10 Հունիս 2014, 12:15
1696 |

Խառը-մառը սառը բան

Ի՞նչ է անում երևանցին ամռանը` բողոքում է շոգից: Իսկ երբ արթնանում է ամառվա գիշերային քաղաքը` փաբ, սրճարան, ակումբ և սառը կոկտեյլներ: Ամառային կոկտեյլների ցանկը մեծ է, սակայն մեր խնդրանքով Երևանի տարբեր սրճարանների ու փաբերի բարմեններ պատրաստել են ամենահայտնի զովացուցիչ կոկտեյլների հինգ տեսակ ու ընթացքում պատմել դրանց բաղադրության, ծագման և իրենց ստեղծագործական մոտեցումների մասին։

 

Մոխիտո
Կարեն (Կառիչ) Զաքարյան, The Bell Pub
The Bell Pub-ի բարմեն Կարենը պատմում է, որ աշխարհի ամենաշատ վաճառվող կոկտեյլը՝ Մոխիտոն, Երևանում հազար ձևի են պատրաստում, բայց հիմնականում՝ սխալ։ Պատճառը «սփրայթն» է, որը ավելացնում են խմիչքի մեջ։ «Քչերը գիտեն, որ Մոխիտոյին պետք է սովորական սոդայով գազավորված ջուր, որը ցանկացած սուպերմարկետում էլ կարելի է գնել», — պնդում է նա։ Բացի հանքային ջրից, Մոխիտոյին անհրաժեշտ է նաև լայմ, անանուխ, շաքարի օշարակ և ամենակարևորը՝ ռոմ։ Ռոմը թունդ է՝ 40%, բայց մյուս բաղադրիչների հետ կոկտեյլը բավականին թեթև է ստացվում՝ 14-15%։ Կարենն ասում է, որ պատրաստման տեսանկյունից Մոխիտոն համեմատաբար երկար ժամանակ է խլում։ «Որպեսզի շատ երկար-բարակ չտևի, ճիշտը հատուկ դույլով պատրաստելն է՝ միանգամից շատ, այդպես բաղադրիչներն էլ են լավ խառնվում: Մոխիտոն առանձնահատուկ խմիչք է՝ ամեն կոկտեյլի մեջ չի, որ միրգ ու կանաչի կա», — ասում է բարմենը: Ըստ նրա՝ Մոխիտոն կանացի կոկտեյլ է, այդ պատճառով հիմնականում աղջիկներն են պատվիրում։ Համենայն դեպս, Երևանում այդպիսիք նա չի հանդիպել: Իսկ այս կոկտեյլը նախընտրող միակ տղամարդը համաշխարհային մասշտաբով, ըստ Կառիչի, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյն է։ Ի դեպ, Մոխիտոն շատ քավրներ ունի։ Օրինակ՝ ոչ ալկոհոլային, ելակով և այլն: Երևանում միջին գինը այս կոկտեյլի համար 2500 դրամ է։

 

Մարգարիտա
Անդրանիկ Երեմյան, Cactus ռեստորան
Մարգարիտան մեքսիկական կոկտեյլ է, հենց այդ պատճառով էլ թերևս տրամաբանական էր մեր որոշումը' այն փորձելու համար ուղևորվել Երևանի հայտնի մեքսիկական ռեստորան՝ Cactus։

Բարմեն Անդրանիկ Երեմյանը Մարգարիտա պատրաստելու իմ խնդրանքից հետո բացեց ալկոհոլային խմիչքների մենյուն և առաջարկեց ընտրել այս կոկտեյլի ոչ ավելի, ոչ պակաս' 16 տեսակներից մեկը։ Իհարկե, դասական տարբերակն այս ֆոնին այդքան էլ հետաքրքիր չէր։ Փոխարենը Անդրանիկը պատրաստեց ռեստորանի ֆիրմային CactusMargarita-ն՝ այստեղի բարմենների հեղինակային տարբերակը։ Ի տարբերություն դասականի, որը միայն տեկիլա, լայմ ու ցիտրուսային լիկյոր է պարունակում, CactusMargarita-ն շատ ավելի մրգային է՝ ելակ, բանան, մանգո, դեղձ ու ազնվամորի։ Անդրանիկը ասում է, որ սովորական Մարգարիտան նախընտրում են տղամարդիկ, իսկ կանայք գրեթե միշտ քավրներ են պատվիրում։ Մարգարիտան թանկ կոկտեյլ չէ, արժե միջինը 2000-2500 դրամ։ Այդուհանդերձ, ձևափոխված տարբերակներն ավելի թանկ են։

