05 Մայիս 2013, 13:02
4289 |

Ստորգետնյա իրականություն

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումը դատարկվեց` այստեղ այլևս չի գործում գրքի շուկան, հեռացել են նաև առևտրի կենտրոնի վաճառողները: Պատճառը` անցումը պատրաստում են հիմնովին վերանորոգել: Քանի դեռ պարզվում է այս տարածքի ապագան, մենք որոշեցինք հիշել դրա անցյալը:

Ամեն ինչ՝ մեկ տեղում

1980-ականներին Երևանում մեծ թափով սկսեց զարգանալ քաղաքաշինության կարևոր մի ճյուղ՝ ստորգետնյա ուրբանիզացիան: Առաջին օրինակներից մեկը Բժշկական համալսարանին հարակից գետնանցումն էր: Վերջինիս նախագծի հեղինակները ճարտարապետներն էին Էդուարդ և Սուլթանիկ Արևշատյանները: «Բժշկականի անցումի կառուցումից հետո՝ 1981-ին, «Երևաննախագիծ» ինստիտուտը մեզ պատվիրեց զբաղվել նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարակից գետնանցման նախագծմամբ, — պատմում է տիկին Սուլթանիկը, — Առևտրի կենտրոնով գետնանցումների այդ համալիրը իրականացվեց Երևան քաղաքի բազմամարդ կենտրոնական հատվածում՝ Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցների և օղակաձև այգու հատման կետում: Մի քանի գետնանցումների մոտ դասավորությունը մեզ թելադրեց միասնական ուրբանիզացված ստորգետնյա միջավայրի ստեղծման գաղափարը՝ դրա տարածքում տեղակայելով առևտրի, հանրային սննդի, կենցաղամշակութային, համաքաղաքային նշանակության կետեր»:

180 մ երկարությամբ և 30 մ լայնությամբ տարածքի ընդհանուր ծավալը կազմեց 29 625 մ³, օգտակար մակերեսը՝ 6660 մ², իսկ առևտրային մակերեսը՝ 3010 մ²: Բացումը տեղի ունեցավ 1985-ի հոկտեմբերին: Այդուհետ գետնանցումով անցնողները, չշեղվելով իրենց երթուղուց, կարող էին օգտվել ունիվերմագի, ունիվերսամի, բար-սրճարանի ու ծաղկի խանութի ծառայություններից, ներքաղաքային ու միջքաղաքային հեռախոսակապի կետից ու «Աերոֆլոտի» դրամարկղից, ինչպես նաև «Սոյուզպեչատի» կրպակից և անգամ հասարակական զուգարանից: «Դա քաղաքի առաջին վճարովի զուգարանն էր, որի բոլոր պարագաները արտասահմանյան էին, ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր, ինչը եզակի երևույթ էր այն ժամանակվա Երևա-նում», — նշում է ճարտարապետների որդին՝ արվեստի և մշակույթի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Անդրադառնալով սրճարանին՝ նա շեշտում է, որ դա այն ժամանակների համար բոլորովին նոր տեսակի սրճարան էր՝ ոչ թե չոր ու անհարմար, այլ շատ հարմարավետ կաշվե նստարաններով և կահույքի այլ պարագաներով, հաճելի ժամանակ անցկացնելուն տրամադրող մթնոլորտով: «Մարդիկ շատ հաճախ գալիս էին այստեղ հենց այն պատճառով, որ այդ տարածքում գտնվելիս իրենց բոլորովին նոր միջավայրում էին զգում: Այդ ժամանակ ձևավորվող նոր սոցիալ-քաղաքական և մշակութային կոնտեքստը ազդում էր նաև հասարակության ապրելակերպի վրա, խոսքը հատկապես երիտասարդության մասին է, որը ձգտում էր իրեն ասոցացնել ավելի լիբերալ մշակույթի հետ», — նկատում է մշակութաբանը:

Հունգարական որակ

Ստորգետնյա առևտրի կենտրոնի ընդհանուր ճարտարապետական լուծումը մտածված էր որպես միասնական, թափանցիկ, անընդհատ տարածություն: Դրա շնորհիվ առևտրի կենտրոնը, կարծես ընկղմված լինելով յուրօրինակ ակվարիումի մեջ, շատ լավ դիտվում էր գետնանցումներից օգտվող հետիոտների կողմից: Աբովյան փողոցի թեք դիրքի հաշվին գետնանցումը լուծված է երկու մակարդակներով, ինչն իր հերթին թույլ է տվել ամենաստորին կետում պահեստ տեղակայել, որտեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանությամբ գտնվող մուտքից թեքահարթակով կարող են մտնել ավտոմեքենաները:

Առևտրի կենտրոնի ձևավորման մեջ ինչպես շինարարական, այնպես էլ երեսպատման բազմազան նյութեր են կիրառվել, պատերն ու հատակը երեսպատվել են մարմարով, գրանիտով ու տրավերտինով: Գետնանցումի առաստաղն իրենից ներկայացնում էր կեսոնապատ պլաֆոն՝ ծածկված լուսամփոփների ալյումինե թափանցիկ նախշով: Իսկ առևտրի կենտրոնի, սրճարանի բոլոր պարագաները՝ կահույքը, ցուցափեղկերը, նստարանները, սեղանները Հունգարիայից էին բերվել: Տիկին Սուլթանիկը նշում է, որ այդ ամենն անհնար կլիներ առանց այդ ժամանակվա Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Մուրադ Մուրադյանի աջակցության. «Չտեսնված մարդ է, որպես քաղաքապետ շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ ճարտարապետության, քաղաքի հանդեպ: Նա շատ ոգևորված էր «Երիտասարդականի» գետնանցումի շինարարությամբ: Անձամբ էր ընտրում երեսպատման քարերը, հոգատար և ուշադիր էր ամեն մի մանրուքի հանդեպ»:

