31 Մայիս 2014, 15:12
6789 |

Սահմանապահների երազանքները

Երազում են բոլորը, բայց փոքրիկները՝ ամենաշատը: Ու հենց նրանց երազանքներն են ի զորու իրականանալ: Ի՞նչ երազանքներ ունեն սահմանապահ Չինարի գյուղի փոքրիկները, որոնք ապրում են մայրաքաղաքային կյանքից 220 կմ հեռավորության վրա, իսկ հայ-ադրբեջանական սահմանից՝ ընդամենը 3-4 կմ-ի վրա:

Լեռնիկ, 11 տարեկան, բայց, ինչպես ինքն է ասում, 12-ի մեջ
Գնացի հոպարենց տուն ախպորս հեծանիվի ակը փչելու, հոպարի կիթառը տեսա, բայց դե գիտեի, որ չի տա նվագեմ: Ես էլ որոշեցի, որ իմ համար կիթառ սարքեմ, հետո էլ տեսա՝ կիթառ սարքելը ավելի լավ է ստացվում, ու մտածեցի, որ ավելի լավ կլինի դառնամ քանդակագործ, որովհետև ուրիշ փայտի կտորներ գտա ու որոշեցի թենիսի ռակետներ սարքել: Մեկ էլ երազում եմ, որ մեր տանը ու գյուղում վերջապես ոչ մի բանի կարիք չունենանք ու ամեն բռնած գործ լավ լինի:

 


Տիգրան, 12 տարեկան
Իմ անունը դրել են Տիգրան Մեծի պատվին: Գիտես, էն ժամանակ Հայաստանը ծովից ծով էր: Ու ադրբեջանցիք էլ չէին կրակում: Հիմա շատ են կրակում: Ու ես ուզում եմ հարուստ մարդ դառնամ, որ մեր գյուղում բանկ սարքեմ, որ գյուղացիք ամեն անգամ չգնան հասնեն քաղաք: Ու բացի էտ երազում եմ, որ հենց հարստանամ, մեր գյուղի դպրոցի պատերը պիտի վերանորոգեմ ու կրակածների տեղը փակեմ: Մեկ էլ դիմացը մե՜ծ պարիսպ եմ պատրաստելու, որովհետև հենց կրակում են, մենք ցածր դասարանցիներին տանում ենք մեջտեղի դասարանը ու բարձր երաժշտություն միացնում, որ չիմանան հանկարծ կրակոցների մասին:

 


Գոհար, համարյա 10 տարեկան

Մեր անձրևանոցը կախարդական է, հենց վրան ջուր եմ լցնում, միանգամից սկսում են վրան ծաղիկներ աճել, այ, ուզում եմ, որ միշտ տենց ամեն անձրևից հետո ծաղիկներ աճի ամեն տեղ աշխարհում: Մեկ էլ ուզում եմ մեր գյուղի եկեղեցին էլի հետ բերենք մեր պոստերի մոտ: Ուզում եմ լիքը փող ունենամ ու իրա մեջ մեծ զանգ կախեմ, թե չէ հիմա լավ չի, զանգակատան մեջ չղջիկներ են ապրում:

 


Ալիկ, 9 տարեկան

- Ի՞նչ ես ուզում դառնալ:
- Ֆուտբոլի՛ստ:
- Էլ ինչ երազանք ունե՞ս:
- Վարո՛րդ:

 


Սամվելիկ, 6 տարեկան

Զինվոր եմ դառնալու, որոշել եմ: Զինվոր եմ դառնալու ու մեր գյուղում էլ մնամ, որովհետև մեր ընտանիքը 14 հոգանոց է, իրանց չեմ թողի-գնամ: Երազում եմ, որ հարս բերեմ մեր գյուղ, ուրիշ գյուղերից մեր մոտ չեն գալիս, վախում են: Բայց ես մեր տունը կպահեմ:

 


Հակոբ, 8 տարեկան

Մեր հայրենիքի սահմանին ուժեղ տղերք են պետք, դրա համար էլ մտածում եմ կառատեիստ դառնամ: Էն էլ գյուղում, բացի դպրոցից ու գյուղապետարանից, ուրիշ բան չկա, չգիտեմ էլ՝ ինչ անեմ: Դրա համար էլ տանն եմ պարապում:

 


Կամո, 7 տարեկան

Տաքսիստ եմ դառնալու, որ նորմալ փող աշխատեմ: Բայց երազում եմ, որ հենց Տիգրանը հարստանա, գյուղում բացի բանկ կառուցելուց փողոցներն էլ ասֆալտապատի, թե չէ գյուղի մեջ ավտոն հաստատ կփչացնեմ:

 


Սերոժիկ, 8 տարեկան

Երազում եմ բժիշկ դառնալ, էն էլ՝ ռազմական բժիշկ: Մեր գյուղում անպայման պիտի լինի ռազմական բժիշկ, զինվորները մեր համար են կանգնած, իրանց էլ մեկը պիտի լինի օգնող: Չէ, բժշկից ճիշտը չկա:

 


Սևան, 12 տարեկան

Չեմ էլ մտածել՝ ի՞նչ եմ երազում, մի քանի բան է մտքովս անցնում՝ ֆուտբոլիստ, վարորդ, ճանապարհաշինարար, ռեմոնտչիկ, հեծանվորդ, բայց դե երևի… Լավ, լավ, իմացա՝ ուզում եմ բաքսյոր դառնամ: Կուժեղանամ, համ մերոնց կպաշտպանեմ, համ ուրիշներին: Գնամ տուն, տանձիկ սարքեմ, սկսեմ պարապել:

 


Անի, 6 տարեկան

- Ի՞նչ երազանք ունես, ի՞նչ ես ուզում դառնալ:
- Նի զա՜դ էլա (ոչ մի բան):

 


Հայկ, 11 տարեկան

Դարպասապահ եմ ուզում դառնամ, բայց չգիտեմ, որ թիմում եմ ուզում խաղալ: Բայց ավելի լավ երազանք էլ ունեմ, ուզում եմ, որ թուրքերը կամ չկրակեն, կամ էլ, եթե պիտի շարունակեն կրակել, թող ոչնչանան:

Այս թեմայով