26 Մայիս 2013, 10:57
1794 |

Մեր բակի շիկահեր տիրուհին

«ԵՐԵՎԱՆի» խմբագիր Նե Թադևոսյանը հիշում է իրենց բակի շանը՝ Լեդիին, որի պատմությունն այնքան նման է երևանյան բակերում բնակվող մյուս անտուն շների կյանքին:

Շների փողոցային կյանքի, բարքերի ու օրենքների մասին առաջին անգամ լսեցի ու սկսեցի մտածել, երբ ինձ նվիրեցին «Թաթիկ շնիկի արկածները» պատմվածքը: Դպրոցում նոր էինք ավարտել այբբենարանը, բայց, որպես գերազանցիկ, որոշեցի, որ ճիշտ ժամանակն է սկսել գիրք կարդալ: Տառերը դանդաղ, բայց սահուն իրար կապելով խորասուզվեցի Թաթիկի կյանքի էջերի մեջ: Թաթիկը դարչնագույն, սպիտակ դնչիկով շնիկ էր, որ ծնվել էր 15-րդ հարկի բնակիչ Գագիկենց տանը: Շան բախտը Թաթիկին փափուկ ու տնային կյանքից մի օր գցել էր փողոց, որտեղի վայրի կարգերն ու նոր ընկերները միամիտ ու երազկոտ շնիկին դարձրին օրենքով փողոցի շուն… Փողոցում շրջող յուրաքանչյուր շան մեջ աստիճանաբար սկսեցի Թաթիկին տեսնել: Հետո բակում քարոզներ սկսեցի, որ պետք չէ շներին քարերով լարել, ու երբ նրանք հաչում են՝ ոչ թե բարկանում են, այլ պարզապես հաղորդակցվում են միմյանց հետ: Երբ արդեն ավարտում էի պատմվածքը, որոշեցի, որ պետք է մի հաստափոր տետր վերցնեմ ու սկսեմ վերծանել շների խոսակցությունները՝ մեր բակի Տիկոյին ապացուցելու համար, որ շների պոչերն ու ականջները չարժե կտրել:

Իրավիճակը բոլորովին փոխվեց, երբ մեր բակում հայտվեց Լեդին: Սովորականի նման բակ իջա, բայց անսովոր լռությունն ինձ տարօրինակ թվաց: Մեկ էլ տեսնեմ, որ բոլորը հավաքվել են ավտո դզող-փչող Հենդո ձյաձյայի գառաժի մոտ ու մեկը մյուսին հերթ չտալով, հրմշտելով փորձում են դիպչել շեկ, փափուկ ու պստիկ մեկին: Լեդի՝ այդպես մենք կոչեցինք մեր բակի պահապան տիրուհուն, որ բնավ սովորական շուն չէր, սակայն այդ ժամանակ մենք դեռ չէինք էլ կասկածում, որ նա դառնալու է բոլորիս պարծանքը, մեր բակի խորհրդանիշը, մեզ նեղացնող՝ շենքի հետևի չարաճճի տղաների հետույքը կծողը: Շատ շներ էին անցել մեր բակով, մի քանի օր մնացել ու լքել էին մեզ, բայց Լեդին ուրիշ էր: Մի խոսքով, բակի մեծերի գլխավորությամբ որոշեցինք Լեդիին մեր հայաթի շունը դարձնել: Գրաֆիկ գրեցինք, սոսկա առանք ու հերթով սկսեցինք կերակրել նրան: Լեդին դարձավ Թաթիկի գրքից սովորած իմ հմտությունները կիրառելու լավագույն դաշտը: Քույրս փոքր էր ու հաճախ նրա բաժին կաթից էի թռցնում, որ կերակրենք Լեդիին: Ի դեպ, բակի տիրուհու անունը Լեդի կնքեցինք, քանի որ նա իսկական լեդիին հատուկ քայլվածք, կեցվածք, մազերի գույն, երկար թարթիչների տակից փայլող ու հմայիչ հայացք ուներ: Լեդին արագ էր մեծանում, ու շուտով մեր ինքնաշեն տնակը նրա համար արդեն փոքր էր, և նա տեղափոխվեց թթի ծառի տակ՝ Տիկոյենց բախչա: Առավոտյան այնտեղ հավաքվող մուտքի կանայք մի բաժակ սուրճի շուրջ պարբերաբար Լեդիի մազերի գույնն էին քննարկում ու թե ինչպես անեն, որ այդ գույնն իրենց գլխի վրա ստանան: Բակով էինք հոգ տանում Լեդիի համար, նրա շաբաթվա մենյուն բազմազան էր՝ կախված, թե ում տանն ինչ կավելանար: Այդ տարիներին գիշերները բակերում կրակոցներ էին լսվում, հերթով թաղերով շրջում ու վերացնում էին անտեր շներին: Բայց Լեդին տեր ուներ, մեր բակն էր նրա տերը: Մեծերը որոշեցին գիշերները Լեդիին մուտքում քնելու կացարան տալ, որ մեկի անխնա փամփուշտը մեր բակի տիրուհուն չտանի:

