21 Հոկտեմբեր 2014, 10:18
3959 |

Էքզիստենցիալիզմի, խորհրդավոր հաճախորդների ու լոլիկով ձվածեղի մասին

Մարդը դատապատրված է լինել ազատ։ Վերափոխելով Ժան-Պոլ Սարտրի այս խոսքը՝ «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանի» հեղինակներից մեկը՝ Նարեկ Բախտամյանը, ստեղծում է մի միջավայր, որն ամբողջովին կենտրոնացած է անհատի շուրջ։

Ինչո՞ւ է սրճարանն անվանվում էքզիստենցիալ։
- Սրճարանը հիմնվում է էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարի վրա՝ մարդուն առանձնացնել սոցիումից ու ընկալել նրան որպես անհատ։ Մենք չենք փորձում մարդուն դարձնել հասարակության մի մասնիկ, այլ ուսումնասիրում ենք նրա առանձին հատկանիշները, թույլ ենք տալիս արտահայտվել։ «Էքզիստենցիալ» բառն այս պարագայում կոչված է ցույց տալու մի երեւույթ, որ կանգնած է «փաբի» ու «արտ-սրճարանի» միջեւ. մենք տրամադրում ենք տարածք, ուր հյուրերը կարող են խմել, գոռգոռալ ու զվարճանալ։ Միեւնույն ժամանակ համադրում ենք այն արտ-սրճարանի կոնցեպտի հետ, տրամադրում վայր, ուր մարդը խորհում է կյանքի իմաստի ու իր էության մասին։

Դուք օգնում ե՞ք մարդկանց գտնել կյանքի իմաստը։
- Ոչ, յուրաքանչյուրս իր մեջ պետք է փնտրի այն, այլ ոչ թե շրջապատի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, գոյության իմաստը գտնելն օգտակար զբաղմունք է, արժէ աշխատել այդ ուղղությամբ։

Փաստորեն, դու ստեղծում ես մտածող մարդկանց համայնք։
- Չէ, ընդհակառակը, փորձում ենք մեր սրճարանում հեռու մնալ համայնքի ու, առհասարակ, խմբային գաղափարախոսությունից։ Մենք ստեղծում ենք անհատների հավաք, որոնք կարիք չունեն միավորվելու նույն գաղափարների շուրջ։ Սրճարանը բաց է թանկ բրենդային հագուստով կանանց, ուսանողուհիների, թզբեհը ձեռքին ճիշտ գաղափարներով տղաների ու լռակյաց ծրագրավորողի առջև։ Ժան-Պոլ անունն էլ պետք չէ այդքան բառացի ընդունել, որպես հենց Սարտրի ամբողջ էության փոխանցում։ Սրճարանի յուրաքանչյուր այցելու ունի իր Ժան-Պոլը։ Այդ մարդն իրականում վերացական կերպար է։ Օրինակ իմ Ժան-Պոլը բերետով է, բարակ բեղիկներով, ու գրեթե ամեն երեկո գալիս է սրճարան։

Ու ունի՞ իր սիրելի սեղանը։
- Դա ձեւականությունների շարքից է, բրենդի ստեղծման մեխանիզմ. այսինչը սիրում էր հենց այս սեղանի մոտ խմել հենց այս բաղադրատոմսով պատրաստած կոկտեյլը։ Չէ, Ժան-Պոլը գալիս է ու նստում է որտեղ պատահի, որտեղ ազատ տեղ կա։ Իսկ եթե չկա, գնում է ու վերադառնում ավելի ուշ, կամ նստում աստիճաններին։ Նա զուրկ է ավելորդ ձեւականություններից։

Կիրակի երեկոյան Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանում հնչում էր Միք Ջագեր, մի անկյունում սրճարանի հեղինակը փորձում էր նոր ժամանած գինիները, որոնք շուտով կարող է ներառվեն ճաշացանկում, հյուրերից մեկն էլ առաջարկում էր իր տատիկի տան բազկաթոռները, որոնք շատ կսազեն միջավայրին։

Ամբողջովին օգտագործված կահույք է, քանի որ փող չունե՞ս նորը գնելու։
- Եթե ես այսօր կահավորեմ տարածքը ժամանակակից կահույքով ու դեկորի թանկ մասնիկներով, հետո ստիպված եմ լինելու իմ հաճախորդներից հանել այդ գումարը։ Իսկ նրանք պարտավոր չեն հավելյալ վճարել թանկ ինտերյերի համար։ Մեզ մոտ գները ցածր են, ասում են, նույնիսկ, չափազանց ցածր։ Եկեք, խմեք ու մի մտածեք, որ մի երեկոն սրճարանում ձեզ կարող է զրկել աշխատավարձի զգալի մասից։ Բացի այդ, իմ անձնական կարծիքով, Երեւանը որպես քաղաք ձեւավորվել է 60-70ականներին, երբ մարդիկ հավաքվում էին տներում, զրուցում ու գեներացնում գաղափարներ։ Հիմա ես ուզում եմ վերարտադրել այդ ոգին։

Ժան-Պոլի անձնակազմում չկան պրոֆեսիոնալներ. հավաքվել է լավ մարդկանց թիմ, ինչպես նրանց անվանում է հեղինակը, ովքեր պատրաստ են սովորել, շտկել սխալներն ու հյուրերին պարգեւել հաճելի ժամանց։

Ո՞ւմ հետ եք աշխատում։
- Ես ուզում եմ շրջապատված լինել ոչ թե լավագույն մասնագետներով, այլ ճիշտ մարդկանցով։ Մարդու մեջ կարեւորը սովորելու ու ստեղծելու ցանկությունն է։ Այսօր Ժան-Պոլում հավաքվել են հենց այդպիսի մարդիկ, ովքեր ուզում են ուրախություն պարգեւել։

Սրճարանը հյուրընկալում է այցելուների ամեն օր երեկոյան յոթից մինչեւ…փակումը կախված է օրվա կառուցվածքից ու աստղերի դասավարությունից։ Ըստ Ժան-Պոլի ավանդույթի, այն այցելուները, որոնք կմնան այնտեղ մինչեւ առավոտյան 4:00, հրավիրվում են հեղինակի տուն լոլիկով ձվածեղ ուտելու։

 

For the English version of this article, please click here.

Այս թեմայով