17 Ապրիլ 2013, 14:25
1506 |

Մատյան լրագրության. մինչև ատամները բեռնված

Իմ ու այս մեքենայի ընդհանուր ու պատվաբեր աշխատանքի նմանություններն ու տարբերությունները

Այս նկարում ես եմ պատկերված: Մի զարմացեք, մենք իսկապես նույն կարգավիճակում ենք, մեքենան հենց ես եմ: Այո, խոստովանում եմ, ես ոչ գայթակղիչ եմ, ոչ էլ սեքսուալ, փոխարենը չափազանց տքնաջան ու ժրաջան եմ, ընդգծված աշխատասեր ու դիմացկուն: Այս մեքենայի վարորդը նույն իմ ուղեղն է, փորձում է ելքը գտնել, ամեն դեպքում փնտրում է այն ու վերջում հաստատ կգտնի: Շարժիչն իմ էներգիան է, տոկունությունն ու մի քիչ էլ դրայվը: Բեռն էլ այն հանձնարարությունն է, որը դրել են իմ ուսերին: Շրջապատի մեքենաներն իմ գործընկերներն են. որոշները նորեկ են, ոմանք՝ անդարդ ու առանց ավելորդ մտածմունքների, իսկ շատերն աշխատում են լոկ հաճույքի համար, ինչպես այս մեքենաներից ոմանք, վստահ եմ: Դեպի հրապարակ սլանալը նույնպես իմ օպերայից է: Խորհրդանշական է, երկուսս էլ կուրս ենք բռնել դեպի կենտրոն, մեքենան՝ իր համար պատվելի խաչմերուկներում, ես էլ կարևորագույն իրադարձությունների կիզակետում եմ: Հատկապես այս օրերին' Երևանի ավագանու ընտրություն, հեղինակային հաղորդման պատրաստում, իրադարձային նկարահանումներ և սա դեռ ամենը չէ, գումարած օրվա անոնս' բոլոր հաղորդումների հակիրճ ներկայացումն ուղիղ եթերում:

Այս մեքենայի պես կանգնում եմ, հետ ու առաջ անում, մտածում, աշխատանքի հերթականությունը դասավորում, հետո փոփոխում, հարմարեցնում զմիմյանս ու վերջում միևնույն է՝ տեսնում, որ շուրջբոլորս ինչ-որ փայլփլուն լամբորջինիներ են, ես էլ խորհրդային միության առաջին սերնդի մեքենաներից… Բայց մեկ տարբերություն այնուամենայնիվ կա իմ և այս զարհուրելի նկարի միջև: Մասնագիտական տերմինով ասած՝ բեռնատարը ստոպ-կադրում է, նրա անցյալն ու ներկան չեք նկատի, մնում է միայն ենթադրություններ անել՝ թե որ անցյալում բարձել են, ապագայում էլ կբարձվի: Բայց սա միայն ենթադրություն է: Ես ստոպ կադրում երբեք չեմ լինում, ես լծվում եմ գործի, բեռների ծանրության տակ կքում, բայց և արագ ազատվում բոլորից: Եվ այդպես ամեն օր, արդեն որերորդ օրը շարունակ…

Այսօր էլ օրն ավարտվել է, ես արդեն բեռնաթափվել եմ այս մեքենայի պես, երկուսս էլ մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսեր: Ես շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, մունաթի ու սիրալիության համը զգացել հերթական անգամ, նույնն էլ այս անիվներով գոմեշը, որին շատ մեքենաներ ճանապարհ են զիջել՝ զգալով բանող ուժի զորությունը, սակայն շատերն էլ իրենց բազմաձև ազդանշաններով բարջրաձայնել են հարյուրավոր հայոյանքներ: Երկուսիս ուղեղն էլ հոգնել է, պարզապես նրա ուղեղը հիմա քնած է, իմը շարունակում է վերհիշել օրվա քրոնիկոնն ու պատմել վերապրածը, մեքենայի շարժիչը հիմա դադարի վիճակում է, իսկ իմ էներգիան դեռ չի սպառվել, ավելին՝ ջանում եմ մանրադիտակով անցկացնել յուրաքանչյուր դրվագը և հերթական անգամ դասեր քաղել կյանքից: Ու վերջապես մեխանիկական ծանր հրետանին առավոտյան գուցե վարորդին բողոքի' վառելով կարմիր լույսը, անսարք լինի ու համառորեն չշարժվի տեղից, իսկ իմ ուղեղը մեծահոգաբար ինձ կարթացնի ու կուղեկցի աշխատանքի, ոտքերս կրկին կտանեն հրապարակ՝ կրկին այսքան, եթե ոչ ավելի շատ, բեռների տակ կքելու, նրանցով տապակվելու: Սա էլ իմ ու այս մեքենայի ընդհանուր ու պատվաբեր աշխատանքի նմանություններն ու տարբերությունները:

Այս թեմայով