07 Նոյեմբեր 2014, 10:03
885 |

Չգրասենյակ

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ թափ է հավաքում այսպես կոչված «քովորքինգը», երբ մի տարածքում հավաքվում են աշխատասեր, բայց հաստիքային աշխատանք չունեցող մարդիկ: Մի քանի նմանատիպ փորձեր արվել են նաև Երևանում: Վերջիններից մեկը «Ուտոպեանլաբ» տարածքն է: Քովորքինգի մասին պատմում են դրա հիմնադիրն ու անդամներից մեկը:

Վաչագան Ղռաթյան
«Ուտոպեանլաբի» հիմնադիր, ֆրիլանսեր
Երբ
«Քովորքինգ» երևույթն ավելի երիտասարդ է, քան ասենք Ֆեյսբուքը։ Դրա զարգացումը տեղի է ունեցել վերջին մի քանի տարիներին, երբ սկսել են մեծ թիվ կազմել առանց հիմնական գործատուի, համացանցի մի ջոցով աշխատողները։ Հայաստանում առաջին քովորքինգ տարածքը «Քոլաբն» էր, որը բացվեց 2012-ին, բայց ընդամենը մի քանի ամիս դիմացավ ու փակվեց։ «Ուտոպեանլաբը» մոտ կես տարեկան է։ 2013-ի ամռանը երեք հոգով սկսեցինք նախապատրաստվել։ Հետո սկսեցինք վարձով տրվող տարածք որոնել ու վերջապես այս տարվա մարտին բացեցինք դռները։ Երեքս էլ շատ անփորձ էինք ու վատ էինք նախապատրաստված ամեն ինչին։ Բայց և այնպես, այսօր, յոթ ամիս անց, «Ուտոպեանլաբը» դեռ կա և ունի անդամներ, որոնք այստեղ են օրվա մեծ մասը։ «Ուտոպեանլաբը» արդեն նրանց աշխատավայրն է։

Ինչի համար
Պարզ ասած՝ քովորքինգ տարածքը աշխատավայր է ֆրիլանսերների համար։ Գրասենյակ, որտեղ չկա գործատու, դրա համար էլ հաճախ օգտագործում ենք «չգրասենյակ» բառը։ Մնացած առումներով այն որոշակիորեն նման է սովորական գրասենյակին. այսինքն՝ առկա են աշխատանքային մի ջավայրի համար անհրաժեշտ նախապայմանները՝ կահույք, սուրճ, համացանց և այլն։ Բայց քովորքինգը առաջին հերթին ոչ թե տարածք, այլ համայնք է. համագործակցային համայնք։ Դե պատկերացրեք, եթե մի տեղ հավաքված են ֆրիլանսերներ. նրանցից մեկն ափփ է գրում, մեկը դիզայներ է, մյուսը քոնթենթ է գրում, իսկ մեկ ուրիշը մարքեթինգով է զբաղվում, գրեթե անխուսափելի է, որ նրանք չսկսեն համագործակցել ու համատեղ նախագծեր չանեն։

Տարածքը թանկ հաճույք է, բայց կյանքում ամեն ինչ սկսվում է տարածքից։ Տանը կամ սրճարանում աշխատելով հեռուն չես գնա։ Ես դա զգացի մոտ մեկ-երկու տարի տանը աշխատելով. իմ սիրած գործն էի անում, բայց շատ քիչ հաճույք էի ստանում։ Վերջիվերջո հասկացա, որ եթե ցանկանում ես որպես մասնագետ և որպես սոցիալական էակ զարգանալ, քեզ պետք է աշխատավայր։ Ես թողեցի սիրած գործս ու աշխատանքի անցա մի գրասենյակում, որտեղ ոչ այնքան հետաքրքիր գործ էի անում, բայց դրանից ավելի հաճույք էի ստանում։