 

Կոսմոպոլիտան
Անդրանիկ Սարգսյան, Speakeasy Cocktail Bar & Grill
Speakeasy-ն Երևանի միակ կոկտեյլ-բարն է, այստեղի Կոսմոպոլիտանն էլ՝ ամենալավերից մեկն է։ Բարմեն Անդրանիկ Սարգսյանը պատմում է, որ Կոսմոյի հեղինակը ստույգ հայտնի չէ։ Ասում են, որ այն հորինել է Ֆլորիդայում աշխատող մի կին բարմեն՝ նկատելով, որ մարդիկ վերմուտ են պատվիրում միայն գեղեցիկ գավաթի համար։ Այդպես Martini-ից խլեցին իր հայտնի բաժակը։ Բայց Կոսմոպոլիտանը հայտնի կոկտեյլ դարձավ շատ ավելի ուշ, «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շնորհիվ։ «Հիմա Կոսմոն երևի ամենականացի ու գլամուր կոկտեյլներից է», — ասում է Անդրանիկը։ Չնայած որ դրա հիմքում ամենևին էլ ոչ կանացի խմիչք է՝ օղի։ Այս կոկտեյլի արժեքը տատանվում է 1800-2000 դրամի սահմաններում:

 

Դայկիրի
Գոռ Մանուկյան, Caffe Pascucci
Հեմինգուեյի սիրելի կոկտեյլներից մեկ ուրիշը՝ Դայկիրին, ավելի շատ տարբերակներ ունի, քան Մոխիտոն ու Մարգարիտան միասին վերցրած։ Ամենաառաջին Դայկիրին պատրաստվել է ռոմից, շաքարից ու լայմի հյութից։ Pascucci սրճարանի բարմեն Գոռ Մանուկյանը կոկտեյլի օրինակի վրա մեզ ցույց տվեց, թե որքան են փոխվել ժամանակները։ Նրա պատրաստած դայկիրին պարունակում էր ելակ, ելակի պյուրե, կիտրոն, կիտրոնի թարմ քամած հյութ, նարնջի կեղև և, վերջապես' ռոմ։ Հեմինգուեյը գուցե նույնիսկ չճանաչեր...

Դայկիրի, ինչպես ամառային այլ կոկտեյլներ, ավելի շատ նախընտրում են կանայք։ Չնայած, ինչպես փաստում է Գոռը, տղամարդիկ էլ հաճախ պատվիրում են դրանից։ Երևանյան բարերում այս կոկտեյլի դասական տարբերակի միջին գինը տատանվում է 1800-2000 դրամի սահմաններում։

 

Լոնգ Այլենդ Այս Թի
Վահե Բարսեղյան, Calumet Ethnic Lounge Bar
Calumet փաբի բարմեն Վահե Բարսեղյանը ասում է, որ Լոնգ Այլենդը ամենախաբուսիկ կոկտեյլներից է։ Բանն այն է, որ այն հորինել են Ամերիկայում՝ «չոր օրենքի» ժամանակ։ «Կոլայի հաշվին այս կոկտեյլը տեսքից սառը թեյի է նման, անունը հենց այդտեղից էլ գալիս է։ Սրճարանում հանգիստ կարող էիր նստել ու ամենաթունդ կոկտեյլներից մեկը խմել՝ ձևացնելով, որ թեյ է։ Ստուգողները բան չէին կասկածում», — բացատրում է Վահեն։ Իսկ Լոնգ Այլենդն իսկապես թունդ է՝ օղի, ջին, տեկիլա, ռոմ, կուանտրո ու մի կաթիլ լիմոնի հյութ։ Խմելիս էլ կոկտեյլը բավականին խաբուսիկ է՝ միայն թվում է, թե Մոխիտոյի նման թեթև է։ «Սովորաբար այն պատվիրում են մարդիկ, ովքեր ուզում են շուտ հարբել կամ էլ տղամարդիկ, որոնք ուզում են շուտ հարբեցնել իրենց կանանց», — ասում է Վահեն։ Լոնգ Այլենդը համեմատած մյուս 4 կոկտեյլների, ավելի թանկ է՝ միջինը 3000 դրամ, բայց և դրա բաղադրությունն է ավելի թանկ՝ կոկտեյլի ծավալի կեսից ավելին ալկոհոլ է։ Ամառը նոր է սկսվում, կհասցնեք այս և բազմաթիվ այլ կոկտեյլներ փորձել: Բարեբախտաբար, երևանյան նստավայրերում դրանց հետ որևէ խնդիր չկա:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2013

Այս թեմայով