Անցումը միատեսակ գրավիչ էր տարվա ցանկացած եղանակին հարմարավետ սրճարանի շնորհիվ, որը շատ արագ դարձավ ուսանողների ժամանցի սիրելի վայրերից մեկը, առևտրի կենտրոնի, որտեղ ապրանքների ամենալայն տեսականին էր ներկայացված՝ ասեղից ու օծանելիքից մինչև տղամարդկանց և կանանց վերնահագուստ: Գումարած դրան ունիվերսամի բազմազան սննդամթերքը, ինչպես նաև ճանապարհին թարմ թերթ կամ ավիատոմս գնելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է գրքավաճառներին, ապա, Ռուբեն Արևշատյանի խոսքով, նրանք աստիճանաբար հայտնվեցին գետնանցումում: «Նրանց տաղավարները հետզհետե գետնանցման անբաժան մասը դարձան, կառույցի բնույթն ինքնին արդեն տրամադրում էր», — նշում է մշակութաբանը:

Այլընտրանք գրախանութներին

1975-ից 1985 թվականը Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մուրադ Մուրադյանի հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ էր, որ գետնանցումն իրականություն դարձավ: «Երևանցիները շատ ոգևորված էին, ութ ելքերով գետնանցումը զգալիորեն հեշտացրեց մարդկանց տեղաշարժն այդ բանուկ տարածքում», — հիշում է նա: Անդրադառնալով գրքավաճառներին՝ Մուրադյանը պատմում է, որ սկզբում Երևանում շատ մեծ թվով գրախանութներ կային և այլ վայրերից գիրք գնելու անհրաժեշտություն չէր առաջանում: «Բայց երբ դրանց թիվը սկսեց նվազել, գրքեր սկսեցին վաճառել գետնանցումում: Դա, իհարկե, բացասական երևույթ չէր, բայց չենք կարող չփաստել, որ գետնանցման ընդհանուր կառուցվածքը այլևս նախկին տեսքը չուներ», — կարծում է Մուրադյանը:

Չկայացած լայնացում

Գուրգեն Մուշեղյանը, որը 1982-1990 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետն էր, նշում է, որ «Երիտասարդականի» անցումը մի ամբողջ քաղաքաշինական ծրագիր էր, ճարտարապետական քաղաքականություն էր՝ ուղղված մարդկանց տեղաշարժի, անընդհատ հոսքի հեշտացմանն ու նոր ազատ տարածքների ստեղծմանը: «Բնակելի թաղամասերի և մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողքին՝ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ առևտրի կենտրոնի ստեղծումը թույլ տվեց ոչ միայն հարմարավետ հետիոտնային կապ ստեղծել բնակելի թաղամասերի և տրանսպորտային հանգույցների հետ, այլև հատուցել քաղաքի պլանի կենտրոնական հատվածում առևտրի կետերի և ազատ տարածքների պակասը:

Խորհրդային Միությունում նման մասշտաբի և որակի առաջին ստորգետնյա քաղաքաշինության կառույցներից մեկը 1986-ին ԽՍՀՄ տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ ճանաչվեց, իսկ 1987-ին արժանացավ Սոֆիայի ճարտարապետական միջազգային բիենալեի մրցանակին:

Գետնանցումը ստորգետնյա ուրբանիզացիայի լավագույն օբյեկտներից մեկն է համարվում Երևանում: Դրա հարմարավետության ավելացմանը պետք է նպաստեր նաև հետագա ընդլայնումը: Ծրագրվում էր այն մի կողմից կապել Բժշկական համալսարանին կից Աբովյան–Կորյուն խաչմերուկների գետնանցմանը, մյուս կողմից' մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի, իսկ ներքևում՝ Աբովյան—Սայաթ-Նովա խաչմերուկի հետ, որպեսզի մարդկանց տեղաշարժն ավելի արդյունավետ լիներ և ժամանակի առումով' ոչ ծախսատար: Բայց վրա հասած «պերեստրոյկան» իր հետ բերեց շատ մեծ ու բարդ խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական, ինչը անհնար դարձրեց նախատեսված ընդլայնումների իրականացումը:

Անհայտ ապագա

Այսօր գետնանցումը ամբողջովին դատարկվել է. այնտեղ բարեկարգում և նորոգում է նախատեսվում: Թե ինչ նորոգման մասին է խոսքը, դեռևս հստակ չէ, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեփականաշնորհված է միայն առևտրի կենտրոնը: Բայց տարածքը ազատել են նաև գրքավաճառները: Նրանք, հավանաբար, կտեղափոխվեն նախկին ձկան խանութին կից գետնանցումը, որը հայտնի է իր կիսալքված վիճակով և, մեղմ ասած, բուրմունքով:
«Ամբողջ խնդիրը նրանում է, որպեսզի գետնանցումը չկորցնի իր առաջնային գործառույթը՝ մարդկանց ազատ տեղաշարժն ու տարածքի ազատությունը», — մտահոգություն է հայտնում նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 4, 2013

Այս թեմայով