22 Հոկտեմբեր 2014, 15:19
2540 |

Երևանի մասին ի՞նչ ունեք

Ավտոբուսային կտրոն, ծրար, «ԵրԱԶի» նշան-հուշանվեր, Չեմպիոնների լիգայի հանդիպման բուկլետ, Շախմատային օլիմպիադայի տոմս, վինիլային սկավառակներ և աշխարհով մեկ սփռված այլ ապրանքներ, որոնք կարելի է գտնել eBay օնլայն խանութում՝ որոնման դաշտում հավաքելով Yerevan բառը:

Մարկ Արյանի վինիլային սկավառակներ
Գինը՝ 30$
Վայրը՝ Ֆրանսիա
Հայտնի ֆրանսահայ երգահանի՝ 1960-ականների 12 մինի սկավառակներից բաղկացած հավաքածուի «կարգավիճակ» դաշտում նշվում է՝ «օգտագործած»: Զարմանալի չէ, քանի որ ֆրանկոֆոն աշխարհում Անրի Մարկարյանը (երգչի իսկական անունը) մեծ հաջողությունների էր հասել: Նրա երգացանկում, ի դեպ, կար «Երևան» ստեղծագործությունը (միակը՝ հայերենով, որը կատարվել էր Խորհրդային Հայաստանում 1968-ին երգչի շրջագայության ժամանակ), բայց ավելի հայտնի է Istambul երգը, որը իսկական հիթ էր Թուրքիայում: Այնքան, որ Արյանը իր մի շարք հայտնի երգեր ձայնագրեց և թողարկեց թուրքերենով:

 


1960-ականների

Erevan զարթուցիչ
Գինը՝ 4,95$
Վայրը՝ Նիդեռլանդներ
Երևանի ժամացույցի գործարանի այժմյան վիճակը բավական տխուր է, մինչդեռ դրա՝ խորհրդային տարիների արտադրանքը արդեն ցանկալի նմուշ է հավաքորդների համար (թեպետ առավել քան համեստ գին ունի): Զարմանալին այն է, որ չնայած ժամացույցի վրայի made in USSR գրության առկայությանը, նմուշի վաճառողը տվյալներում որպես զարթուցիչի արտադրության վայր նշում է Նիդեռլանդները:

 


1996 թվականի Շախմատի օլիմպիադայի տոմս

Գինը՝ 12.50$
Վայրը՝ Երևան
1990-ականների մայրաքաղաքի կյանքում տեղի ունեցած ամենավառ իրադարձություններից մեկի մասին հուշերը կարելի է թարմացնել պահպանված տոմսի շնորհիվ, որը ժամանակին գնվել է 400 դրամով:

 


«ԵրԱԶ 1968» հուշանվեր-նշան

Գինը՝ 49.99$
Վայրը՝ Երևան
«ԵրԱԶի» հետ կապված ամեն բան հետաքրքիր է, իսկ այս նմուշը, ինչպես նշվում է վաճառքի էջում, խիստ դժվար ճարվող է և հայրենական ավտոարդյունաբերության լեգենդի սիրահարներին չպետք է խանգարի 50 դոլարանոց գնացուցակը: Հավաքողներին կարող է հետաքրքրել այն, որ այս նշանը արտադրվել է ոչ թե Երևանում, այլ Ռուսաստանում և «Աշխարհի ավտոմեքենաներ» շարքի մեջ է մտնում:

 


1970-ականների ավտոբուսի կտրոն

Գինը՝ 1.99$
Վայրը՝ Երևան
Չորս տասնամյակից ավելի այս համեստ, թվում էր՝ ոչնչով աչքի չընկնող ավտոբուսային տոմսակը՝ 061967 համարի տակ, սպասում էր, որպեսզի վաճառքի դրվեր eBay-ում: Դե, երևի գնորդ էլ կգտնվի: Մնում է միայն ավելացնել, որ սա այն դեպքերից է, երբ ապրանքի առաքումն ավելի թանկ է նստում (5 դոլար), քան բուն ապրանքը:

 


