02 Հունիս 2014, 15:45
689 |

Ոչ մանկական խնդիրներ

Երևանյան հունիսի 1-ին երեխաները պաշտպանվում են միջազգային մակարդակով: Մինչ փողոցներով ու արահետներով հորդում է պաղապաղակից էլ քաղցր մանկական ծիծաղը, իսկ բակերը գունավորվում են փուչիկներով, երեխաների մի խումբ իրավապաշտպաններ խմբվել էին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում: Ավանդաբար հունիսի 1-ին Թումո կենտրոնում մեծավարի թեմաներ են արծարծում TEDxKids@Yerevan-ի պատանի բանախոսները:

14 տարեկան դիլիջանցի Էլենը TEDxKids@Yerevan-ի հարթակից բարձրաձայնում է երկրի երևանակենտրոն քաղաքականության մասին: Դիլիջանում ապրող աղջնակին հուզում է՝ ինչու՞ են մեծերն ամեն ինչ կենտրոնացնում մայրաքաղաքում՝ այսպիսով զրկելով մարզերում ապրող երեխաներին հետաքրքիր կյանք ունենալուց: Դիլիջանի Թումո կենտրոնի ուսանողուհին ըմբոստանում է ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու գաղափարի դեմ ու ահազանգում, որ մարզերի իր տարիքակիցները, դեռ դպրոցը չավարտած, արդեն ձգտում են դեպի մայրաքաղաք:

 

Մարզերում ժամանցի խնդիրն առհասարակ այս տարվա միջոցառման մասնակիցներին հուզող հարցերից էր: 16 տարեկան Ջուլիետան Սյունիքի մարզից խնդրի լուծման սեփական բանաձևն է գտել: Հայրենի գյուղի մշակույթի տանը երիտասարդ աղջնակի խնդրանքով գյուղի ղեկավարությունը տրամադրել է սենյակ, որտեղ Ջուլիետան իր համագյուղացիների համար կինոդիտումներ է կազմակերպում: Ցուցադրություններին, ըստ աղջնակի, մասնակցում է գրեթե ամբողջ գյուղը, ինչի շնորհիվ երեկոները համայնքի կյանքում աշխուժություն է մտել: Գյուղապետարանն էլ ի հերթին, նկատելով կինոդիտումների հանդեպ համայնքի հետաքրքրությունը, միջոցներ գտավ մշակույթի տունը վերանորոգելու համար:

 

Սիսիանցի 15 տարեկան Զաբելը բեմից խոսեց ընտանեկան բռնության՝ երեխաների վրա ունեցած հոգեբանական ազդեցության մասին: 15-ամյա աղջնակն իր գյուղում սեփական նախաձեռնությամբ սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզել է, որ ընտանեկան բռնություն է գործադրվում գրեթե բոլոր ընտանիքներում: Աղջնակը համայնքային մեծ քննարկում է կազմակերպել, երեխաներին ու ծնողներին ներկայացրել իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոգեբանական ճնշումներին դեմ արտահայտվեց նաև երևանցի 15-ամյա Դոնարան: Նա ընդդիմանում էր արտաքին տեսքի պատճառով դպրոցներում, փողոցում երեխաներին հոգեբանական ճնշման ենթարկելու երևույթին՝ բուլինգին: Որքան զարմանալի էր աղջկա համար ճնշումներ գործում են ոչ միայն տարիքակիցները, այլև մեծահասակները: Իր շրջապատում Դոնարան հանդիպել է բազմաթիվ երեխաների, որոնք խուսափում են բակում խաղալ կամ առհասարակ հրաժարվում դպրոց հաճախել արտաքին թերությունների պատճառով: 15-ամյա աղջնակը բեմից խիզախորեն ամոթանք տվեց բոլորին, ովքեր մարդուն դատում են արտաքինից ելնելով:

 

Խտրականություններն առհասարակ անընդունելի են երեխաների համար, այդ իսկ պատճառով երևանցի Սեդան խոսում է սեռական խտրականության ու աբորտների մասին: 15-ամյա աղջիկն արցունքներն աչքերին մեծերին փորձում էր բացատրել աբորտների կործանարար ազդեցության ու առհասարակ մարդու կյանքի գերարժեքավորության մասին: Ոչ բոլորը դահլիճում դիմացան մանկական բուռն ռեակցիային:

 

Վրաստանից 16-ամյա Սոսո Մաչիտաձեն անդրադարձել էր սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքներին: Իր դպրոցում Սոսոն ունի նման կարիքներով ընկերներ, ու նկատել էր, որ նրանք հասարակության մեջ լիարժեք ադապտացման խնդիր ունեն: Վրացի պատանու կարծիքով, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում դեռևս առկա են խնդիրներ, որոնք խոչընդոտում են սահմանափակ հնարավորություններով անձանց լիարժեք ինտեգումը հասարակությանը:

 

14-ամյա Ամասիան էլ անդրադարձել էր պատմության մեջ կանանց դերի ու թողած հետքի մասին: Աղջնակին զայրացնում է այն փաստը, որ դասագրքերում կին գիտնականների ու արվեստագետների մասին քիչ տեղեկություններ կան: Ամասյային զայրացնում է, որ իր հասակակից աղջիկները երազում են ամուսանանալու ու տնային տնտեսուհի դառնալու մասին: Խնդրի լուծում, ըստ բանախոսի, պարզ է: Դպրոցական տարիքից պետք է հավուր պատշաճի ներկայացնել պատմության մեջ հետք թողած կանանց՝ այսպիսով ոգևորելով նոր սերնդին կրկնելու նրանց հաջողությունները:

Այս թեմայով