13 Մայիս 2013, 14:29
3041 |

Ընկերների քաղաք՝ բաց երկնքի տակ

Հեղինակի ստեղծագործությունները կարելի է կարդալ գրական մամուլում («Բնագիր», «Ինքնագիր», «Գրեթերթ»), ինչպես նաև 2011-ին լույս տեսած նրա անդրանիկ՝ «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուում:

Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից շարժվելու երեք տարբերակ կա: Եթե ուզում ես ինքնահաստատվել՝ ձախ գնա, եթե ուզում ես մարդամեջ մտնել՝ ուղիղ գնա, աջ գնալու դեպքում պարզապես երկարում է ուղիղ գնալու ճանապարհդ:

Սկսել եմ ձախից ու սովորել Երևանի ամենասիրուն դպրոցում. արտաքին գեղեցկությանը չեմ խաբվել ու փորձել եմ ինքնահաստատվել: Ինքնահաստատվում էի դպրոցի հետևում՝ կռիվների ժամանակ, դպրոցի ֆուտբոլի դաշտում՝ ֆուտբոլ խաղալով (երբեմն թաղի տղերքով գնում էինք Այգեստան՝ ինքնահաստատվելու, երբեմն իրենք էին մեզ մոտ գալիս): Ինքնահաստատվում էինք դպրոցի հետևի բակի Սաքո ձյայի «կամպյուտրնոցում»՝ «Սոնիով» ֆուտբոլ խաղալով: Խփում էի, թքում էի ինձնից մեծերի, տարեկիցներիս վրա ու փախչում, հետո բռնում էին, գլուխս ջարդում՝ ինքնահաստատմանս անցած ամբողջ ճանապարհը ջուրը գցում, ինչի հետևանքով շարժվում էի ավելի ձախ՝ Սարի թաղից իջնում Մետաքս, Նար-Դոս, Գնունի, Կրիվոյ: Ու արդեն Գնունու 50/50 ֆուտբոլի դաշտում էի ինձ գտնում, Մետաքսի Գարիկնոց «կամպյուտրնոցում» ցույց տալիս ֆուտբոլային գիտելիքներս, սովորում էի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «լավ անելը լավ տղու համար ապռավդանի չի», «երդումից թռնողը սրբություն չի հարգում», «քնաք, զարթնաք՝ լավ տղա դառաք», «էրկու օր պիվի չղրգինք՝ առիթավորվաք», «ազիզը քաղցր խոսք ա, քաղցր խոսքից աբխադի՞տ ես ըլնում»: Ամառային արձակուրդներից հետո այդ հասկացությունները կիրառում էի դպրոցի բակում ու միառժամանակ դիրքս հաստատում, մինչև այդ ամենը ինձ վրա էին կիրառում ու դիրքս նորից գցում: Այն աստիճան գցում, որ ստիպված դպրոցն էի փոխում ու սկսում հաստատվել ավելի քաղաքակիրթ վայրերում՝ Սահմանադրական դատարանի հետևում կամ Թամանյանի արձանի դիմաց: Ուրեմն, Սահմանադրականի շենքի ներսում լուրջ մարդիկ լուրջ խնդիրներ էին քննարկում, իսկ շենքի հետևում՝ է՛լ ավելի լուրջ տղերքն է՛լ ավելի լուրջ հաշիվներ էին պարզում. «Քեզ չէի ասե՞լ՝ հետս կատակ չանես», «Էդքան դառել ե՞ս, որ ինձ խփես», «Էդ աղջկան ես վեց տարի ա ուզում եմ, մինչև ես չմոտենամ, դու որևէ քայլ չանես»:

Քանի որ դպրոցը տեղափոխվել էր Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից ուղիղ տանող ճանապարհի վրա ու, հետևաբար, քաղաքն ավելի էր մեծացել, վերցրի Չարենցի երկու ընկերներիս, ու սկսեցինք այդ ճանապարհով գնալով մտնել մարդամեջ: «Սոնին» փոխարինվեց անհատական համակարգչով, ֆուտբոլը՝ մեդալով, բայց երկար չտևեց, մինչև անհատական համակարգչի ֆուտբոլի բացահայտումը: Խաղակումբներն արդեն կախված չէին այն բանից, թե ո՞ր բակերում ես զվռնում ամբողջ օրը, այլ թե՝ որտե՞ղ է շատ մարդ հաճախում, ու ո՞ր տեղերում են համակարգիչները նորմալ աշխատում: Խաղացինք «Արենայում»՝ Խանջյանի վրա, «Լիբերթիում»՝ նախկին ՀՀՇ-ի շենքում, «Մաքս Փաուերում»՝ «Սիլ փլազայի» շենքում, հետո մյուս «Մաքս Փաուերում»՝ Աստաֆյանի շենքում: Այդպես՝ այնքան, մինչև ընկերս ծրագրավորման ընկերություն հիմնեց, ու արդեն խաղում էինք մամուլի շենքում:

Խաղակումբներից վերադառնալիս պարտադիր անցնում էինք Բայրոն փողոցով, որտեղ սիրած աղջիկ ունեի: Այնտեղ երեքով պարտադիր պիտի գայլի պես ոռնայինք՝ աու՜: Դրանից հետո մեզնից մեկը երդվում էր, որ մինչև Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկը պիտի վազենք: Վազում, հասնում էինք, բայց շարունակում էինք վազել, որպեսզի երդվողին բռնենք, ծեծենք: Եթե ցերեկն էինք ճամփա ընկնում խաղատներ, անպայման անցնում էինք Տերյան փողոցի շորերի խանութներից մեկի մոտով, որովհետև այնտեղի աշխատակցուհիներից մեկը երկար ոտքեր ուներ, կարճ շրջազգեստ, շեկ երկար մազեր ու պաստառային դեմք (ֆոտոշոփ արված): Գլուխներս ձախ թեքած, բերաններս բաց քայլում, անցնում էինք խանութի կողքով, հետո շրջվում ու ևս մեկ անգամ անցնում՝ արդեն գլուխներս աջ, այդպես՝ մի քանի անգամ, ու նրան անհասանելի լինելու զգացումով լծված, շարունակում ճամփան:

Չարենցի երեք ընկերներից մի օր պիտի մնայինք երկուսով: Դոդոն վերջին անգամ՝ հարբած, հոծ գծով պիտի քայլեր խաչմերուկից ձախ՝ իրենց տուն, ու գնար Ուկրաինա: Մի քանի տարի հետո, երբ մի ամսով հետ վերադառնար, ինձ ու Դավոյին չէր ընկերակցելու «աու՜» գոռալիս, ու «աու՜»-ն հետզհետե անցնելու էր պատանեկության արխիվ: Չնայած, նրա մեկնելու մեջ դրական կողմ էլ կար, Դոդոն համակարգչով ֆուտբոլ չէր խաղում, ես ու Դավիթը կարող էինք մեր ուզածի չափ ֆուտբոլ խաղալ ու չլսել Դոդոյի աղաչանքները՝ «լավ էլի տղերք, դուրս էկեք՝ ուրիշ խաղ խաղանք»:

Ամեն անգամ խաղակումբից դուրս գալուց, Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկ վերադառնալիս, հաղթած ընկերը ձեռ էր առնում պարտվածին. «Խաղալ չսովորար, էլի», պարտվածը՝ ներվայնանում. «Բախտդ բերեց, էլի, կլավիատուրան լավ չէր աշխատում», «Հազիվ էլ պենալներով կրես»: Հաճախ ես էի հաղթում, մինչև չգնացի երկու տարի ընդմիջման, հետ եկա ու սկսեցի պարտվել: Բայց հետ գալու ճամփին ոչ թե լսում էի Դավիթի կծու կատակները, այլ այն, թե ինչքան ուրախ է, որ ես վերադարձել եմ ծառայությունից, որովհետև հիմա մենակ չի քայլում դեպի տուն:

Կանցնի ժամանակ, ու ես կհասկանամ Դավիթի տխրությունը՝ իմ բացակայության ժամանակ: Երբ հերթական անգամ դուրս գանք բակի պատի վրա ծխելու, պիտի ասի՝ գնում ենք Հայաստանից: Ու ես պիտի հարմարվեմ, որ Չարենց փողոցում ապրող երեք ընկերներից մենակ ես եմ մնալու Երևանում ու՝ մարդամեջ դուրս գալուց հետո, չնայած փորձելու եմ մյուս ընկերներիս համոզել, որ ինձ ճանապարհեն, բայց մեկ է՝ մենակ եմ տուն վերադառնալու: Գնացած ընկերը Երիտասարդական պալատի պես է. նայում ես՝ պիտի, որ տեղում լինի, բայց չկա:

Պարզ է արդեն, որ Երևանը ոչ թե ինքնահաստատվելու կամ մարդամեջ մտնելու կամ բաց երկնքի տակ վարդագույն, այլ ընկերների քաղաք է: Ու նրանցից շատերը թեև հեռանում են, բայց եթե նորերը չհայտնվեն, չես կարող ո՛չ ինքնահաստատվել, ո՛չ մարդամեջ մտնել, ո՛չ էլ սիրածիդ պատշգամբի տակ սերենադ կազմակերպել: Երևի Արգիշտին էլ Էրեբունին կառուցելիս կատակներ էր անում ընկերների հետ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2012

Այս թեմայով