Հետո պարզվեց, որ անհետաքրքիր աշխատանքին էլ երկար չի լինում դիմանալ։ Մի քանի անգամ աշխատանքս փոխելուց հետո մտածեցի. իսկ ի՞նչ կլինի, եթե ինձ նման, գործատուներից անկախ լինել ցանկացող մարդ-կանց մի խումբ լիներ ու բոլորս միասին աշխատեինք մեր տարածքում։ Առաջին հայացքից ուտոպիա էր թվում։ Բայց հետո իմացա, որ կան նման աշխատավայրեր, ու դրանք «քովորքինգ տարածք» են կոչվում։

Ովքեր
Մեր այցելուները հաճախորդներ չեն, մենք ծառայություն չենք մատուցում։ Ու ոչ էլ վարձակալ են, քանի որ վարձակալն ստանում է տարածք ու բանալի՝ դուռը հետևից կողպելու համար։ Իսկ մեզ մոտ ասում ենք՝ դու մի անում ես համայնքին. տարածքը ընդհանուր է ու օգտագործում ենք բոլորս։ Եթե դու պարզապես ցանկանում ես տարածք վարձել, ապա էլ ին-չո՞ւ է քեզ պետք քովորքինգը։ Մենք նաև չենք ասում, որ այստեղ աշխատելու լավ պայմաններ ենք առաջարկում, ու այստեղ գործերդ լավ կլինեն։ Դա քեզանից է կախված։ Մենք ենք քեզնից սպասում, որ կօգնես համայնքին զարգանալ, որ կգաս գաղափարներով, որ ինչ-որ բան ինքդ կառաջարկես։

Ինչի հաշվին
Շահույթ ոչ ակնկալում ենք, ոչ էլ հույս ունենք։ Անդամավճարները սահմանել ենք այնպես, որ կատարյալ պայմաններում, այսինքն՝ եթե ունենանք գոնե 10 անդամ, հնարավոր լինի դրանցով փակել մեր բոլոր ծախսերը։ Բայց համայնքի անդամների թիվը 5-6 է։ Մենք դեռ էքզիստենցիալ խնդիրներ ենք փորձում լուծել։ Մտածում ենք, թե որտեղից հավելյալ միջոցներ հայթայթենք ծախսերի տակից դուրս գալու համար։ Մի անգամ արդեն գումար ենք հավաքել քրաուդֆանդինգով, հավանաբար շուտով նորից կփորձենք այդ եղանակով աջակցություն ստանալ։

Ովքեր են բացում
Ամստերդամում ես եղել եմ մի քովորքինգ տարածքում, որը յոթ հարկանի շենք էր զբաղեցնում, բայց մեզ մոտ դա այդքան էլ հեշտ իրագործելի չէ։ Հայաստանում երկրի կապիտալի մեծ մասը կենտրոնացած է նրա մի չնչին հատվածում՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում։ Հետևանքն այն է, որ կենտրոնից դուրս որևէ բան սկսելը լուրջ մարտահրավեր է, իսկ կենտրոնում գրասենյակային տարածքների վարձակալության գները գրեթե նույնն են, ինչ Ամստերդամում։ Բայց Ամստերդամում քովորքինգի ամսական անդամակցությունը 200-300 հարյուր եվրո արժի, իսկ դա Հայաստանի համար, ինչպես բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, աստղաբաշխական թիվ է։

Լավ կազմակերպելու դեպքում, քովորքինգ տարածքը մեզ մոտ էլ կարող է շահույթ ապահովել, բայց ոչ այնքան, որ գրավի գործարարներին։ Հետևաբար քովորքինգ տարածք բացելու մասին մտածում են կա՛մ մեզ նման ֆրիլանսերները, կա՛մ այն ձեռնարկությունները, որոնք ունեն ռեսուրսներ և ցանկանում են խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, օրինակ mLab մոբայլ լուծումների լաբորատորիան:

Ինչու են շատ տարածքներ պետք
Շատերն են մեզ մոտ սկսել ֆրիլանս աշխատել՝ համացանցի միջոցով, բայց մեծ մասամբ դա պարզապես փող աշխատելու միջոց է՝ մինչև ավելի հիմն ավոր աշխատանք գտնելը։ Քչերն են գիտակցում, որ կարելի է զարգանալ որպես անկախ մասնագետ և հաջողության հասնել։ Հետո, հայ երիտասարդները սովոր են ծնողների տանը ապրել ու սովոր չեն վարձ մուծել։ Քովորքինգը նրանց հրապուրում է, բայց պատրաստ չեն դրա համար վճարել։ Այդ մտածելակերպը հետզհետե փոխվում է, ուղղակի ժամանակի հարց է։ Ներկա դրությամբ այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են քովորքինգով, հիմն ականում կամ արտերկրից են, կամ ապրել-աշխատել են այնտեղ։ Ու ինձ թվում է նաև, որ կարևոր է ունենալ քաղաքում ոչ թե մեկ կամ երկու, այլ գոնե մի 5-6 քովորքինգ տարածք։ Մարդիկ տարբեր են, ու ամեն մեկը պետք է հնարավորություն ունենա գտնել իրեն քիչ թե շատ համապատասխան միջավայրը։ Հնարավոր չի, որ մեկ քովորքինգ տա-րածքը բավարարի բոլոր ֆրիլանսերների պահանջը։

Ուրիշ ինչ
Երբ բացում էինք «Ուտոպեանլաբը», չգիտեինք «Քովորքինգ Վիզա» միջազգային ցանցի մասին։ Պարզվում է, եթե դու անդամ ես որևէ քովորքինգ տարածքի, որը այդ ցանցի մեջ է, ապա մի քանի օր անվճար կարող ես օգտվել մյուս քովորքինգ տարածքներից։ «Ուտոպեանլաբը» արդեն այդ ցանցի անդամ է, և ես ինքս արդեն հասցրել եմ օգտվել այդ հնարավորությունից Բելգիայում։ Ստացվում է, որ ես ունեմ աշխատավայր ու աշխատակիցներ աշխարհի հարյուրավոր քաղաքներում։

Ինչ դառնա
Իրականում միայն մեր համայնքը հիմն ականում երկու կարևոր ցանկություն ունի. էքզիստենցիալ խնդիրներ չունենալ և ունենալ մի քիչ ավելի մեծ տարածք։ Մնացած խնդիրները լուծելի են։ Ես ուզում եմ, որ «Ուտոպեանլաբը» մի օր իսկապես լինի իմ երազած աշխատավայրը։ Ուզում եմ, որ այն դառնա այն միջավայրը, որտեղ մարդիկ կիրականացնեն առաջին հայացքից ուտոպիա թվացող իրենց նախագծերը:

Գայանե Աղաբաբյան
«Ռեքվայրդ» հանդեսի հիմնադիր, ֆրիլանսեր, «Ուտոպեանլաբի» անդամ
Սկզբում ինձ «Ուտոպեանլաբում» գրավեց, որ այն մեծ շենքում էր, ու դու կարող էիր մի առանձին սենյակ զբաղեցնել, որ ոչ մեկ քեզ չխանգարեր։ Եթե տանն եմ մնում, չի ստացվում աշխատել, մտածում եմ՝ կարելի է ուտել կամ խմել կամ կարդալ, սերիալը դիտել և այլն։ Բացի դրանից, տանը պիտի նաև տան գործերն անեմ՝ տունը հավաքեմ, ճաշն եփեմ, երկրորդ անգամ եփեմ, աղջիկ եմ, չէ՞։ Իսկ դա ահագին ժամանակ է խլում, ու նաև նշանակում է, որ իմ օրվա ամենաարդյունավետ ժամանակը, որը մինչև ժամը տասներկուսն է, ես արդեն վատնել եմ ու կարող է ընդհանրապես այլևս չկարողանամ աշխատել օրվա ընթացքում։ Իսկ երբ գնում ես ինչ-որ կոնկրետ տեղ «գործի», ճիշտ է, դու ես գլխիդ տերը, բայց դա աշխատանքին ավելի շատ է տրամադրում։

