30 Մայիս 2013, 15:03
1854 |

Համացանցի սանձահարումը

Եթե երեխան փորձի մեծահասակների համար նախատեսված բովանդակությամբ ամսագիր գնել, կանխելը հեշտ է. երեխան տարիքը չի կարող թաքցնել լրագրավաճառից։ Հեռուստաընկերությունները նույնպես ուղղորդվում են հատուկ ժամանակացույցով` փոքրերի համար անթույլատրելի հաղորդումները` կեսգիշերից հետո։ Իսկ ինչպե՞ս սանձահարել համացանցը, ինչպե՞ս սահմանափակել երեխայի գործողությունները վիրտուալ տարածքում։

Մանկական հոգեբանները հավաստիացնում են' երեխաներն իրական կյանքում, որպես կանոն, անլիարժեքության բարդույթ ունեն, իսկ վիրտուալ աշխարհում ներկայանում են այնպիսին, ինչպիսին կուզեին լինել' մեծացած ու կայացած։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս երեխաների'սոցիալական ցանցերի նկատմամբ ձգտումն արգելել։ Դա կնշանակի հետ մնալ տարեկիցներից և կհանգեցնի անլիարժեքության մեկ այլ բարդույթի։ Սակայն սահմանափակել երեխայի հետաքրքրությունները պարտադիր է։ Երեխային ուղղորդողը պետք է լինի ծնողը։ Նա պարտավոր է պարզել երեխայի հետաքրքրությունների միտումները, ուղղորդել' որ կայքից ինչ ակնկալել, բացատրել, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել գաղտնի պրպտումները, օնլայն հանդիպումները, անծանոթների հետ վիրտուալ ծանոթությունները։

Հոգեբաններն անընդունելի ու անարդյունավետ են համարում առանց բացատրական աշխատանքի ու զրույցի կամայական արգելումները։ «Արգելված պտուղը քաղցր է» ժողովրդական առածի համաձայն' երեխան իր հետաքրքրասիրությունը կբավարարի դրսում'ծնողներից գաղտնի միանալով համացանցին։ Փորձը ցույց է տալիս, որ բացատրական զրույցները դրական արդյունք են տալիս, իսկ ծնողների կողմից չհիմնավորված «չի կարելին»' հանգեցնում ծանր հետևանքների։ Համացանցի բովանդակային սահմանափակումների համար օգտագործվում են արգելափակող կոդեր, սակայն' ապարդյուն։ Վստահելով երեխային' այնուամենայնիվ, մշտական վերահսկողությունը պարտադիր է։ Ահա մի դեպք. 6 տարեկան տառաճանաչ երեխան ցանկանում է տեղեկություն իմանալ լեգոյի մասին։ «Լեգո» գրելիս մատը «ո»-ի փոխարեն պատահմամբ դիպչում է «ս»-ին, ու էկրանին հայտնվում են գռեհիկ տեսանյութեր։ «Նման դեպքերը շատ են, խուսափելու միակ միջոցը ծնողների վերահսկողությունն է»,- նկատում են ոլորտի մասնագետները։

Ռուսաստանում վտանգավոր բովանդակությամբ կայքերի տարածումը փորձում են կանխել վարչական մեթոդներով։ Ըստ վիճակագրության'կանխարգելող աշխատանքի 2 տոկոսն ուղղված է պոռնոգրաֆիական, 8 տոկոսը' ինքնասպանություն քարոզող, 90-ը'թմրադեղերի հասանելիությունը ցույց տվող կայքերին։ Փաստորեն, այդ երկրում գերխնդիրը թմրադեղերի օգտագործման դեմ պայքարն է։

Մեկ այլ հետազոտություն ԱՄՆ-ում է անցկացվել։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ ծնողների կարծիքով' իրենց երեխաներն ամսական ընդամենը 2-3 ժամ են օգտվում համացանցից, երեխաները խոստովանել են'20-30 ժամ։ Ծնողները հավաստիացրել են' օնլայն շփումներ ունենում են իրենց երեխաների 23 տոկոսը. երեխաներն այլ թիվ են ներկայացրել' 50-60 տոկոս։ «Համացանցով Ձեր երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարվե՞լ է» հարցին «Միգուցե եղել է» պատասխանել է ծնողների 6 տոկոսը, մինչդեռ երեխաների 16 տոկոսը պատասխանել է'«Այո, եղել է»։

Հոգեբանների պատկերացմամբ, մեր ընտանիքներում ավանդապահությունը դեռ պահպանվում է, սերտ է նաև երեխա-ծնող կապը. այդ արժեքների շնորհիվ համացանցի դիվային ազդեցությունները մագիլները դեռ չեն խրել մեր հասարակության մեջ։ Բայց մասնավոր դեպքերից էլ է պետք զգուշանալ, որովհետև հենց դրանք են որոշ ժամանակ անց դառնում համատարած։

Այս թեմայով