14 Մայիս 2014, 10:19
6480 |

Սպիով դեմքը

Սպիի լույս աշխարհ գալու օրը, որպես կանոն, հիշարժան ու անմոռաց է։ Նախ՝ սպին ֆիզիկական ցավով է դրոշմվում, երկրորդը՝ ստիպում է ամեն անգամ հայելուն նայելիս հիշել պատմությունը։ Սպին նաև ստիպում է ուրիշներին հետաքրքրվել իրենով. «Էս ո՞նց է հայտնվել դեմքիդ։ Վա՜յ, լավ ես պրծել։ Քեզ սազում է, հեչ չնեղվես»։ Սպիներով դեմքեր փնտրելիս պարզվեց, հենց լրագրողների շրջանում շատ են սպի ունեցողները։ Զարմանալու չի. պրպտուն, անհանգիստ, քիթն ամեն տեղ խոթելու բնավորությունը մանկուց է դրսևորվում։ Մեր սպիավոր 5 հերոսներից 4-ը լրագրության ասպարեզից են։

Եգոր Գլումով (հաղորդավար)
Երրորդ դասարանում էի սվորում՝ 8-9 տարեկան. Սիբիրում էինք ապրում։ Հորս ու նրա ընկերների հետ գնացել էինք որսի։ Մեր բնակավայրից շատ հեռու էր։ Ահագին ճանապարհ անցանք ավտոմեքենայով, հետո՝ գետով, մնացածը՝ ոտքով։ Ես միշտ հորս հրացանով էի կրակում։ Այդ օրն ուրիշ զենք էր ձեռքիս։ Ձգանը սեղմեցի, հրահանը թափով հետ եկավ, այտիս մեջ մտավ։ Հայրս բժիշկ է. վերքս արագ մշակեց օղիով, իր ձեռքով կարեց վերքս։ Որսի գնալիս մոտ 7 օր մնում էինք այդտեղ, իմ պատճառով 2, թե 3 օր հետո ստիպված էինք վերադառնալ։ Գնացինք տուն։ Լավ հիշում եմ. մայրս հենց դուռը բացեց, ծնկները թուլացան։ Վերքը շատ խորն էր ու մեծ։ Եղբայրս մի քանի ամսական էր, գրկեցի, ձեռքը պարզեց ու վիրակապի տակից կարերի կեսը քանդեց։ Ես ոչինչ չասացի ծնողներիս, վիրակապն ամրացրի։ Այդպես էլ անցավ-գնաց, բայց սպին մնաց։ Այն ինձ հետ է արդեն 31 տարի։ Երբեք բարդույթ չեմ ունեցել այդ պատճառով, չեմ էլ մտածել իմ սպիից ազատվելու մասին։ Սպին զարդարում է տղամարդուն։


Արմեն Մուրադյան (լրագրող)
11 տարեկան էի։ Ես ու եղբայրս կատուներ ունեինք։ Իմ կատվի անունը Սիդ էր, նրանը՝ Դեյվ։ Իմ Սիդը մի օր բարձրացավ մեր բակի ծառն ու չկարողացավ իջնել։ Եղբայրս սկսեց ծիծաղել նրա վրա։ Պատվի հարց էր, պիտի կատվիս իջեցնեի։ Մինչև ես կբարձրանայի ծառը, Սիդն արդեն իջել էր։ Եղբայրս հիմա էլ ինձ վրա սկսեց ծիծաղել։ Իջնելիս ընկա ծառի տակ. ճակատս կպավ փայտի կտորներին, ու վերք բացվեց։ Տարան հիվանդանոց կարելու։ Բժիշկն ուշադրությունս շեղելու համար հարցեր էր տալիս՝ ո՞ր դասարանում ես, ո՞ր դպրոցում։ Ջղայնացա. «Դու հարցեր մի տուր, գործդ արա, հա՞»։ Էլ չխոսեց, սուսուփուս շարունակեց կարել։ Սպին մնա, բայց չեմ նեղվում դրա ներկայությունից։


