ինձ էր նայում: Նա էր, նա, նա, նա...

Ինչքան էլ՝ կեղծ ամուսնությամբ Հոլանդիայի հպատակություն ստանալ երազող պուդելն ու արջուկը համոզեին, որ այստեղ նման էկզոտիկ էակներ չկան, որ սովետական տանիքը միանգամայն ապահով է ցած նետվելու համար, որ Երևանի լույսը Օպերային թատրոնի վրայից է ծագում, որ որ, որ, միևնույնն է՝ ես շարունակում էի վախենալ ու ընկճվել... Խխունջ էի դարձել, իսկական խխճունջ...

- Աստված պապին կպատժի...

Մայրս մինչև ինձ տնից դուրս բերեց՝ հոգին դուրս եկավ...

Չթողեցի երկրորդ անգամ էդ արտահայտությունն ասի, ոչխարի պես գնացի կողքի հարևանի տուն: Մի անմարդկային ապուշություն: էդ կնիկը ինչքան ֆստխով նուգա ուեր, բերանս մտցրեց: Ծամելուց ու վառող քաղցրությունից ժպտացող դեմքով դեպի լուսամուտը գնացի, որ բերանիս պարունակությունը ցած թափելով՝ փրկվեմ մահից, երբ... Աստված իմ...

Հարևան կնոջ տան պատուհանից բոլորովին ուրիշ տանիք էր երևում: Աստծո կացարանը միանգամայն այլ տեսք ուներ: Պատը ճեղքված էր, արանքից երևում էր խցանված աղբատարը, որի վրայով իմ գոնդոլը, թեթև ու տխուր սահելով, դեպի Արևմուտք էր չվում...

Այս թեմայով