Լեդին առաջին ծեծը կերավ, երբ կծեց քրոջս, բայց խեղճն իրականում մեղավոր չէր: Քնած էր եղել, քույրս էլ որոշել էր, որ նրա բեղերը շատ են ու երկար, սկսել էր էպիլիացիա անել: Լեդին էլ քնից արթնացել ու բռնել էր քրոջս որովայնից: Սակայն շիկահեր գեղեցկուհին իր վատ արարքների մասին ստիպում էր շուտ մոռանալ: Մեր բակը անծանոթները շրջանցում էին, թաղի տղերքը էլ մինչև ուշ գիշեր բակում չէին աղմկում իրենց բլոտային վեճերով՝ Լեդին թույլ չէր տալիս, ստիպված հարևան բակ էին գնում: Բակի տիրուհին մեկ մարդու նման գիտեր ու հիշում էր մեր մուտքի բոլոր բնակիչներին, իսկ մեր մուտքն ուներ 10 բնակարան, յուրաքանչյուրում ապրում էր միջինը հինգ հոգի: Բակում հարևաններից որևէ մեկի խորոված անելու օրերը Լեդիի օրացույցում կարմիրով էին նշվում: Երբեք այդքան ուրախ շուն չեմ տեսել, որքան Լեդին, երբ սկսում էին ցախ կոտրել խորովածի համար, որից նա միշտ ուներ իր բաժինը: Ենթադրում եմ, որ կողքի թաղերում համաշնային աղմուկ էր բարձրացել, որ կա մի բակ, որտեղ շիկահեր գեղեցկուհի է ապրում: Ու շուտով կասկածելի տղա շներ սկսեցին այցելել մեր բակ, Լեդին երկար չընդդիմացավ՝ սեթևեթելով սկսեց ընդունել ու ճանապարհել նրանց: Մի անգամ էլ պապս ասաց. «է՜հ, անբարոյականի մեկն ա, հղի ա արդեն»: Ես երկար մտածեցի այդ խոսքերի շուրջ, բայց ամեն ինչ հասկացա, երբ մի անգամ առավոտյան բակում աղմուկ ընկավ՝ Լեդիի ձագերն են ծնվել: Ով էր հայրը՝ չիմացանք, բայց մեր մուտքի նկուղը դարձավ Լեդիի ու իր նորածին հինգ ձագերի կացարանը: Մինչ մենք մտածում էինք ինչպես վարվել Լեդիի ձագերի հետ, իմացանք, որ ինքն իր բերանով տարել է պստիկներին՝ ինչո՞ւ, որտե՞ղ, ե՞րբ՝ այդպես էլ մութ մնաց բոլորիս համար: Բայց դրանից հետո Լեդին մի տեսակ փոխվեց, ավելի թախծոտ դարձավ: Էլ չէր թռվռում, թթենու տակ չէր դարանակալում կատուներին, հաճախ տխուր ու անհավես պառկում էր մուտքի երկրորդ հարկում, հյուրերի էլ շատ չէր ընդունում: Գարնան հետ Լեդիի տրամադրությունն էլ համեմատաբար բարձրացավ ու աշխուժացավ: Հետո Լեդիի բարի համբավը փոքր-ինչ աղավաղվեց, նրա մոտ սկսեցին ավելի ու ավելի հաճախ անծանոթ արուներ գալ: Լույս աշխարհ եկած բոլոր ձագերի հետ Լեդին նույն կերպ էր վարվում:

Անցան տարիներ, ու Լեդին ծերացավ, արդեն ծանր էր քայլում, չէր արձագանքում ո՛չ ծանոթներին, ո՛չ անծանոթներին: Այն գեղեցկուհուց բան չէր մնացել՝ էլ ոչ կազմվածքն էր տեղը, ոչ մազերն ու թարթիչները: Ասում են՝ Լեդին նկուղում է մահացել, ու մեծահասակները նրան թաղել են: Բայց մեզ ոչ գերեզմանի տեղն ասացին, ոչ էլ մահվան մանրամասները: Մենք նրա մահից հետո դեռ մի քանի ամիս գումար էինք հավաքում, որ թթենու տակ՝ նրա սիրելի բախչայում, ցայտաղբյուր կառուցենք ու վրան գրենք՝ «Մեր Լեդիին», բայց այդպես էլ չստացվեց: Հարևաններից ոմանք տեղափոխվեցին, ոմանք ընկան առօրյա խնդիրների գիրկն ու մոռացան Լեդիի մասին: Երրորդ հարկի Ցոլակն էլ բակում ավտոտնակ կառուցեց, ինչը փոխեց թե՛ մեր բակը, թե՛ դրա տրամադրությունն ու մթնոլորտը: Մի խոսքով, Լեդին իր հետ շատ բան տարավ, մինչև հիմա երբ մոտենում եմ մեր մուտքին, ինձ թվում է հիմա նկուղից դուրս կցատկի ու պոչը թափահարելով, դունչը տնկած ու թարթիչների տակից մի համեղ պատառի սպասող հայացքով վրաս կնայի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2012

Այս թեմայով