Արման Իսրայելյան (ապագա վարսավիր)
14 տարեկան էի, դպրոցի քննություններից հետո էր՝ հունիսի 20-ը։ Ընկերոջս հետ նրանց կրպակում էինք։ Ամանի մեջ բենզին լցրեցի ու վառեցի։ Անկյունում թափանցիկ հեղուկով լցված մի շիշ գտա։ Չգիտեի՝ պարունակությունն ինչ է։ Բացեցի ու լցրեցի կրակի վրա. միանգամից պայթեց ու դեմքս վառեց։ Լավ է, որ ընկերոջս բան չեղավ։ Ուղղակի երեխայական չարաճճիություն էր։ Ամբողջ դեմքս այրվել էր։ 3 տարի է անցել. ահագին անցել են հետքերը։ Այդ դեպքից մեկ ամիս անց արդեն ուզում էի ազատվել սպիից, բայց հետզհետե վարժվեցի դրա գոյությանը։ Արդեն մեկ տարի է, ինչ բոլորովին չեմ մտածում սպիիս մասին։ Աղջիկներն ասում են, որ այն ինձ հմայք է տալիս։ Չեմ մտածում պլաստիկ վիրահատության կամ լազերով այն վերացնելու մասին։ Եթե որոշեմ ազատվել իմ սպիից, ապա 21-22 տարեկանում։


Մարիաննա Գալստյան (լրագրող)
Ճակատիս երկու սպի ունեմ։ Մեկի մասին ծնողներս են պատմել, ես չեմ հիշում. 1 տարեկան եմ եղել, նոր-նոր սովորում էի քայլել: Ճակատով ընկել եմ ուղիղ սեղանի սուր ծայրերի վրա։ Երկրորդ՝ ավելի խորը ու մեծ սպին, ձեռք եմ բերել 5 տարեկանում։ Հարևանի տանը տուն-տունիկ էինք խաղում։ Եղբայրը բարձրացավ՝ խորդանոցի վերին դարակից մուրճն իջեցնելու։ Բարձրացավ ու էլ չկարողացավ իջնել։ Ես ասացի՝ մուրճը գցիր, բռնեմ։ Հաջորդ պահին՝ ուղիղ ճակատիս։ Ես նույնիսկ չլացեցի, բայց մայրս հուզվել էր, իրար անցել։ Թեև վերքը մեծ էր ու խորը, բայց չգնացինք կարելու։ Այդ տարիներին շուլալում էին, չէին կարում. սպին դրանից ավելի արտահայտիչ կլիներ։ Ճակատիս երկու սպի կա, բայց երբեք մազերով չեմ փակել։ Թեև շատ են ասել՝ աղջիկ ես, հազար ու մի միջոց կա սպիներիցդ ազատվելու, բայց ես անդրդվելի եմ։ Մեկը՝ 22, մյուսը՝ 18 տարի ինձ հետ է։


Մարինե Քոչարյան (լրագրող)
5 տարեկան էի. հորս հետ գնացել էինք Մեծամոր։ Լճեր կային, մեջը լիքը գորտեր ու ձկներ։ Երբ մանր քարեր էինք նետում, նրանք դուրս էին թռչում ջրից ու ցատկոտում։ Մի պահ շրջվեցի. մի տղա շիֆերի մեծ կտոր էր ուզում նետել ջուրը։ Այն ուղիղ դեպի ինձ սուրաց ու ճակատս բացեց։ Հաջորդ պահին տեսա, որ քրոջս ճերմակ զգեստն արյան մեջ կորած էր։ Հայրս տարավ Մեծամորի հիվանդանոց. մի զառամյալ բժիշկ կարեց վերքս, ուղղակի շուլալեց։ Ավելի լավ կլիներ, եթե չկարեր։ Երևի վերքս փակվեր, իսկ այս սպին շուլալելու հետևանքն է։ Այնպես եմ սովորել դրա գոյությանը, որ չեմ էլ նկատում այն։

Մինչև 9-10-րդ դասարան մազերով ծածկել եմ. ավելի շատ մայրս էր նեղվում իմ սպիից, քան ես։ Իսկ երբ սկսեցի արդեն ես ընտրել իմ սանրվածքը, սպիս ազատագրեցի։ Այն դիմափոշով թաքցնելու մտադրություն երբեք չեմ ունեցել։ Հեռուստատեսությունում եմ աշխատում ու անգամ կադրում երևալիս չեմ մտածում՝ բա որ սպիս նկատվի՞։ Իմ կենսագրության մի մասնիկն է, թող երևա։

Այս թեմայով