Սկզբում մտածում էի՝ ես իմ գումարը տամ, նստեմ իմ գործն անեմ, իրենք ոնց ուզում են, թող պայմաններ ապահովեն։ Բայց ստացվում է, որ եթե ինչ-որ տեղ գործ ես անում, դու էլ պիտի մասնակցես, քանի որ քեզ էլ պետք է հարմար լինի, քո պահանջներն էլ պետք է հաշվի առնվեն։ Իսկ երբ Վաչագանն այստեղ չի լինում, հիմնականում ես եմ «Ուտոպեանլաբի» գործերն անում, քանի որ ես եմ ամենաշատը այնտեղ լինում։ Կամ չեմ կարող, անիմաստ է հիմն ադիրներից այլ մարդ փնտրել-կանչել, եթե նա այստեղ չէ, իսկ ես այստեղ եմ, ու կարող եմ այդ գործն անել, ինչո՞ւ ես չանեմ։ Բայց ամենակարևոր մոտիվացիան այն է, որ գիտակցում եմ, որ այսպիսի տեղ պետք է լինի մեր քաղաքում, ու ինձ շատ է օգնում։ Նախկինում ես տարուց ավելի տարբեր քովորքինգ տարածքներում եմ աշխատել, ու ինձ պետք է այդպիսի տարածք։ Եթե այսպիսի տարածք չլիներ, պետք է ընկնեի այլ մարդկանց գտնեի, միասին տուն վարձեինք, որ այնտեղ աշխատենք։ Իսկ այսպիսի տարածք եթե կա, այլևս տուն փնտրելու կարիք չի լինում։

Ինձ համար ֆրիլանս անելը միշտ ավելի բարձր գագաթ էր, քան ինչ-որ մեկի վրա աշխատելը։ Իհարկե, այստեղ էլ կա պատասխանատվություն, բայց ազատությունն էլ անհամեմատ մեծ է։ Այդպես չի լինում, որ պարզապես այնքան գործ «բարդեն» քո վրա, որ հազիվ տակից դուրս գաս, քանի որ մեկ է քեզ իրենց ամսական աշխատավարձն են տալիս։ Ինքդ ես որոշում քո ծանրաբեռնվածության չափը։

Թոշակի մասին են շատերն մտածում, որը հայտնի չէ կլինի թե չէ, և եթե լինի ապա ինչ չափի։ Ու չգիտեմ, արդյոք արժի՞ այդ անհայտ թոշակի հույսն ունենալով ֆրիլանս չանել։
Նախկին տարածքը մեծ էր շատ, չորս հարկ էր ու շատ հարմար էր, որոշակի ճկունություն էր տալիս։ Ձմեռը աշխատում էինք վերևի հարկերում, քանի որ այնտեղ ավելի հեշտ էր տաքացնել, իսկ ներքև իջանք ամռանը՝ առաջին հարկերում հավես հով էր։ Բավական էր դուռը բացել, ու թթվածին կար, և օդն էր խաղում։ Ափսոս, որ սնվելու տեղ չկար մոտակայքում (չհաշված կասկածելի որակի շաուրմանոցը), և խանութներն էին շատ հեռու։ Հիմա, նոր տեղում, ամեն ինչ ձեռքի տակ է, և խանութներ, և լավ սնվելու տեղեր կան։ Բացի դրանից, մետրոյին է մոտ, չնայած ես սովորաբար հեծանվով եմ գալիս։ Նախկին տեղը մետրոյից շատ էր հեռու։ Բայց տարածքն այլևս մեծ չէ, երկու սենյակ է։ Եթե անդամները շատանան, երևի ավելի մեծ տարածք կկարողանանք վերցնել։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

Այս թեմայով