18 Հուլիս 2014, 10:54
14017 |

Չինարի. պատմություն մի բեռնատար երազանքի մասին

Իմաստուն գիրքն ասում է՝ խնդրի՛ր և կտրվի: Սահմանամերձ Չինարի գյուղի երեխաները խնդրեցին: Ու նրանց երազանքներն իրականացան: Որովհետև ամեն երազանք վաղ թե ուշ իրականանում է:

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը
Երևանից դեպի սահմանամերձ Չինարի ենք շարժվում համարյա կեսօրին:
- Բա դա ճամփա ընկնելու ժա՞մ ա,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, երբ իմանում է, որ կուշանանք:
- Ինչի՞, կարող է հետ գալուց մթին կրակե՞ն,- հարցնում եմ:
- Ասում ա՝ կրակեն, ուրեմն մենք ստեղ, ինչ-որ մեկը պիտի ռիսկ անի՞ ձեզ կրակի: Արխային եկեք, - ծիծաղելով պատասխանում է գյուղապետը:
Ու սկսվում է 220 կմ երկարությամբ ճանապարհը դեպի Հայաստանի հյուսիս-արևելյան սահման: Ինչպես չինարեցիներն են ասում.
- Ոչ թե Չինարին է Երևանից հեռու, այլ Երևանը՝ Չինարիից, որովհետև այստեղից է սկսվում իսկական Հայաստանը…

Ինչի՞ց է սկսվում հրաշքը
Այս տարի՝ հունիսի 1-ին ընդառաջ Imyeravan.com-ը հրապարակեց սահմանամերձ Չինարիում ապրող 11 երեխայի երազանք: Հայտնի է, որ բոլոր երազանքները վաղ թե ուշ' անպայման իրականանում են: Սրանում պիտի վստահ լինեն հատկապես սահմանապահ երեխաները:
Շաբաթների աշխատանքից հետո Imyerevan.com-ը ձեռք բերեց բոլոր անհրաժեշտ իրերը, վարձեց մի մեծ բեռնատար ու լցրեց այն երեխաների երազանքներով...

Հեծանիվներ, գնդակներ, ֆուտբոլի դարպասներ, բոքսի ձեռնոցներ, կիթառ, կարատեի հագուստ, ներկեր, վրձիններ, գրքեր, տարբեր այլ նվերներ... Մենք ու մի բեռնատար երազանք շարժվեց Չինարի:

Ի՞նչ է վախը
Առաջին կանգառը գյուղի դպրոցն է: Այստեղ պետք է տեղադրվեն ֆուտբոլի դարպասները, ճիշտ այնպես, ինչպես 9 տարեկան Ալիկի ու 11 տարեկան Հայկի երազանքում էր: Ապագա դարպասապահ Հայկն անմիջապես կանգնում է դարպասում, Ալիկը վերցնում է գնդակն ու «ինձ պաս տուր», «էս հաստատ գոլ ա լինելու», «դե, շուտ վազի~»- ներով սկսվում է ֆուտբոլը:
Ֆուտբոլիստներից հարցնում եմ' «հակառակորդի դիրքը ո՞ր կողմում է»:
- Ա~յ էն սարին,- ասում է 12 տարեկան Տիգրանն ու ցույց տալիս մեզ մոտակա բլուրը:
- Եղե՞լ է, որ ֆուտբոլ խաղաք' իրենք կրակեն,- շարունակում եմ:
- Հա բա, մի անգամ հենց ստեղ էր, խաղում էինք, կրակոց եղավ, շուտ վազեցինք տներով,- պատասխանում է:
- Շատ վախեցա՞ք,- հարցնում եմ:
- Չէ հա՜, ուղղակի խաղակեսը կիսատ մնաց…, - ծիծաղելով պատասխանում է Տիգրանը:

Ի՞նչ համ ունի երջանկությունը
Հերթը մյուսների երազանքներինն է' 6 տարեկան զինվոր Սամվելիկին ու Տիգրանին բեռնատարում հեծանիվ է սպասում, 10 տարեկան Գոհարիկին' ներկեր ու վրձիններ, որոնցով, ինչպես ինքն է ասում, «գյուղի եկեղեցու համար մեծ ու գեղեցիկ զանգ կնկարի, մինչև մեծանա ու այդ եկեղեցին դիրքերի տակից ներքև բերի ու վերանորոգի»: Նվեր ունի նաև 8 տարեկան Հակոբը, ինչպես որ երազել էր' կառատեի հագուստ ու արևելյան մարտարվեստների հնարքներ սովորեցնող գիրքը:

7 տարեկան Կամոյին բաժին հասան մեքենաներ ու դրանց մասին պատմող գրքեր, 8 տարեկան Սերոժիկին, ով ապագա ռազմական բժիշկ է' բժշկական պարագաներ: Գյուղում բռնցքամարտիկ էլ կա, 12 տարեկան Սևանն է' ապագա աստղը, նա այսուհետ հատուկ ձեռնոցներով ու տանձիկով կմարզվի: Իսկ փոքրիկ, խարտյաշ Անին, ով ամբողջ ընթացքում վազվզում էր մեր շուրջը, կունենա նոր բատուտ.
- Իսկական իր բանն է' տեղը նստել չունի, միանգամից կթռվռա, էներգիան կհանի,- կատակում են հավաքված ծնողները:
11 տարեկան Լեռնիկն էլ, ով իր համար թղթե կիթառ էր պատրաստել, հիմա ունի իսկականը.
- Մի բան կնվագե՞ս,- խնդրում եմ:
- Դեռ նվագել չգիտեմ է,- ամաչելով պատասխանում է ու միանգամից ավելացնում,- բայց արագ կսովորեմ: Նոր կիթառովս լավ երգեր կսովորեմ, որ նվագեմ, փոքր քուրիկս կրակոցի ձենը չլսի...

