13 Սեպտեմբեր 2013, 16:29
1694 |

Ֆորմատից դուրս

Ռոքն ու տիկնիկային թատրոնն անհամատեղելի են, բայց ոչ Երևանում: Չգրված օրենք է. հենց այդ բեմում են լինում ռոք-համերգները։ Լավ օրից չի, որ այդպես է. բեմերի պակաս ունենք։ Ռոք-երաժիշտները դրանից չեն նեղվում, ռոք-խմբերը նկուղներում են ծնվում. այդ վայրի համեմատ տիկնիկայինի բեմն արքայություն է։

Այս անգամ խամաճիկների թագավորություն մուտք գործեց «Որդան կարմիրը»։ Խմբի տղաներն իրենց երկրպագուներին ներկայանալու նոր առիթ ունեին՝ առաջին ձայնասկավառակն են թողարկել՝ հին ու նոր երգերով։ Ձայնասկավառակի խորագիրը խորհրդավոր էր՝ A4-ը: Տղաները մեկնաբանեցին. «Առաջարկում ենք ապրել ու մտածել A4-ից դուրս։ Ամեն ինչ կարելի է A4-ի մեջ տեղավորել, բայց ինչպիսի՞ն կլինի կյանքն այդ դեպքում։ Կոտրենք մեր միջի A4-ային կարծրատիպերը։ Ի դեպ, հնարավոր է՝ ռոք սիրողներին ալբոմը դուր չգա, իսկ չսիրողները՝ հավանեն։ Սա էլ է A4-ից դուրս տարբերակ»։

Հարվածային գործիքներ նվագող Պայքար Չախոյանի մորուքին՝ հազիվ թե, բայց երկար մազերին յուրաքանչյուր աղջիկ կնախանձի։ 4 տարի է՝ երկարացնում է. «Չեմ կտրելու։ Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում փարթամ մազերիս։ Ես այսպիսին եմ, ու վերջ։ Սա իմիջ չի, այլ ներքին ցանկություն»։ Բաս-կիթառահար Դավիթ Գալստյանի մազերն էլ են երկար, մորուք էլ ունի, բայց չի բացառում, որ հենց վաղն էլ մազերը կտրի։ Դավիթն էլ այդպես է ձեռնոց նետում A4-ին։ Ասում է, որ առաջ ռոք սիրողներն ակնհայտ տարբերվում էին մյուսներից. ճղած ջինսեր, անսովոր սանրվածք, կեդեր։ Բայց հիմա շատերն են այդպես հագնվում։ «Որդան կարմիրի» երաժիշտները չեն քարոզում ռոք լսել, փոխել երաժշտական կամ մյուս նախասիրությունները. քարոզելն էլ է A4։ Ավելի լավ է՝ամեն ինչ լինի ներքին մղումով, սեփական ճաշակի թելադրանքով ու անհատական ցանկությամբ։

«Որդան կարմիրի» համերգին ու ձայնասկավառակի շնորհանդեսին ամեն անկյունից Վանաձորի ծորուն բարբառն էր լսվում։ Համերկրացիներն էին եկել ոգևորելու վանաձորցի տղաներին։ Վանաձորում ռոքով շատերն են հետաքրքված։ Վոկալիստ Վահան Պողոսյանը բացատրում է. «Վանաձորի լեռներն են պատճառը, ռոք պետք է լեռներում երգել ու նվագել, որ երկաթի պես զրնգա»։ Այս փիլիսոփայությամբ էլ «Որդան կարմիկրը» ծանր, մետալիկ ռոք է մատուցում, որի միջով անցնում է հայկական ֆոլկ երաժշտության կարմիր գիծը։ Ու ոչինչ, որ տիկնիկայինում լեռներ չկան։ Միևնույն է՝ բեմի մթությունը մեկ ժամից ավելի պատառոտեցին լուսարձակների վառ ցոլքերն ու «Որդան կարմիրի» մետաղական ռոքը։

Այս թեմայով