17 Հոկտեմբեր 2014, 14:00
1429 |

Շինած թողած

Ինչպես հայտնի է, Երևանում սկսվող շինարարությունների և ավարտվող շինարարարությունների թիվը չի համընկնում. լքված կամ շատ դանդաղ ընթացող շինարարությունների պակաս քաղաքում չկա: Շրջեցինք ու ուսումնասիրեցինք դրանցից մի քանիսը:

Թերևս բոլորս էլ Ամիրյան փողոցով անցնելիս՝ հենց սկզբնական հատվածում կիսակառույց մնացած շինության պատճառով ստեղծված նեղ անցումի արդյունքում դիպել ենք պատահական մի անցորդի կամ մոտակայքում կայանած մեքենայի փոշին ենք մաքրել մեր հագուստի վրա: Երևանում կիսակառույց մնացած շենքերի խնդրի առկայութունը ոչ գաղտնիք է, ոչ էլ բացահայտում: Դրա մասին խոսվել է հազար ու մի անգամ: Այդ հարցը միշտ էլ սրտացավ երևանցիների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է: Բայց փողոցի անցումը, միևնույն է, շարունակում է նեղ մնալ: Եվ նման պատկեր՝ տարիներով սառեցված կամ շատ դանդաղ ընթացող շինարարություն և գրեթե անանցանելի փողոց, Երևանում կարելի է տեսնել երկու տասնյակից ավելի վայրերում: Ամենախոցելին, իհարկե, կենտրոնն է, քանի որ շատերի կարծիքով նոր բան կառուցել իմաստ ունի միայն և միայն այնտեղ:

Ամիրյան 2
Ամիրյան 2

Անհայտ ճակատագիր
Ամիրյան 2 հասցեում գտնվող կիսակառույցը շինարարության թույլտվության և մանրամասների վերաբերյալ փակցված որևէ պաստառ չուներ: Պահակից իմացանք, որ արդեն 8 տարի է, ինչ այդտեղ է աշխատում և այդ ընթացքում որևէ շինարարական աշխատանքներ չեն եղել: Բուզանդ 107 հասցեում գտնվող կիսակառույցի մասին ևս անցորդը ոչ մի տրամադրված ինֆորմացիա չէր գտնի։ Հարևանությամբ գտնվող և եզակի մնացած հին երևանյան տներից մեկում բնակվողները հայտնեցին, որ շենքը հենց այդ նույն վիճակում է գտնվում 2007 թվականից ի վեր: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2005-2009 թվականներին քաղաքապետարանն անդրադարձել է երևանյան կիսակառույցների խնդրին: Այնուհետ 2012 թվականից սկսվել են վերոհիշյալ կառույցների սեփականատերերի հետ բանակցությունների գործընթացը, հանձնարարականներ են տրվել Երևանի գլխավոր ճարտարապետին՝ պարբերաբար հանդիպումներ կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ՝ կիսակառույցների հետագա ճակատագիրը քննարկելու համար: 2013-ին այժմյան քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ շինությունների սեփականատերերը երկու ամսվա ընթացքում շինարարության ավարտին հասցնելու ծրագիր պետք է ներկայացնեն: Առայժմ՝ ոչ մի փոփոխություն:

Բուզանդ 101
Բուզանդ 101

Սառեցված կենտրոն
Բավական է բերել մի քանի վառ օրինակ իրավիճակի մասին թեկուզև պատկերացում կազմելու համար: Երբ Երիտասարդական պալատը վաճառեցին, շատ ճարտարապետներ համաձայնեցին, որ կառույցը վթարային է և այն պետք է քանդվի. փոխարենը ինչ-որ համալիր պետք է կառուցվեր: Ըստ «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատիրոջ հետ պայմանավորվածության, դեռևս 2013-ի մարտ ամսին պետք է ներկայացվեր տարածքի համար լրամշակված նախագիծ և ժամանակացույց: Անդրադառնալով «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում գոյություն ունեցող կիսակառույցին, նշվում է, որ կառուցապատողի հետ կապված դատական գործընթացներ կան, որոնք իրենց հերթին խոչընդոտ են ստեղծում կառուցապատողի համար:

Աբովյան 5/5
Աբովյան 5/5

«Մուլտի գրուպին» պատկանող Աբովյան 5/5 հասցեում գտնվող կիսակառույցի հետ կապված դեռևս 2012 թվականին նախատեսվում էր քննարկում կազմակերպել ճարտարապետների միությունում՝ որևէ նոր լուծում առաջարկելու հույսով: Ինչ վերաբերում է բազմատանջ, դեռևս 1995 թվականին մասնավորեցված, ապա 2004-ին քանդված «Սևան» հյուրանոցին (որի համար 2007 թվականին մրցութային կարգով նախագծեր են առաջարկվել, այնուհետև 2011 թվականին նորից քաղաքապետարանը անդրադարձել է այդ հարցին, որի ժամանակ և բրիտանահայ գործարար-սեփականատեր Վաչե Մանուկյանը ներկայացրել է ինչ-որ ներդրումային ծրագիր) այն ևս շարունակում է մնալ օդից կախված:

«Սեվան» հյուրանոց
«Սեվան» հյուրանոց

Իսկ «Դվին» հյուրանոցի համար, որն առաջին անգամ վաճառվեց 1993 թվականին, ասվում է, որ ՀՀ կառավարության երկարատև բանակցություններից հետո՝ 2013 թվականին գնորդի հետ կնքվել է համաձայնագիր: Ըստ դրա՝ «Դվինը» պետք է տեսքի բերվի մինչև 2016 թվականը: Գնորդի կողմից 2013 թվականի համար ներդրումների ծավալը կազմում է 860 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այժմ էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հավաստմամբ՝ իբր դրական տեղաշարժ կա: Կա ներդրում, հստակ ժամանակացույց, ինչի արդյունքում ենթադրվում է՝ «Դվինը» իր երբեմնի տեսքը կվերականգնի առաջիկա երեք տարում՝ համապատասխանելով նաև այսօրվա պահանջներին:

Բազմաչարչար «Դվին» հյուրանոցը
Բազմաչարչար «Դվին» հյուրանոցը

23-րդ հոդված
Երևանում չպետք է լինեն կիսակառույց մնացած շենքեր: Դա ոչ միայն սրտացավ քաղաքացու ցանկություն է, այլև դրանց առկայությունը հակաօրինական է: Համաձայն ՀՀ քաղաքաշինության մասին ընդունված օրենքի 23-րդ հոդվածի՝ եթե նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին՝ շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով՝ դատարանի սահմանած կարգով և գնով: Թեև օրենքը կա, բայց այդ դեպքում էլ մեկ այլ խնդրի ենք բախվում: Այսպես, եթե անգամ շինարարության թույլտվություն տվող մարմինը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, գործի դնի իր բոլոր իրավունքները՝ դատարանի միջոցով փորձելով վաճառքի հանել կիսակառույց մնացած որևէ շինություն, նոր գնորդ գտնելու հավանականությունը, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէ. հայաստանյան շուկան փոքր է, ուստի լուծման տարբերակներն էլ՝ սահմանափակ:

«Դվինի» հարևա- նությամբ գտնվող կիսակառույցը
«Դվինի» հարևանությամբ գտնվող կիսակառույցը

Կարո՞ղ ենք արդյոք խոսել հավանական լուծումների մասին, որովհետև թեման գլխացավանքի բուն է, լուծում գտնելն էլ՝ ավելի մարազմատիկ: Եվ մինչև նստած սպասում ենք այն հույսով, որ համաշխարհային փորձն ու մոտեցումները կհասնեն նաև Երևան, պետք է հասկանալ, որ պատմությունը ասելիք ունի: Թեմայի վերաբերյալ ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը նկատում է. «Կիսակառույց շենքեր պետք է լինեն. քաղաքը կենդանի օրգանիզմ է, որ անդադար շարժի մեջ է գտնվում։ Իսկ ինչ վերաբերում է տարիներով կիսակառույց մնացած շենքերի խնդրին, դա ոչ այնքան ճարտարապետական, որքան պետական, օրենսդրական և իրավաբանական հարթության հարց է։ Սա կարևոր խնդիր է մեզ համար, «հիվանդը» պետք է ապաքինվի, բայց թե դա ինչ «դեղատոմսով» կլինի, այլ ոլորտի հարց է, ուր բախվում են տարբեր շահեր»։

1992 թվական, Նյու Յորք, Ռոչեստր: 350 սենյակ ունեցեղ Hyatt Regency հյուրանոցը վերջապես բացվեց, թեև հյուրանոցի շենքի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 1983 թվականից, սակայն կասեցվել՝ ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով: Ընդ որում՝ հյուրանոցը բացվեց միայն այն ժամանակ, երբ նյույորքյան խոշորագույն 10 ընկերություն (որոնց թվում՝ Bausch & Lomb, Kodak և Xerox Corporation-
ները) խոշոր ներդրում կատարեցին՝ 47 միլիոն դոլարի չափով: «Ամեն օր՝ պատուհանից դուրս նայելիս տեսնում էի այդ շինության կմախքը, — ասում էր Դենիել Գիլլը՝ Bausch & Lomb ընկերության նախագահը, — օրերը անցնում էին, ես նայում էի պատուհանից դուրս և գնալով ավելի էի սկսում կարևորել քաղաքի այդ բացասական սիմվոլի վերածումը դրականի»: Ծրագրի իրականացման համար մեծ գումար ներդրած խոշոր բիզնես ընկերությունները ակնկալում էին հետ ստանալ գումարի ընդամենը 5-7 տոկոսը: Ասում են՝ պատճառը ամենից առաջ քաղաքացիական շահն էր:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2014

Այս թեմայով