Ո՞ւմ ասենք շնորհակալություն
Ժողովուրդն ասում է՝ «մի ձեռքը ծափ չի տա»: Սահմանապահ գյուղի երեխաների երազանքներն իրականացան, որովհետև մեզ մեկնեցին իրենց ձեռքը տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ: Ով ինչով կարող էր, աջակցեց: Առաջինն արձանագրեց Music Land խանութ-սրահը: Տեսնելով փոքրիկ Տիգրանի թղթե կիթառը՝ նրանք առանց երկար-բարակ քննարկումների տրամադրեցին իրենց խանութի լավագույն կիթառներից մեկը: Gold’s Gym մարզասրահի տնօրինությունը, իմանալով մեր նախաձեռնության մասին, հատկացրեց որոշակի գումար, որով գնեցինք հեծանիվները, բատուտը, ֆուտբոլի գնդակները: Artsrom ԲԲԸ-ն ֆուտբոլի դարպասները պատրաստեց նվազագույն գումարով՝ առանց աշխատանքի դիմաց վճարի: 1 print թվային տպագրության սրահը մեքենաների մասին գիրք նվիրեց, «Անտարես» մեդիա հոլդինգն էլ բոլոր տասնմեկ երեխաների համար գրքեր ուղարկեց: «Կանաչ դրախտ» ընկերությունը իրականացրեց ապագա ֆլորիստի երազանքն ու նրան էկզոտիկ բույսեր ուղարկեց, իսկ «Կոկա-կոլա» ընկերությունը երեխաներին նվիրեց կարմիր գույնի սպորտային պայուսակներ:

Մեր նախաձեռնությունը անհաղորդ չթողեց նաև բեռնափոխադրողին: Տեղեկանալով՝ ուր և ինչի համար ենք տանում նվերները, Legara ընկերությունը սիրով համաձայնեց տրանսպորտային ծախսերի կեսը վերցնել իր վրա: Իսկ Հայաստանի Կարատեի ֆեդերացիան, տեղեկանալով սահմապահ կարատեիստի երազանքի մասին, առանց երկմտելու նրան մարզահագուստ նվիրեց, ու նաև կարատեի ուսուցման անվճար դասընթացներ խոստացավ: «Երևան Փորդաքշնս» ընկերությունն էլ վերջերս իր ջանքերով հրապարակված «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գրքի մի քանի օրինակ նվիրեց գյուղի գրադարանին: «Երևան Փորդաքշնսը» երեխաներին ուղարկեց նաև հաջողության հասնելու բանաձևի մասին պատմող  «Մի կերեք զեֆիրը... առայժմ» գրքույկի տասնյակ օրինակներ։ 
Ինչպես միշտ, ժողովուրդն իրավացի է՝ մի ձեռքը ծափ չի տա, բայց գյուղ կանգնի, գերան կկոտրի:

Ո՞ւմն է առաջին կենացը
Նվերները բաժանված են, շնորհակալությունները՝ ասված, բայց Չինարիից առանց հյուրասիրության գնալն անհնար է:
«Ընդունված կարգ է' այս գյուղում առաջինը կենացը խաղաղությանն է ու այն հսկողինը, հետո' այ էս էրեխեքինը»,- ասում է գյուղապետ Սամվել Սաղոյանն ու ցույց տալիս մեզնից ոչ հեռու առանձին սեղանի մոտ հավաքված երեխաներին.

«Ինձ որ հարցնում են'գյուղապետ լինելու մեջ ամենադժվարն ու ամենահաճելին ո՞րն է, ասում եմ' ամենադժվարը, երբ կրակոց ա ու ամեն խփածի հետ սիրտդ կանգնում ա, չգիտես՝ ո՞ւր գնաց, ո՞ւմ կպավ: Իսկ ամենահաճելին, երբ տեսնում եմ իմ գյուղը սենց էրեխեք ունի, ովքեր անկախ էդ գյուլլեքից իրանց հեծանիվներն են քշում ու խաղում: Թուրքին այ էդ ա գժվացնում»,- ասում է Սամվել Սաղոյանն ու բաժակ բարձրացնում:
Այդ ընթացքում տանտերը հանում է ակորդեոնն ու «Զարթիր, լաո»-ի առաջին տողից նրան մեծից փոքր միանում են բոլորը: «Այ սենց էլ երգում ենք գյուլլի տակին: Էս մեր տունն ու հողն ա, ու մենք ստեղից գնացողը չենք»,- երգից հետո ավելացնում է տանտերը:

Ո՞ր երազանքներն են հերթի կանգնած
«Ամբողջ օրը երազանքներից խոսեցինք, դե որ այդպես է գրի' Սամվել Սաղոյան, ուղիղ 55 տարեկան, Չինարիի գյուղապետ: Շատ երազանքներ ունեմ' գյուղի համար կոմբայն եմ ուզում, որ գյուղացիք գործը հեշտ անեն, դպրոցին' վերանորոգում, որ երեխեքս սիրուն ու ապահով դասարաններում դաս անեն, բայց ամենամեծ երազանքը, որ էլ էս գյուղերում կրակոց չլինի: Որ կրակոց չեղավ' ժողովուրդը ստեղծող ա, ամեն երազանք էլ կիրականացնի...»,- գյուղից հեռանալիս ասում է Սամվել Սաղոյանն, ու մենք շարժվում ենք: Իսկական Հայաստանից' Չինարիից, դեպի հեռավոր Երևան...

Այս թեմայով