1930-ականների տաքսու կտրոն

Գինը՝ 6.99$
Վայրը՝ Երևան
Եթե ավտոբուսի կտրոնը ավելի շատ նոստալգիա առաջացնող նմուշ է, ապա սա իսկական արտեֆակտ է և գտածո, այն էլ՝ մատչելի գնով: Ինչպես նշվում է վաճառքի էջում, այս տոմսը (փաստորեն, 30-ականներին տաքսիով երթևեկելու համար տո՞մս էին գնում) նախատեսված է եղել Երևանից Ելենովկա (Սևան քաղաքի նախկին անվանումն է) ուղևորության համար: Հուսանք, որ N22 մեքենան, որը նշված է տոմսի վրա, տեղ է հասել առանց պատահարների:

 


Թխվածքաբլիթի տուփ

Գինը՝ 40$
Վայրը՝ Տալլին, Էստոնիա
Կար ժամանակ, երբ թխվածքաբլիթները վաճառվում էին այնպիսի փաթեթավորմամբ, որ մարդու ձեռքը չգնա այն նետելու: Այս դեպքում էլ կարելի է ասել նույնը՝ 1950-ականներից պահպանված Երևանի հրուշակեղենի գործարանի արտադրած քաղցրավենիքի տուփը՝ քաղաքի մի քանի տեսարժան վայրերի պատկերներով, արժանի է լինելու հնությունների սիրահարների հավաքածուներում:

 

 
Բրոնզե հուշամեդալ Արգիշտի թագավորի պատկերով

Գինը՝ 182$
Վայրը՝ ԱՄՆ
1968-ին, երբ առաջին անգամ մեծ շուքով տոնվեց Էրեբունի-Երևանի 2750-ամյակը, Խորհրդային Միությունում տասնյակ զանազան հուշանվերներ արտադրվեցին, որոնցից շատերը կարելի է գտնել ինչպես eBay-ում, այնպես էլ Երևանի Վերնիսաժում: Դրանց թվում էր նաև այս 57մմ տրամագիծ ունեցող բրոնզե մեդալը: Կարելի է նաև ենթադրել, որ կալիֆոռնիաբնակ վաճառողի առաջարկած գինը մի փոքր (իրականում ՝մոտ տասը անգամ) բարձր է իրական արժեքից:

 


«Հայկական կոնյակ» ծխախոտի պատյան

Գինը՝ 47$
Վայրը՝ Բուլղարիա
Ինչպես մի հակաառողջական երևույթով (ալկոհոլ) կարելի է քողարկել մեկ այլ հակաառողջական երևույթ (ծխելը): Պտտում ես շշի վերևի մասը, ու կոնյակի
շիշը վերածվում է ծխախոտային տարայի: Արտադրության թիվը չի նշվում, բայց կարելի է ենթադրել, որ նմուշը առնվազն երեք տասնամյակի կյանք է արդեն ունեցել:

 


Ծրար՝ Լենինի հրապարակի պատկերով

Գինը՝ 2$
Վայրը՝ Բուլղարիա
Երևանի զանազան տեսարժան վայրերով և հուշարձաններով փոստային ծրարներն ընդհանրապես հաճախ են հանդիպում eBay-ում և հնությունների այլ առցանց խանութներում. Խորհրդային Միությունում նման բրենդինգին լուրջ էին վերաբերում: Այս նմուշը յուրահատուկ է նրանով, որ բավական հին է՝ 1958 թվական, և վրան ունի Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակին նվիրված նամականիշ և կնիք, երկուսն էլ փակցվել են արդեն 1960-ին:

 

 
«Արարատ»-«Բավարիա» հանդիպման բուկլետ

Գինը՝ 16$
Վայրը՝ Մեծ Բրիտանիա
Ինչպես հայտնի է բոլոր հայերին, 1973-ին «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր և հաջորդ տարի ներկայացրեց Խորհրդային Միությունը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի (որ հիմա հայտնի է որպես Չեմպիոնների լիգա) խաղարկությունում: Ու պարտվեց, ինչը նույնպես շատ լավ հայտնի է, խաղարկության ապագա չեմպիոն՝ Մյունխենի «Բավարիային» մեկ քառորդ եզրափակչում: Եվ ահա, գրեթե 40 տարի անց, «Հրազդան» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման տեղեկատվական բուկլետը կարելի է գնել անհայտ բրիտանացի հավաքորդից: Ի դեպ, eBay-ում կարելի է գնել նաև նույն
մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի՝ «Արարատի» 1/16 եզրափակչի՝ շվեյցարական «Գրասհոպերի» հետ երևանյան հանդիպման բուկլետը՝ անհավանական 470$ արժողությամբ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 10, 2014

For the English version of this article, please click here.

Այս թեմայով